Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին գրոհը չկայացավ

Փետրվար 23,2007 00:00

\"\"Երեկ Մոսկվայում շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարը հատեց եզրագիծը:

Ավաղ, չորս խմբերից եւ ոչ մեկում Հայաստանը մրցանակակիր չունեցավ, թեեւ ուժեղագույնների «A1» խմբում նախավերջին օրը նման հույսեր դեռ կային: 8-րդ տուրում մեր շախմատիստներից հինգը հաղթանակ տարավ, իսկ Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրադարձությունները հաջող զարգանալու դեպքում անգամ հաղթող դառնալու հեռանկար ունեին: Սակայն վճռորոշ խաղափուլը նրանց մոտ չստացվեց: Պարտվելով մրցակիցներին՝ նրանք մրցաշարային ամփոփիչ աղյուսակում բավականին նահանջեցին: Այստեղ 7,0 միավորով հաղթող դարձավ Ռուսաստանի չեմպիոն Եվգենի Ալեքսեեւը եւ այս ամռանը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացվելիք գերմրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ: Մեր հանրապետության ներկայացուցիչները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. 10-12. Արտաշես Մինասյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, 16. Կարեն Ասրյան, 40. Զավեն Անդրիասյան, 80. Աշոտ Անաստասյան, 82. Տիգրան Պետրոսյան:

«A2» խմբում Արթուր Չիբուխչյանն ու Արման Փաշիկյանը, համապատասխանաբար, գրավեցին 12-րդ եւ 13-րդ հորիզոնականները: Տիգրան Սիմոնյանը 9-րդն է «C» խմբում: Իսկ գրաված տեղի առումով հայաստանցիներից լավագույնը «B» խմբում հանդես եկած Դավիթ Քալաշյանն է: Նա 7,0 միավորով ճանաչվեց 4-րդը:

Արոնյանի չորրորդ ոչ-ոքին

Մեքսիկայի Մորելիա քաղաքում շարունակվող շախմատի 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները մեկօրյա հանգստից հետո վերսկսեցին մրցապայքարը:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 4-րդ տուրում սեւերով ոչ-ոքի արեց հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Խաղասկզբում հունգարացին որակ զոհաբերեց ու թվում էր, թե հզոր նախաձեռնություն ստացավ: Լեւոնը, պաշտպանվելով անթերի, շատ ժամանակ չանցած արդեն ինքը մրցակցին ստիպեց մտածել փրկության մասին, բայց այնուհետեւ համառություն չդրսեւորեց ու շուտով համաձայնեց ոչ-ոքիի: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Վիշվանաթան Անանդը, ում առջեւ զենքերը վայր դրեց Ալեքսանդր Մորոզեւիչը: Տուրի անակնկալը մատուցեց Մագնուս Կարլսենը՝ սեւերով պարտության մատնելով Վասիլի Իվանչուկին: Պյոտր Սվիդլերի հետ պայքարում սպիտակներով խաղացող Վեսելին Տոպալովը վերջապես կարողացավ սկզբնախաղում առավելության հասնել: Սակայն ռուսաստանցին հերթական անգամ ցուցադրեց պաշտպանվելու իր կարողությունը եւ գրոսմայստերները բաժանվեցին խաղաղությամբ:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի: 1. Վիշվանաթան Անանդ՝ 3,0 միավոր, 2. Մագնուս Կարլսեն՝ 2,5, 3-6. Լեւոն Արոնյան, Պետեր Լեկո, Վասիլի Իվանչուկ, Պյոտր Սվիդլեր՝ 2,0-ական, 7. Վեսելին Տոպալով՝ 1,5, 8. Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 1,0:

Երեկ կայանալու էր 5-րդ տուրը: Արոնյանը խաղալու էր Անանդի, Կարլսենը՝ Տոպալովի, Սվիդլերը՝ Լեկոյի, Մորոզեւիչը՝ Իվանչուկի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել