Տնամերձ հողատարածքի համար ազգային անվտանգությո՞ւնն է խառնվել
«Անցյալ տարի հունիսի 1-ին Մասիսի ոստիկանության միլիցիոներ Ղարիբը եկել էր ու ինձ հրավիրում էր Մասիսի դատախազություն՝ ասելով, որ նպաստիս հարցով է: Սակայն ոչ ոստիկանությունից, ոչ էլ դատախազությունից ինձ կանչելու մասին որեւէ պաշտոնական գրություն չկար: Ես չեմ հասկանում՝ նպաստիս հարցով դիմում եմ գրել գլխավոր դատախազությանը, որն էլ մակագրվել է սոցապ նախարարությանը, միլիցիան ի՞նչ գործ ունի ինձ հետ»,- բողոքեց «Առավոտի» խմբագրություն եկած Արարատի մարզի Մասիսի շրջանի Հովտաշատ գյուղի 65-ամյա բնակիչ Արեւհատ Կարապետյանը: Նա իր աղջկա՝ Գայանեի հետ երեք ամիս է՝ տուն-տեղ թողած, վարձով բնակվում է Արմավիր քաղաքում:
Կնոջ խոսքերով, արդեն քանի տարի է՝ տեղական իշխանություններն իրենց հանգիստ չեն տալիս, ինչ է թե՝ մի քանի տարի առաջ Մասիսի միլպետի հորեղբոր տղայի հետ տնամերձ հողամասին վերաբերող խնդիրներ է ունեցել. «Մինչ օրս ինձ հետապնդում են՝ իրենց լծակներն օգտագործելով, ինչ-որ անհասկանալի պատրվակներով մարդիկ են ուղարկում մեր տուն ու մեզ հրավիրում դատախազություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն՝ ահաբեկելու: Օրը մի ավտո է մեր դռանը կանգնում ու անծանոթ տղամարդիկ ասում են, որ հետեւենք իրենց: Ինչ է, էս երկրում անտերությո՞ւն է, որ ով ինչ ուզի անի»: Ա. Կարապետյանի ներկայացմամբ, Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանն էլ այդ ամենից անմասն չի մնում, քանի որ Մասիսի միլպետի բարեկամն է. «Անցյալ տարի գյուղապետը մեզ մի գրություն էր գրել, որ ներկայանանք Մասիսի դատախազություն: Սակայն գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան՝ գրավոր հայտնեցին, որ մեզ ոչ ոք էլ չի կանչել»: Ինչ վերաբերում է Մասիսի ոստիկանության աշխատակիցների անտեղի այցերին, դատախազությունից Ա. Կարապետյանին խորհուրդ են տվել դիմել Արարատի մարզի դատախազություն: Մի քանի ամիս առաջ էլ Հովտաշատ՝ Ա. Կարապետյանի տուն են այցելել ոմն Հովհաննիսյան եւ Կարեն Մադոյան: Առաջինը, կնոջ խոսքերով, ներկայացել է Մասիսի ազգային անվտանգության պետ, մյուսը՝ աշխատակից: Նրանք Ա. Կարապետյանին հրավիրել են Մասիս քաղաք՝ զրուցելու: Տեղական իշխանությունների՝ նրանց նկատմամբ հալածանքների մասին Ա. Կարապետյանն ում ասես որ չի դիմել, սակայն առայժմ կնոջ՝ իշխանություններից ստացած միակ շոշափելի արդյունքը բողոքների անպտուղ պատասխանների տրցակն է:
Երեկ այս առնչությամբ Հովտաշատի գյուղապետ Սիմոն Անդրեասյանը մեզ հետ զրույցում կտրականապես հրաժարվեց, որ ինքը Կարապետյանին դատախազություն գնալու վերաբերյալ գրություն է ուղարկել. «Այդ կինն իր էությամբ առ ոչինչ է, այսինքն, նկատի ունեմ՝ հասարակ քաղաքացի է, ոչ թե քաղաքական գործիչ, բիզնեսմեն կամ մի հայտնի մարդ, որ իրեն հետապնդեն»: Ի դեպ, գյուղապետը չհերքեց, որ Մասիսի ոստիկանապետի բարեկամն է: