Լրահոս
Օրվա լրահոսը

Գո՛րծ ենք անում, գո՛րծ

Փետրվար 23,2007 00:00

Կեսկատակ արձանագրեց «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում երեկ իր ունեցած ելույթների կապակցությամբ:

Երեկ Վիեննայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Իսկ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը մեկնել է Վիեննա մեզ հաղորդեց, «Փետրվարի 22-ի առավոտյան Մշտական կոմիտեի (դրա անդամներն են ԵԱՀԿ ԽՎ-ի բյուրոյի եւ ազգային 56 պատվիրակությունների ղեկավարները.-Ա. Ի.) նիստում լսեցին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հաղորդագրությունը, թե ինչպես է ԵԱՀԿ-ն մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրներում առաջիկայում անցկացվելիք ընտրություններին, եւ հիշատակեց, որ մայիսին ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանում»:

Նշենք, որ մարտի կեսին է Հայաստան ժամանելու ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը, որի կազմում կլինեն 35-40 դիտորդներ: Իսկ ընտրությունների օրն ընտրական գործընթացին կհետեւեն ԵԱՀԿ-ի արդեն 300 կարճաժամկետ դիտորդներ:

Լենմարկերի զեկույցից հետո ծավալվել է քննարկում, որին մասնակցել է նաեւ Արտաշես Գեղամյանը: Իր բավական ծավալուն ելույթում նա առավել կարեւորել է երկարաժամկետ դիտորդական առաքելության՝ օր առաջ Հայաստան ժամանելը, քանի որ «ընտրակեղծիքների համար հիմքն ու նախապայմանները ստեղծվում են հենց այս օրերին»: Որպես ապացույց՝ օրինակ է բերել քաղաքական գովազդի համար հեռուստաընկերությունների սահմանած խիստ բարձր սակագները: «ԱՄ» առաջնորդը նշել է. «2003-ից ի վեր՝ Հ1-ով եւ ոչ մի րոպե ուղիղ եթեր չեն ունեցել առանձին ընդդիմադիր գործիչներ, մասնավորապես՝ ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը»: Հիշատակել է նաեւ ՍԴ փետրվարի 16-ի որոշման մասին, որով ընդդիմությունը փաստորեն զրկվում է ԱԺ հայտարարությունների եւ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի միջոցով իր 3-ական րոպե եթերներից:

«Ասացի, որ այստեղ խոսքը ոչ միայն ՀՀ-ում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մասին է, այլ նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի, քանի որ բազմիցս դատապարտող բանաձեւեր են ընդունվել անցած ընտրությունների վերաբերյալ, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվել: Եվ ավելին՝ արհամարհվել են թե՛ ԵԱՀԿ ԽՎ-ի, թե՛ ԵԽԽՎ բանաձեւերը, որոնցում բազմիցս նշվել է այն իրողության անթույլատրելիությունը, որ մինչ օրս չի վերաբացվել Հայաստանի այն եզակի հեռուստաալիքը՝ «Ա1+»-ը, որը հավասար հնարավորություններ էր տրամադրում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերին: Այս ամենը Հայաստանի բնակչության լայն շերտերում ստեղծում է հուսահատության եւ թերահավատության մթնոլորտ՝ միջազգային կառույցների ու նաեւ՝ ԵԱՀԿ ԽՎ-ի հանդեպ»,- պատմեց պրն Գեղամյանը: Սակայն հետո «ռեւերանս» է արել Լենմարկերին՝ նշելով, թե Հայաստան նրա վերջին այցելությամբ «որոշակի հույսեր են արթնացել ոչ թե այս կամ այն ընդդիմադիր կուսակցության, այլ բնակչության մոտ՝ առ այն, որ ԵԱՀԿ-ն անտարբեր չէ Հայաստանի ճակատագրի հանդեպ եւ մտահոգ է այստեղ առկա զարգացումներով»:

Արտաշես Գեղամյանից անմիջապես հետո ելույթի համար ցուցակագրված էր Բելգիայի Սենատի խոսնակ Աննե Մարի-Լիզինը, որը նշել է, թե իրենց հայաստանյան գործընկերոջ բերած հիմնավորումները «շատ լուրջ տագնապներ են առաջացրել իր մոտ, եւ ԵԱՀԿ-ն պետք է անպայման ամենայն ուշադրությամբ անդրադառնա այդ հարցերին ու ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները, որ վերջապես ականատեսը դառնան Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը»:

Հետո գումարվել է ԵԱՀԿ ԽՎ-ի լիագումար նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել Վեհաժողովի երկարամյա փոխնախագահ, իսկ այժմ Գերմանիայի պատվիրակության անդամ Գերտ Վայսկիրխենը. «Նա մասնավորապես ասաց, թե անհամաձայնությունը, որ նկատում է Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի միջեւ, որոնք միասին են վերահսկում ընտրությունները՝ պետք է անհապաղ վերացվեն, քանի որ՝ ինչպես նա ասաց, մեր գործընկերը ելույթ ունեցավ Մշտական կոմիտեում եւ հայտնեց այն լուրջ մտահոգությունների մասին, որոնք պայմանավորված են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններով: Ըստ նրա՝ պիտի կարողանան ժամանակին կարգավորել այդ հարցերը, որ ԵԱՀԿ-ն եւ ԺՀՄԻԳ-ը կարողանան միասնական թիմով իրենց դիտորդական առաքելությամբ աջակցել հայ ընտրողներին՝ անկաշկանդ կատարել իրենց քաղաքացիական պարտքը»: Արտաշես Գեղամյանը հիշարժան համարեց նաեւ այն, որ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի հատուկ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն իր ելույթում նույնպես անդրադարձել է առաջիկայում ՀՀ-ում սպասվող ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերելու անհրաժեշտությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել