Լրահոս
Օրվա լրահոսը

Չհնացող թեմա

Փետրվար 23,2007 00:00

Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում՝ Կարապետիչ-Մազմանյան հակամարտության մասին

Չնայած նրան, որ Տիգրան Կարապետյանին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել Արմեն Մազմանյանին 300.000 դրամով տուգանելու մասին, այնուհանդերձ, թեման դեռ «չի հնանում»: Այն քննարկվում է մշակույթի հետ քիչ թե շատ կապ ունեցող բոլոր բուհերում: Օրինակ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Սեւակ Գեւորգյանի կարծիքով՝ դատավճիռն արդարացի էր: «Արմեն Մազմանյանը, անշուշտ, ճանաչված արվեստագետ է, դրա համար էլ արտահայտությունների մեջ պետք է ավելի զգույշ լիներ: Եթե չկա այնպիսի հանձնաժողով, որը իսկապես կվերահսկի հեռուստաեթերը, Տիգրան Կարապետյանն էլ պետք է անի այն, ինչ անում է այժմ: Մյուս կողմից էլ TV-ները չպետք է ղեկավարի համար միջոց լինեն իրենց անձնական հաշիվները մաքրելու համար»,- ասաց Ս. Գեւորգյանը: Մեր հարցին, թե կողմերից ո՞ւմ հեղինակության վրա ավելի վատ ազդեցություն ունեցավ այս դատավարությունը, Սեւակը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ավելի շատ տուժեց Տիգրան Կարապետյանը: Նախ վարկաբեկվեց նրա պատիվը, հետո նա կորցրեց իր վստահությունը վաղեմի երկրպագուների շրջանում: Իսկ Մազմանյանը միայն գումարային կորուստ ունեցավ»: Նրա կարծիքով, նման վճիռներ արձակելը սխալ է սոցիալական անհավասարության տեսանկյունից. «Պարզվում է, որ ունեւոր խավը կարող է ցանկացած մարդու արժանապատվություն ոտնահարել, դրա դիմաց վճարել ու ազատվել պատասխանատվությունից»: ԵԹԿՊԻ-ի ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Բարսեղյանը համաձայն չէր Ս. Գեւորգյանի տեսակետներին: Նա դժգոհեց դատավարության ընթացքից. «Պարզ երեւում էր, որ Մազմանյանին դատավորը պարզապես լռեցնում էր: Արմեն Մազմանյանի պաշտպանի գրեթե բոլոր հարցերը հանվում էին: Ռեժիսորի ներկայացուցչի ուղղած տասը հարցից հայցվոր կողմը գոնե 1-2-ին չպատասխանեց»: Է. Բարսեղյանը հիշեցրեց նաեւ, որ դատարան եկած Կարապետյանի երկրպագու տատիկ-պապիկները, ծանոթ չլինելով ռեժիսորի վաստակին, ճչալով դիմում էին Ա. Մազմանյանին. «Էսքան ժամանակ ինչ-որ մեկին գոնե մի թաշկինակ տված կա՞ս»: «Այնպես որ, Մազմանյանն այն մարդը չէր, ում պետք էր դատարանի առաջ կանգնեցնել»,- ասաց Է. Բարսեղյանը:

Ուսանող Արսեն Լեւոնյանն էլ ավելացրեց, որ, ի տարբերություն Տ. Կարապետյանի, Ա. Մազմանյանն արդեն երրորդ սերունդն է կրթում եւ նրա սաները բարձր դիրքեր են զբաղեցնում հասարակության մեջ:

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԵԹԿՊԻ-ի դասախոս Ժիրայր Դադասյանը նկատեց, որ Մազմանյան-Կարապետիչ հակամարտությունը շոուի էր վերածվել. «Շոուներին առհասարակ դեմ եմ: Ես չեմ ուզում, որ մարդիկ իրենց միտքը նման էժան բաներով ծանրաբեռնեն: Եվ Տիգրան Կարապետյանը, եւ Արմեն Մազմանյանը, եւ մենք բոլորս, նույն ժողովրդից ենք սերել: Նմանատիպ իրողությունները փաստում են, որ մեր ազգային մշակույթը գենոցիդ է ապրում: Մենք սրա մասին պետք է լուրջ խոսենք: Մազմանյանը պատկերավոր արտահայտություններ ունի, որովհետեւ վառ երեւակայություն ունեցող բեմադրիչ է: Նրա բառերը կարող են մեզ շրջապատող իրականության մեջ եղած շատ երեւույթների վրա տարածվել: Մի բան պարզ է՝ նա մտահոգված է հակամշակութային ամեն ինչով, դրա համար էլ ձեւակերպումների մեջ սուր է եղել: Ցավոք, այսօր մշակութային դաշտ են մտել միջակություններ, ովքեր գլխատում են մշակույթը: Դրանց դեմ պետք է լուրջ պայքարել: Իսկ ընթացք տալ արդեն եղածին՝ անտեղի է»:

Հ. Գ. Մեր հարցումն ավելի ընդգրկուն կլիներ, եթե ԵԹԿՊԻ-ի այլ դասախոսներ ու ուսանողներ եւս համաձայնեին իրենց կարծիքը բարձրաձայն հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել