Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ոտնահարվել է սեփականության իրավունքը

Փետրվար 26,2007 00:00

Հողամասը մշակելուց հետո

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Գարիկ Հակոբյանը 1991թ. հողերի սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, գյուղի ճամփեզրից 65 մ հեռավորությամբ, Մարտունի-Վարդենիս ճանապարհի եզրին 0,12 հա հողակտոր է ստացել: Սակայն մինչեւ 1999 թ. ընտանիքով հողամասը մշակելուց հետո, այլեւս անհնար է դառնում այն օգտագործել: 1998 թ. աշնանը համագյուղացիներ Արթուր եւ Հակոբ Հայրապետյանները Գ. Հակոբյանին պատկանող հողակտորի «պռնկին» ավտոցիստեռն են կանգնեցնում եւ սկսում բենզին վաճառել: Հետո էլ այդ նույն հողակտորի վրա, 0,5 մ բարձրությամբ (ճանապարհը հողից նույնչափ բարձր է), ավտոմեքենաներով աղբ ու քարքարոտ հող են լցնում՝ բերրի հողակտորը դարձնելով «խամուխոպան»: Գարիկ Հակոբյանը մի քանի անգամ փորձում է լեզու գտնել եղբայրների հետ, սակայն՝ ապարդյուն: Նրանք համառորեն շարունակում են ուրիշի հաշվին իրենց համար տարածք գրավել եւ, ըստ Արսեն Հակոբյանի, «ցինիկաբար» խորհուրդ են տալիս այդ հարցով դիմել գյուղապետ Միհրան Թամոյանին, քանի որ վերջինիս կարգադրությամբ են իրենք այդ տարածքում բենզինի բիզնես ծավալում: Գարիկ Հակոբյանը ստիպված գրավոր դիմում է գյուղապետին, որը պատասխանում է, թե ինքը 1997 թվականի որոշումով այդ տարածքից Հայրապետյան եղբայրներին 0,2 հա հող է հատկացրել՝ բիզնեսի համար: Գարիկ Հակոբյանը բացահայտ անօրինականությունը կանխելու համար դիմում է Գեղարքունիքի մարզպետին, որը համապատասխան մասնագետներ է ուղարկում Զոլաքար: Մասնագետները տեղում ստուգելով գյուղապետի վավերացրած, գյուղապետարանում առկա սեփականության վերաբերյալ փաստաթղթերը (թիվ 18 որոշում, 22 դեկտեմբերի 1997թ.), պարզում են, որ Արթուր եւ Հակոբ Հայրապետյանները այդ տարածքում հող ունենալ չեն կարող:

Մարզպետը կարգադրում է այդ տարածքն ազատել: Սակայն կարգադրությունը մնում է «օդից կախված», եղբայրներն իրենց գործն էլի շարունակում են՝ հող ու աղբ լցնելով՝ գրավում վիճելի տարածքի ուղիղ կեսը:

Երեկ «Առավոտի» խմբագրություն եկած Գարիկ Հակոբյանի եղբայրը՝ Արսեն Հակոբյանը, պատմում էր, թե ինչպես են եղբայրները մի անգամ հարձակվել իր վրա ու ահաբեկել, երբ ինքը փորձել է աղբից մաքրել եղբորը պատկանող տարածքը:

Ի դեպ, 2001թ. գյուղապետը պաշտոնեական դիրքի չարաշահման պատճառով հեռացվում է աշխատանքից: Սակայն Արթուրն ու Հակոբը այդ հողակտորից մինչ օրս չեն հեռանում: Տուժողը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որից հայցում է իրեն պատկանող հողակտորը, որը վաղուց արդեն փաստացի ինքը չի օգտագործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել