Դատարանն ազդեցիկ բարեկամից վախեցավ
Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահող Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ, 2 օր առաջ լսվեց քաղաքացի Աստղիկ Դանիելյանի հայցն ընդդեմ Աստղիկ Հակոբյանի եւ Գագիկ Սահակյանի: Վերջինս ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի եղբորորդին է, որի անհավանական արկածների մասին պատգամավորը տեղյակ է: Պատմութունը սկսվել է նրանից, որ Աստղիկ Հակոբյանը դիմել է հարեւանուհուն՝ Աստղիկ Դանիելյանին, նրա Արզումանյան փ. 19/ 59 տունը 3 ամսով վարձակալելու խնդրանքով: Նա այդ տունը խնդրել է իր քրոջ՝ Հասմիկի ընտանիքի համար: Դանիելյանը համաձայնում է անհատույց տրամադրել բնակարանը, պայմանով, որ Հակոբյանները մուծեն հեռախոսավարձն ու կոմունալ ծախսերը: Ըստ Ա. Դանիելյանի, հետագայում պարզվում է, որ Հասմիկը Դուբայի մարմնավաճառներից էր, իսկ նրա ամուսինն էլ Գագիկ Սահակյանը չէ: «Ես տեղյակ չէի, որ Հակոբյանը բացակայում է Հայաստանից եւ իմ բնակարանում էլ ապրել է Գագիկ Սահակյանը»,- ասաց հայցվորը: Ա. Դանիելյանը դատարանին տրամադրեց Գագիկ Սահակյանի կողմից ստորագրված պարտավորագիր, որով նա խոստացել էր, որ «ԱրմենՏելի» պարտքը կվճարի: Ներկայացվեցին Գագիկ Սահակյանի՝ Դուբայի մարմնավաճառների հեռախոսազրույցների վերծանումները, նաեւ Հասմիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի մասին լրատվամիջոցների հաղորդումները:
«ԱրմենՏելը» Դանիելյանի հեռախոսն անջատել է անցյալ տարվա հոկտեմբերից, քանի որ Գագիկ Սահակյանը ԱՄԷ էր խոսել եւ գոյացել էր 383.191, 8 դրամի պարտք»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Ա. Դանիելյանը:
Պատասխանողի փաստաբան Սվետա Մաղաքյանն ակնարկեց, թե հայցվոր Դանիելյանը իր բնակարանը տվել է «հավելյալ շահույթ ստանալու նպատակով», ինչին հակադարձելով՝ հայցվորը դատարանին ներկայացրեց հարեւանների ստորագրությամբ տեղեկանք, ըստ որի՝ վերոնշյալ բնակարանը երբեք չի տրվել վարձով: Այնտեղ ապրում եւ ստեղծագործում է Դանիելյանի երաժիշտ աղջիկը:
Գագիկ Սահակյանի պարտավորագրի հետազոտությունից հետո պարզվեց, որ նրա նշած անձնական հասցեի՝ Անդրանիկի փողոց, 85 շենք, 43 բնակարան, տվյալը կեղծ էր: Կեղծ տվյալ էր եղել նաեւ Սահակյանի անձնագրի յոթանիշ համարը: Այդ իսկ պատճառով վերջինիս, իբր, անհնար է գտնել:
Ամիսներ առաջ, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը թրաֆիքինգի գործով որոնում էր Գագիկ Սահակյանին, նրա հարազատները, այդ թվում պատգամավոր հորեղբայրը, Դանիելյանին ասել էին, թե նա Ղարաբաղում է՝ Քաշաթաղում: Սակայն նրան լուսանկարեցինք Աբովյան փողոցի սրճարաններից մեկում: Լուսանկարը տպագրվեց «Առավոտում»։
Հայցվորը պահանջեց, որպեսզի դատարանը հետազոտի այն տեսաերիզը, որտեղ Գագիկ Սահակյանն է՝ «Քաշաթաղում»: Սակայն դատավոր Ելիզավետա Դանիելյանը հայտարարեց, որ «Դատարանը տեսել է սկավառակը»:
Պատասխանողի փաստաբանը հրաժարվեց հաշտության առաջարկ անել հայցվորին, այն է՝ փոխհատուցել «քցած» գումարները: Նա զարմացավ, թե ինչ կապ ունի Աստղիկ Հակոբյանը, երբ բնակարանում ապրել է Գագիկ Սահակյանը: Փաստաբանը հավանաբար տեղյակ չէր Գագիկի պարտավորագրի ստորագրություններին, որոնցից մեկը իր վստահորդինն էր:
Դանիելյանը մտադիր է դիմել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
7 րոպե խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ դատավորը հրապարակեց հայցը մերժելու մասին որոշումը: