Երեկ «Առավոտին» ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը
Առողջապահության աշխատողները երեկ հեղեղվել էին մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով եւ մեծարումներով: «Առողջապահության կազմակերպման միավորում» հասարակական կազմակերպությունը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ էր հրավիրել հանրապետության բոլոր բուժհիմնարկների աշխատողներին: Առողջապահության համակարգում 25 հազար մարդ է աշխատում, սակայն, հասկանալի պատճառներով, բոլորը չէին կարող դահլիճում լինել: Միջոցառման նպատակը արցախյան ազատամարտին մասնակցած բուժաշխատողներին շնորհակալություն հայտնելն ու մեծարելն էր՝ Հայոց բանակի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Ներկա էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ իրենց տիկնանց հետ, ինչպես նաեւ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանցը, գլխավոր ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, Հովհաննես Վարյանը (վերջինս նախընտրական քարոզարշավից առաջ հասարակական կարգի վիճակը նորմալ գնահատեց), հանրապետությունում եւ Արցախում հայտնի բժիշկներ եւ բուժաշխատողներ: Շքանշանները եւ պատվոգրերը տրվեցին չորս օրինակից՝ ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի, գլխավոր ոստիկանապետի եւ առողջապահության նախարարի կողմից: Դահլիճից ոչ ոք կարծես նեղացած չհեռացավ: Պաշտպանության նախարարը ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ զինվորն ու բժիշկը այն եզակի մասնագիտություններն են, որոնց ձեռնամուխ լինելուց առաջ մարդիկ երդվում են. «Զինվորականի եւ բժշկի մասնագիտություններն առաջին հայացքից թվում են հակոտնյա, կոպիտ ասած՝ մեկը սպանում է, մյուսը՝ բուժում: Բայց խորքային իմաստով նրանք հարազատության եզրեր ունեն. զինվորը պաշտպանում է այն մարդկանց, որոնց առողջության հոգածությունը ձեզ է վստահված»: Նաեւ հավելեց. «Մենք, զինվորական թե բժիշկ, նույն գործն ենք անում՝ պաշտպանում ենք մեր երկիրը ցավերից եւ դժբախտությունից: Մենք օգնում ենք պետությանը կառուցել առողջ երկիր՝ առողջ հասարակությամբ եւ առողջ ապրելակերպով»: Վստահություն հայտնեց, որ բոլոր բուժաշխատողները՝ «նրանք, ովքեր իրենց մասնաբաժինն են ունեցել մեր հաղթանակում, ովքեր իրենց աշխատանքով րոպեաչափ մոտեցրել են մեր հաղթանակը՝ անպայման խրախուսվելու են»:
Միջոցառումից հետո պաշտպանության նախարարին մեկ հարց ուղղեցինք, ասելով՝ տպավորություն կա, որ այս կարգի միջոցառումները նախընտրական երանգ ունեն, այդպե՞ս է, արդյոք: Պատասխանեց. «Իհարկե, այդպես չէ: Մենք անցյալ տարի այսպիսի միջոցառումներ չե՞նք անցկացրել, նախանցյալ տարի չե՞նք անցկացրել, իհարկե, անցկացրել ենք: Մենք լիաթոք ուրախանում ենք մեր բանակի 15-ամյակով, մեր հաղթանակի 15-ամյակով: Այս կարգի միջոցառումներն ավելի ենք շատացնելու, մասսայականացնելու եւ սրտանց ու հպարտ տոնելու ենք մեր հաղթանակը: Ուրիշները ինչ ուզում են, թող մտածեն, իրենց խնդիրն է, իրենց գործն է: Մենք մտահոգված չենք ընտրություններով: Մենք ուղղակի ուրախանում ենք եւ այս իրավունքը մենք վաստակել ենք»:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին այլ հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս է գնահատում իշխանությունների վերարտադրման հավանականությունը: Վարչապետն ասաց, որ հարցը սխալ է ձեւակերպվում. «Խնդիրը պետք է այսպես դնել. քաղաքական մրցակցություն է գնում իշխանության համար, որպեսզի կարողանան իրենց ծրագրերը իրագործել: Եթե գտնում են, որ Հանրապետական կուսակցությունը կամ կոալիցիան ցանկանում են վերարտադրվել, ապա պետք է հարցն այսպես ձեւակերպել՝ Հանրապետական կուսակցությունը եւ կոալիցիան ցանկանո՞ւմ են սկսած գործը շարունակել: Մենք վստահ ենք, որ այն ուժերը, ովքեր այս տարիների ընթացքում իրար հետ աշխատել են, կշարունակեն աշխատել եւ ծրագրերը իրագործել»:
Ի թիվս այլոց, վարչապետից հուշամեդալ ստացավ նաեւ նյարդավիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Նրան եւս հարցրինք, թե այս կարգի միջոցառումներից նախընտրական հոտ չի՞ գալիս: Ասաց, որ ինքը այդպես չի կարծում. «Կարծում եմ, այս կարգի միջոցառումները միշտ պետք է կատարվեն, որովհետեւ բոլոր պարգեւատրվածները իրոք իրենց ավանդն են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում եւ արժանավոր բժիշկներ են»: Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը եւս պարգեւատրվել էր, եւ նա էլ համաձայն չէր, թե այս կարգի միջոցառումները նախընտրական երանգ են պարունակում. «Եթե մենք մոռանանք, որ մեր բանակի 15-ամյակն է, կարող ենք խիղճներս կորցնել եւ նման պիտակ կպցնել, բայց այսօր մեր բանակի 15-ամյակն է, եւ պետք է հիշենք այն օրերը, որ անցկացրինք բժիշկներս՝ մթության, ճրագի լույսի տակ աշխատելով: Դուք տեսաք ցուցադրված կադրերը եւ գիտեք, որ իրականում մենք մաքսիմալ աշխատեցինք մեր վիրավորների կյանքը փրկելու համար»: Հարցրինք նաեւ, թե ո՞ր կուսակցության կողմն է պարոն Բաբլոյանի համակրանքը: Ասաց, որ ինքը որպես բժիշկ պետք է բուժի բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելությունից. «Ինձ համար բոլոր կուսակցությունները եւ բոլոր մարդիկ հավասար են: Մասնակցել եմ Հանրապետական կուսակցության կողմից մշակվող առողջապահության ծրագրի մշակմանը եւ ջատագովն եմ, որ ծրագիրը, որը սկսված է 91 թվից եւ շարունակվում է մինչեւ այսօր, ունենա իր շարունակությունը»: «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց, թե քաղաքական ուժերը, ըստ բժշկի, ինչպես են ազդում ՀՀ քաղաքացիների առողջության վրա. «Մենք չենք կարող խուսափել չորս կամ հինգ տարին մեկ կատարվող գործընթացից, նկատի ունեմ ընտրությունները, դա շատ բնական է: Որպես բժիշկ կցանկանայի, որ ընթացքը լիներ խաղաղ, մրցակցությունը եւ պայքարը՝ պարկեշտ, եւ մեկը մյուսի հանդեպ հարգանքով լցված լիներ, եւ թող հաղթի նա, ում ծրագիրը ուղղված է դեպի ժողովուրդը, ով կբերի խաղաղություն, բարեկեցություն, համերաշխություն եւ լավ ապագա»: Չասաց, թե կոնկրետ ո՞ր կուսակցությանը նկատի ունի: Ընդդիմության մասին մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Եթե չլինի ընդդիմություն, ապա հեքիաթ էր այն ամենը, ինչ մենք ասում էինք՝ գալով անկախության եւ այս պետությունը ստեղծելով»: