Հայաստանյան քվեարկությունը վերջնակետին չի հասել, բայց երաժշտական աշխարհում արդեն վստահ են՝ ով է Հայաստանը Ֆինլանդիայում ներկայացնելու:
«Առավոտը» տեղեկացրել է Հ1-ի եթերում փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին կայանալիք «Եվրատեսիլ-Հայաստան» երգի մրցույթի մասին, որի արդյունքում հաղթող երգը կներկայացվի Հելսինկիում կայանալիք «Եվրատեսիլ 2007» մրցույթի եզրափակիչ փուլին: Ժամանակին հայտնել էինք նաեւ, որ Հ1-ը մրցույթին մասնակցելու համար ընդունում է երգերի ու կատարողների հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ծանոթանալով Հ1-ի կայքում տեղադրված երգիչների ցանկին, նկատեցինք, որ հայտ ներկայացրածների մեջ հայաստանյան շոու-բիզնեսի կարկառուն դեմքերից շատերը չկան: Հարցախույզ անցկացրինք՝ պարզելու, թե ինչու ճանաչված երգիչ-երգչուհիներից շատերը հայտ չեն ներկայացրել: Նրանցից ոմանք, առանց փակագծերը բացելու, ասացին, որ եթե ամեն ինչ վաղուց պարզ է, ի՞նչ իմաստ ունի մրցելը: Ի դեպ, նրանց համոզմամբ, «Եվրատեսիլ 2007»-ին, անկախ ամեն ինչից, Հայաստանը ներկայացնելու է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն:
Նունե Եսայան- Ընդհանրապես մրցույթներ չեմ սիրում: Նախընտրում եմ առանց լարվածության, հանգիստ ստեղծագործական կյանքը:
Շուշան Պետրոսյան- Առաջին անգամ «Եվրատեսիլը» դիտել եմ անցյալ տարի, քանի որ Հայաստանն առաջին անգամ էր ներկայանում: «Եվրատեսիլն» ինձ չի հետաքրքրել, որովհետեւ այնտեղ ներկայացվող արվեստը չի համապատասխանում իմ ճաշակի չափանիշներին: Այն ունի արդեն կես դարից ավելի պատմություն, բայց տվել է ընդամենը երկու անուն՝ Սելին Դիոն եւ «Աբբա»:
Սիրուշո- Չեմ կարծում, որ հայտ ներկայացնելն այդքան կարեւոր է: Եթե ինձ ընտրեին՝ կընտրեին առանց դրա:
Զարուհի Բաբայան- Եթե ի սկզբանե գիտեմ, թե ով է մեկնելու «Եվրատեսիլ», ապա չեմ տեսնում հայտ ներկայացնելու ու պայքարի մեջ մտնելու իմաստ:
Արամո- Չեմ կարող ասել՝ ինչու հայտ չեմ ներկայացրել:
Էմմա Պետրոսյան- Նման մասշտաբի մրցույթի մեկնողը, ծիծաղելի է, որ ասի՝ թույլ կտա՞ք ես գնամ «Եվրատեսիլ»: Որպես հանդիսատես եւ ոչ թե որպես Արամոյի կին, կարծում եմ, որ այդ մրցույթին պետք է մեկներ Արամոն: Շատ կցանկանայի, որ նրան այս իմաստով նկատեին մեր երկրում:
Արսեն Սաֆարյան- Հայտ չեմ ներկայացրել, որովհետեւ մեր քաղաքում եթե խոսում ենք մրցույթի մասին, մինչ վերջինիս սկսվելը հայտնի է լինում արդյունքը:
Հասմիկ Կարապետյան- Ես դեռ պատրաստ չեմ մասնակցելու «Եվրատեսիլին»: Անկեղծ ասած, դեռ փնտրտուքների մեջ եմ՝ իմիջիս հետ կապված:
Լիանա- Ճիշտ է, մասնակցել եմ մի շարք միջազգային մրցույթների, որտեղ հանդես եմ եկել ներկայանալի ժյուրիների առջեւ, սակայն «Եվրատեսիլի» դեպքում միայն հաճույքով կնստեի դահլիճում ու կհետեւեի ներկայացվող շոուին: Եվ ամենակարեւորը՝ համոզված եմ, որ SMS-ներով քվեարկությունը չէ, որ որոշիչ դեր է կատարելու լավագույն երգի ընտրության հարցում:
Ինգա եւ Անուշ Արշակյաններ- Ինչպես հայտնի է, մենք աշխատում ենք պրոդյուսերի հետ եւ ցանկացած հարցում փորձում ենք գալ ընդհանուր հայտարարի: Եթե եվրատեսիլյան հայտ չենք ներկայացրել, նշանակում է առայժմ այն նպատակահարմար չէ:
Շպռօտ- «Եվրատեսիլի» ուղղությամբ ուղեղս չեմ ծանրաբեռնել: Թեեւ մտերիմներս անընդհատ պնդում էին, որ ես էլ հայտ ներկայացնեմ, չլսեցի իրենց, քանի որ ավելի լուրջ նախագծերի վրա եմ աշխատում: