Լիցենզավորման մասին օրենքի պահանջը շատ «փափախ» տաքսիների կստիպի հարկերից խուսափելու նոր ձեւերի դիմել:
Այս տարվա հունվարից ուժի մեջ է մտել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է նաեւ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատների գործունեությունը:
Ըստ այդ օրենքի, այսուհետեւ տաքսիները պետք է լիցենզավորվեն ու միայն այդ դեպքում իրավունք ունենան վճարովի հիմունքներով ուղեւոր փոխադրել: Մեր հանրապետությունում գործող տաքսիները, երթուղայինների պես պետք է ունենան դեղին կամ այլ գույնով մյուս մեքենաների պետհամարանիշներից տարբերվող համարներ, որպեսզի ուղեւորը «փափախ» եւ նորմալ հարկային դաշտում գործող տաքսիներն իրարից տարբերի: Հիշեցնենք, որ տաքսիների լիցենզավորումը նախատեսված էր դեռեւս 2005-ին, սակայն օրինագիծն անգամ ԱԺ-ում քննարկման չդրվեց. արտոնագրի համար որոշված պետտուրքը, ըստ նախագծի, պետք է կազմեր բազային տուրքի 500-ապատիկի չափով, ինչը, ըստ ԱԺ ղեկավարների, զգալի կկրճատեր այդ գործունեությամբ զբաղվողների թիվը: 2006-ին, այնուամենայնիվ, օրինագիծը ԱԺ-ում քննարկվեց եւ ընդունվեց: Դրանից անցել է 2 ամիս, սակայն այսօր էլ տաքսիները շարունակում են բիզնես անել «հին, բարի ավանդույթներով»՝ առանց լիցենզավորման: Ինչպես երեկ տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին՝ «Ճիշտ է, օրենքն արդեն ուժի մեջ է մտել, բայց նախարարությունը պետք է դեռ նոր կարգ մշակի, թե ինչպես պետք է լիցենզավորումը լինի, ինչ գույնի պետհամարանիշներով պետք է տաքսիները տարբերակվեն եւ այդ օրենքից բխող բոլոր խնդիրները հենց այդ կարգով կորոշվեն: Ներկայումս տրանսպորտի նախարարության մասնագետները հենց այդ կարգի մշակմամբ են զբաղված, իսկ դա բավականին երկար պրոցես է»:
Նկատենք, որ օրենքի այս դրույթի ընդունման հիմնական նպատակը տաքսի ծառայություններին հարկման դաշտ բերելն է: Տաքսիների բիզնեսը մեր երկրում օր օրի ընդլայնվում է, իսկ այդ բիզնեսի հաջողությունը պայմանավորված է ստվերով: Բայց անգամ օրենքը կիրառվելուց հետո հարց է՝ տաքսիները ստվերից դուրս կգա՞ն, թե՞ ոչ, որովհետեւ օրենքում դարձյալ ստվերի համար սողանցք կա: Օրինակ՝ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, տաքսիները պետք է կանգնեն հենց իրենց համար նախատեսված հատուկ կանգառներում, ճանապարհափողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը եւ ուղեւորների պատվերով՝ ուղեւորի նշված վայրում: Դրանք, բացի համապատասխան գունավոր համարից, թափքի կողային մասում պետք է ունենան նաեւ շախմատաձեւ տարբերանշմամբ գծանշում, հաշվիչներ, ազատ լինելու կամ պատվիրատու ունենալու մասին լուսարձակ ցուցիչներ եւ այլն: Սրանք այն տարբերակիչ նշաններն են, որոնցով հնարավոր կլինի ստվերում գործող տաքսիներին գտնել: Սակայն շատ անհատ «տաքսիստներ» իրենց մշտական հաճախորդ-ուղեւորներին կարող են սպասարկել նաեւ՝ առանց օրենքով նախատեսված այդ տարբերակիչ նշանները տեղադրելու. ներկայումս էլ շատ ընդունված պրակտիկա է՝ մշտական ուղեւորները «փափախ» տաքսու վարորդի կոորդինատներն ունեն եւ հարկ եղած դեպքում զանգով կարողանում են օգտվել այդ ծառայությունից, ուստի նման տաքսիների վարորդներին պետք չէ ո՛չ նախարարության տված լիցենզիան, ո՛չ էլ դեղին համարը, դրանք փողոցում անճանաչելի կլինեն, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել՝ տվյալ տաքսու վարորդն իր մերձավորի՞ն է փոխադրում, թե՞ վճարովի հիմունքներով ծառայություն է մատուցում: Եթե վարորդին ճանաչում է՝ ուղեւորի համար էլ միեւնույն է՝ տաքսու համարը դեղի՞ն է, թե՞ սպիտակ:
Այնուամենայնիվ, նկատենք, որ լիցենզավորման պահանջը շատ տաքսու վարորդների վրդովմունքն է առաջացրել: Վարորդներից մեկի խոսքերով՝ «տաքսի քշելը ժամանակավոր աշխատանք է, ես եմ՝ մեկ ամիս հետո էլ չեմ ուզում մեքենաս տաքսի լինի, ինչի՞ պետք է այդքան ծախս անեմ, լիցենզիա հանեմ, հետո դուրս գամ, առավել եւս, որ դեռ պարզ էլ չի՝ վարորդն իր միջոցներո՞վ պետք է լիցենզիայի ծախսերը հոգա, թե՞ տաքսի ծառայության տերը, ամենայն հավանականությամբ՝ այդ ծախսը կմնա վարորդի վրա, որովհետեւ տերը չի համաձայնի վճարումները կատարել, որովհետեւ հնարավոր է նրա ծախսը ջուրն ընկնի՝ վարորդը գործից դուրս գա»: Արտոնագիր տրամադրելու համար գումարի չափը դեռ հաշվարկված չէ, այն պարզ կլինի լիցենզավորման կարգը հաստատելուց հետո: Հաշվի առնելով, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ տաքսի ծառայության բիզնես ունեն, եթե տրանսպորտի եւ կապի նախարարության մշակած կարգով արտոնագրի համար վճարումը մեծ լինի՝ դա մեծ բախումների տեղիք կտա: