Երեկ երկքաղաքացիության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը
ՀՀԿ-ն մտահոգված է
Երկքաղաքացիության փաթեթի քննարկումներում ՀՀԿ խմբակցությունը պարզապես պարոնյանական հերոսների պես էր իրեն պահում, որը կարելի է այսպես գնահատել. «Դեմ ըլլալով՝ կողմ եղան»: Սամվել Նիկոյանը հայտարարեց. «Ասում են, այս օրենքի նախագիծը քվեարկելուց առաջ մենք պետք է հստակ իմանանք՝ քվեարկությունից առաջ ինչպե՞ս ենք նայելու մեր սփյուռքահայ բարեկամների աչքերին: Բայց մենք շատ ավելի պարտավորված ենք եւ շատ ավելի կարեւոր է, թե մենք ինչպես ենք նայելու ՀՀ քաղաքացու աչքերին, ՀՀ առաջնային քաղաքացիությունը կրողի աչքերին»: Գագիկ Մինասյանը փորձեց դրությունը շտկել՝ հայտարարելով, որ չի եղել որեւէ ելույթ, որում բացասաբար է խոսվել երկքաղաքացիության մասին, ասաց, որ քննարկվող հարցը հայ ժողովուրդը դեռ 88-ից է սկսել բարձրացնել. «Ես համոզված եմ, որ մենք ընդհուպ մոտեցել ենք այդ հարցի լուծմանը եւ այդ հարցի լուծումը մենք մեծապես կանխորոշել ենք՝ ընդունելով նոր Սահմանադրությունը»:
ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացի լինելը պատիվ է եւ ոչ թե պատիժ. «Մենք Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացու իրավունքները համարում ենք առաջնային»: Ասաց նաեւ, որ ՀՀ-ն հայ ժողովրդի միակ պետությունն է. «Եվ մենք գտնում ենք, որ ՀՀ կառավարության անդամ չի կարող լինել ՀՀ այն քաղաքացին, որը նաեւ այլ երկրի քաղաքացի է: Մենք դա գնահատում ենք որպես ՀՀ ինքնիշխանության մասնակի կորուստ»: ՄԱԿ-ը հայտարարեց, որ ինքը դեմ է լինելու օրինագծին: Դեմ արտահայտվեց նաեւ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ ասելով, որ երկքաղաքացին ընտրելու իրավունք չպետք է ունենա: Քվեարկությանը չեն մասնակցի ՕԵԿ-ը եւ «Ազգային միաբանությունը»:
Միակ ակնհայտ «կողմ»-ը մնում էր Դաշնակցությունը, որի խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ այս խորհրդարանը պատմության մեջ կմտնի երկու հարցով՝ սահմանադրական փոփոխությունների ընդունմամբ եւ երկքաղաքացիության դրույթի ամրագրմամբ: Հարցը չափազանց կարեւորելով՝ ԱԺ նախագահը եւ փոխնախագահը օգտվեցին արտահերթ ելույթի իրենց իրավունքից: Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ ոչ մեկը դեմ չէ երկքաղաքացիությանը. «Մարդիկ տպավորություն են ստանում, որ այս դահլիճում կա առճակատում ՀՅԴ-ի եւ մյուս՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորած կուսակցությունների միջեւ: Նման առճակատում չկա: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ նախագիծը Դաշնակցությունը չի ներկայացրել, ներկայացրել է կառավարությունը: Եվ հայացքների տարբերությունը վերաբերում է մանրամասներին, որոնք կարեւոր են, սակայն հիմնական խնդրի հետ կապված որեւէ տարաձայնություն չկա»:
Քանի որ հիմնական անհանգստությունները կապված էին կառավարության անդամների երկքաղաքացիության հնարավորության հետ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Չի կարող, սիրելիներ, հանկարծ կառավարության մեջ հայտնվել երկքաղաքացիների ինչ-որ անհասկանալի, անտրամաբանական տոկոս, երբ մենք այդ պրոցեսի հենց սկզբում արգելք ենք դրել, որ ընտրվող պաշտոններում՝ պատգամավորները եւ նախագահը, երկքաղաքացի լինեն»:
«Հեռուստատեսային տեռոր ԱԺ-ի դեմ»
Երեկ օրվա ավարտին խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցի քննարկմանը, որը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Հասկանալի է, որ քննարկման մասնակիցները անդրադարձան ՍԴ հայտնի որոշմանը, որով, փաստորեն, խորհրդարանի աշխատանքների լուսաբանումը որեւէ հեռուստաընկերությամբ սառեցված է: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՍԴ հայտնի որոշման մասին ասաց, որ այն, ըստ էության, «հեռուստատեսային տեռոր է խորհրդարանի դեմ»: Հայտարարեց նաեւ, որ այս նախագծի նախնական տարբերակում, որի համահեղինակներն էին մեծ թվով պատգամավորներ, այդ թվում նաեւ ինքը, համաձայնեցված որոշում էր կայացվել բոլոր հիմնական հոդվածների մասով, եւ որոշել էին օր առաջ ընդունել նախագիծը, որպեսզի խորհրդարանը ունենար լիազորություն, որը տրված էր փոփոխված Սահմանադրությամբ. «Այդ լիազորություններից մեկն էլ այն էր, որ խումբ-խմբակցությունները կարող են հարցապնդումներով դիմել կառավարությանը եւ դրանց հետ կապված որոշումներ ընդունել»:
Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ արդեն մի քանի ամիս է՝ այս նախագիծը երկրորդ ընթերցման ռեժիմով գտնվում է ԱԺ օրակարգում, եւ զարմանալի է, թե ինչու մինչեւ հիմա չի քննարկվել. «Այդ ժամանակ ի՞նչ է, ՍԴ որոշում կա՞ր: Չկար: Ինչո՞ւ չէր քննարկվում, ինչո՞ւ մենք այսօր զրկվեցինք հարցապնդման ինստիտուտից»: Հովհաննես Մարգարյանի հարցերը մնում էին օդի մեջ: Սակայն նա շարունակեց՝ ասելով, որ եթե այս նախագիծը նախնական տեսքով խորհրդարանը ընդունած լիներ դեռ 4 ամիս առաջ, որեւէ այլ խնդիր այժմ չէր առաջանա: Եթե ընդդիմադիր պատգամավորները եւ քաղաքական գործիչները հայտարարում են, որ ՍԴ որոշումը ընդդիմությանը եթերից զրկելու նպատակ է հետապնդում, ապա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը այն կարծիքին է, որ ՍԴ որոշումը ուղղված է ոչ միայն ընդդիմության, այլեւ՝ ընդհանրապես խորհրդարանի դեմ:
Վիկտոր Դալլաքյանն իր հերթին նկատեց. «Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ Ազգային ժողովը հայտնվել է հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակման բլոկադայի մեջ»: Ասաց նաեւ, որ հեռուստաընկերությունների կողմից գովազդային բարձր սակագնի արդյունքում «քաղաքական մեծամասնությունը քաղաքական փոքրամասնությանը հայտարարել է ինֆորմացիոն բլոկադա»: Նշեց նաեւ, որ ՍԴ-ն իր որոշման կատարման համար ժամկետներ չի նշել, ինչպես այդ բանն արել էր 2003-ի նախագահական ընտրությունների արդյունքների մասին վճիռ կայացնելիս՝ երբ առաջարկել էր անցկացնել վստահության հանրաքվե: Իսկ ԱԺ-ին այս դեպքում ժամկետներ չեն տրված որոշման կատարմանը նախապատրաստվելու համար: