Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս չափել վաստակը

Փետրվար 23,2007 00:00

ՀՀ-ում գիտնականների վաստակը եւ գիտական ինստիտուտների արդյունավետությունը գնահատող սանդղակներ չեն գործում, մինչդեռ ամբողջ աշխարհում դա ընդունված ձեւ է:

Փետրվարի 1-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներին եւ նշվել է, որ «գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության եւ հասարակության ստեղծումն է, որում պետք է վճռորոշ դերակատարություն ունենա պետությունը»: Հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով էլ ստեղծվել էր հանձնաժողով՝ գիտության կազմակերպման հարցերը հանրապետությունում ուսումնասիրելու եւ գոյություն ունեցող համակարգը կատարելագործելու նպատակով: Այնուհետեւ ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանի անմիջական հսկողությամբ ձեռնամուխ էին եղել հանրապետության գիտնականների գիտական վաստակի եւ գիտահետազոտական ինստիտուտների գործունեության արդյունավետության սանդղակի ու չափորոշիչների մշակմանը: Այդ աշխատանքներում ներգրավված էր նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, կենսաֆիզիկոս Սիներիկ Հայրապետյանը, ով 1995թ. ԳԱԱ «Նպատակ» թերթում համապատասխան հոդվածով հանդես եկավ, որը ակադեմիայի նախագահության կողմից մնաց անպատասխան:

Նշենք, որ գիտնականների գիտական ակտիվության եւ վաստակի գնահատման սանդղակը ուղարկվել էր նաեւ «Հայաստան» հիմնադրամ, որպեսզի ամեն տարի մեկ գիտնական պարգեւատրվեր:

Ըստ Ս. Հայրապետյանի, այդ սանդղակն մոռացության է մատնված եւ միտումնավոր չի կիրառվում, քանի որ շատ գիտնականներ դրա պահանջներին ուղղակի չեն համապատասխանում: Օրինակ, ըստ բնական գիտությունների բնագավառում աշխատող գիտնականների գիտական ակտիվության եւ վաստակի գնահատման սանդղակի, առաջին կարգի գիտնականներին 100-ական բալ էր տրվում միջազգային ամսագրի խմբագրման, միջազգային գիտաժողովում մեծամասշտաբ զեկուցումով հանդես գալու, միջազգային նշանակության հրատարակչությունում մենագրություն տպագրելու, արտասահմանյան գիտական մրցանակ կամ տարեկան $15.000-ից ավելի գրանտ շահելու եւ այլնի դեպքում: Երկրորդ կարգի գիտնականների համար միջազգային գիտական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ լինելը ապահովում էր 50 բալ կամ նույնքան բալ էր շնորհվում, եթե հայաստանցի գիտնականը ԱՊՀ ամսագրի խմբագիր էր, սիմպոզիումում զեկուցում էր կարդում եւ այլն: Հստակ սահմանված էին նաեւ երրորդ կարգի հասուն եւ առաջին կարգի երիտասարդ (35 տարեկանից ցածր) գիտնականների գնահատման պահանջները: Օրինակ, հանրապետական գիտաժողովի կազմակերպում՝ 25 բալ, միջազգային ամսագրում կամ ժողովածուում տպագրված հոդվածի համահեղինակություն՝ 25 բալ, աշխատանքներից մեջբերում առնվազն 25 անգամ՝ 25 բալ եւ այլն: Արդարացիորեն խիստ էր հանրապետության համար գիտնականի վաստակի գնահատման սանդղակը, որովհետեւ հայ գիտնականը հնարավոր է դրսում հաջողություններ ունեցած լիներ, բայց իր երկրի համար ոչինչ արած չլիներ: Ըստ վերոնշյալ սանդղակի, Հայաստանում գիտական միավորի, օրինակ՝ ինստիտուտ ստեղծելու համար գիտնականին տրվում էր 100 բալ, ինքնուրույն բաժին կամ կենտրոն հիմնելու համար՝ 75, Հայաստանի գիտական հաստատությունում ամբիոն ստեղծելու համար՝ 50, աշխատանոց՝ 25 բալ: Կադրերի պատրաստման (օրինակ՝ գիտությունների դոկտոր) համար տրվում էր 100 բալ, գիտությունների թեկնածուի դեպքում՝ 15 եւ այլն: Հանրապետության գիտատեխնիկական առաջընթացին աջակցելու համար գիտնականները «վարձատրվում» էին 100 բալով: Ս. Հայրապետյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ գիտնականների վաստակի եւ գիտական ինստիտուտների գործունեության արդյունավետության մասին իր առաջարկները կրկին ներկայացրել է ոչ միայն ԿԳ նախարարություն, այլեւ ՀՀ նախագահի աշխատակազմ: Նա շարունակում է պնդել, որ նման չափորոշիչներ այսօր չեն կիրառվում, որովհետեւ նրա ձեւակերպմամբ՝ «շատ գիտնականներ ուղղակի զրո կդառնան»:

ՀՀ գիտության գծով ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը խոստովանեց, որ այսօր, իսկապես, գիտական վաստակի գնահատման սանդղակ՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Նա նաեւ հուսադրեց, թե գիտական բարեփոխումների հայեցակարգով նախատեսված է մինչեւ տարեվերջ որակի գնահատման սանդղակներ ստեղծել: Այս առիթով տեղին է հիշեցնել մամուլում բազմիցս տպագրված մի փաստ՝ գիտությունների դոկտոր Ա. Ավետիսյանը վերջին տասը տարում ընդամենը երկու գիտական հոդված է գրել, որոնցից մեկը՝ իր ասպիրանտի համահեղինակությամբ, բայց, այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ նա ԳԱԱ վերջին ընտրություններում թղթակից անդամ ընտրվեր մեխանիկա մասնագիտության գծով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել