Լրահոս
Օրվա լրահոսը

Կոյուղին լցվում է փողոց

Փետրվար 26,2007 00:00

Իսկ պատկան մարմիններն առայժմ միայն խոստումներ են տալիս, թե խնդրով կզբաղվեն

Արդեն քանի ամիս է՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 28 եւ 29 շենքերի բակում հակահիգիենիկ վիճակ է: Այդ բակով անցնել չի լինում, որովհետեւ համայնքի շենքերի կոյուղատար խողովակները խցանվել են եւ կոյուղու ողջ պարունակությունը ինքնահոս դուրս է գալիս դիտահորից ու լցվում փողոց: Բակում արդեն կոյուղու պարունակությունից սառցադաշտ է ձեւավորվել: «Պատուհան բացել չի լինում, ողջ օրվա ընթացքում այստեղ «բուրում» է: Եթե հիմա է գարշահոտություն փչում, ապա շուտով գարուն է, հենց եղանակը մի քիչ տաքացավ՝ մեր բակը վարակի բուն է դառնալու, ամբողջ կեղտը լցվում է մեր տները»,- «Առավոտին» բողոքեցին թիվ 28 եւ 29 շենքերի բնակիչները: Նրանց հատկապես անհանգստացնում է այն, որ թաղամասի այդ հատվածում խաղահրապարակ կա, որն օրվա ողջ ընթացքում լեփ-լեցուն է լինում փոքր երեխաներով: Բնակիչ Անահիտ Մարգարյանի ներկայացմամբ՝ «արդեն 3 ամիս է, ինչ կոյուղու խողովակները խցանվել են ու տրաքել: Ջրամատակարարման ժամերին կոյուղու զանգվածի հոսքն ավելի է մեծանում: Թռչուններն էլ ամեն օր լող են տալիս կոյուղաջրերի մեջ եւ կեղտը տարածում: Մենք մի քանի անգամ դիմել ենք թաղապետարան, որ գան վթարը վերացնեն, բայց այդպես էլ չեն եկել»:

Այս առնչությամբ Աջափնյակի թաղապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ նշված շենքերի կոյուղու վթարի մասին իրենք 15 օր առաջ են իմացել: Սակայն, ըստ Աջափնյակի կոմունալ բաժնի մասնագետ Ռոման Արոյանի, վթարը պետք է վերացնեն ոչ թե իրենք, այլ՝ «Երեւան ջուր» ընկերությունը, որն էլ թեեւ խոստացել է շուտափույթ խնդիրը լուծել, բայց 3 ամիս է՝ բնակիչների բողոքին չի արձագանքել:

«Երեւան ջրի» «Մաշտոց» մասնաճյուղի պետի տեղակալ Արայիկ Եղիկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վթարը պայմանավորված է կոյուղատար խողովակների հին ու մաշված լինելով. «Մենք խոստանում ենք, որ մինչեւ ամսի 27-ը վթարը կվերականգնվի, շուրջ 30 մետր նոր խողովակներ են տեղադրվելու, իսկ դա ժամանակատար գործ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել