Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները կրկին անտեսվեցին

Փետրվար 23,2007 00:00

Իրացման գոտու բնակիչների մի մասը սեփականության վկայական դեռ չի ստացել

Երեկ կառավարության շենքի առջեւ կրկին ցույցի ելած Կոզեռն թաղամասի բնակիչներին այս անգամ միացել էին նաեւ Կոնդի, Մյասնիկյան պողոտայի, Վերին ու Ներքին անտառային փողոցների բնակիչները: Նրանց բոլորին էլ պետությունը զրկել էր սեփականության իրավունքից: Բողոքի ակցիան տեւեց մոտ 5 ժամ, որի ընթացքում ցուցարարները գոչյուններով դիմում էին վարչապետին, որպեսզի դուրս գա եւ «սեփական ժողովրդի նկատմամբ իրականացվող անարդարությունների համար պատասխան տա»: Սակայն նրանց կանչը մնաց անպատասխան: Ցուցարարներին ոչ միայն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չարձագանքեց, այլեւ անգամ կառավարության որեւէ շարքային չինովնիկ։ Մյասնիկյան պողոտայի բնակիչ Օֆելյա Յուխանյանի խոսքերով, իր ընտանիքը փողոցում հայտնվելու սպառնալիքի տակ է, քանի որ, «ինչպես իրացված գոտիների բնակիչներին, այնպես էլ մեզ, տարբեր, իրար հակասող պատճառաբանություններով սեփականության փաստաթուղթ չեն տալիս: Ասում են իրացման գոտի է եւ չեն կարող մեր բնակարանները սեփականացնել: Նաեւ ասում են, որ տան տակի հողը մերը չէ եւ այն մենք վարձակալության իրավունքով ենք օգտագործում»:

Հասմիկ Գեւորգյան էլ պատմեց, որ Մյասնիկյան պողոտայում գտնվող իր տունը ժառանգել է նախնիներից. «Ավելի քան 200 տարի է՝ այդ տարածքը մեզ է պատկանում, բայց էլի սեփականության վկայական չեն տալիս: Օգոստոսին դիմել ենք դատարան, մինչեւ հիմա ոչ մի արձագանք, կադաստրի պետն էլ ճակատներիս ասում է՝ մեկ է, վկայական չեմ տալու»:

Վերին անտառային փողոցի բնակիչ Մանյա Սերոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Որդիներիցս մեկը ծառայում է բանակում: Գալու է եւ փոխանակ մտածի աշխատանքի եւ իր ապագայի մասին՝ գիշերելու անկյուն է փնտրելու»:

Բողոքի ակցիային միացել էր նաեւ «Իմ իրավունքը» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Սամվել Մկրտչյանը հայտարարեց, որ հ/կ-ն կառավարությանը կհարկադրի, որպեսզի շահագրգիռ կողմերի հետ կլոր սեղանի շուրջ քննարկեն թաղամասերի բնակիչների ոտնահարված իրավունքների հարցը. «Բնակիչների հողի սեփականության իրավունքը խախտվել է, չնայած նրանց մի մասը նախկինում ունեցել է սեփականության իրավունք: Ի տարբերություն Կոնդ եւ Կոզեռն թաղամասերի, Մյասնիկյան պողոտայում գործընթացը նոր է սկսվել: Իսկ Վերին անտառային փողոցում արդեն սկսել են զինծառայությունից վերադարձածներին եւ նորահարսերին չգրանցել»: Երեկ կառավարության ճեպազրույցում Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, անդրադառնալով կոնդեցիների խնդրին, ասաց, որ ինքը չի կարող օրենք խախտել. «Մեր օրենսդրությամբ նշվում է, որ Կոնդ թաղամասի տարածքի հողերը չի կարելի սեփականության իրավունքով անհատույց տրամադրել, փոխենք մեր օրենսդրությունը՝ ոչ մի խնդիր էլ չի լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել