Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Փետրվար 23,2007 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դարձյալ դժգոհեց քաղաքական գովազդի համար սահմանված բարձր սակագներից. «Օրենքով 60 միլիոն է նախատեսված նախընտրական հիմնադրամում ունենալու համար. այդքան կարող է ծախսել կուսակցությունը քարոզչության համար:

Ուրեմն, այս սակագներով, որոնք սահմանել են Հայաստանի հեռուստաընկերությունները, եթե քարոզչություն արվի՝ ընդամենը 9 ժամ կարող է կուսակցությունը վճարել հեռուստաեթերի համար եւ այլեւս քարոզչության փող չունենալ ու քարոզչությունը դադարեցնել»: Նա առաջարկեց ուշադրություն դարձնել Երեւանը ողողած պաստառներին, որոնցով արդեն իսկ գովազդվում են «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՀԿ-ն. «Օրենքի պահանջից ելնելով՝ այդ պաստառների համար մարդիկ պետք է վճարեն: Եթե այդ երկու կուսակցությունները սկսեն այդ պաստառների համար վճարել՝ բա գովազդի համար ո՞նց են վճարելու: Այսինքն՝ իրոք խնդիրներ են առաջանում՝ ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր կուսակցությունների համար»:

«Առավոտն» Արթուր Բաղդասարյանին խնդրեց գնահատել ՍԴ փետրվարի 16-ի որոշումը, որով անվավեր ճանաչվեցին ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնք վերաբերում են Հանրային հեռուստառադիոընկերությամբ ԱԺ գործունեության հեռարձակումներին: Ըստ ԱԺ նախկին նախագահի՝ այս որոշման քաղաքական հետեւանքն այս է. «Ազգային ժողովը դառնում է ուղղակի փակ ակումբ, որտեղ գալիս են լրագրողները: Հեռուստաընկերությունները կլուսաբանեն ԱԺ աշխատանքը մեկ րոպե, այն էլ հրամանով՝ ում եւ ոնց լուսաբանեն: Եվ պատկերացրեք, որ ոչ մի հնարավորություն չենք ունենա հանրությանն իրազեկելու հիմնական քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունենում խորհրդարանի ներսում»: ՕԵԿ նախագահը վկայակոչեց Եվրամիության անդամ երկրների օրինակը. «Նրանք ուղիղ եթերով են հեռարձակում խորհրդարանների նիստերը: Ի՞նչ է, այդ մարդիկ զո՞ւրկ են որեւէ տրամաբանությունից: Ո՛չ: Աշխարհի բոլոր երկրներում տեղի է ունենում դա: Քաղաքակիրթ երկրների մասին է խոսքը: Եվ մեր երկրում էլ պետք է տեղի ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել