Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏԸ» ՉԻ ՎՃԱՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ ՀԱՐԿԵՐԸ

Փետրվար 23,2007 00:00

Իրավասուները չեն հերքում եւ չեն հաստատում այս տեղեկատվությունը՝ նախընտրելով ուղղակի փախչել պատասխանից:

Երեկ օրվա կեսը վատնեցինք մի պարզ տեղեկատվություն ճշտելու վրա: Այն է՝ որ «Մուլտի գրուպ» ընկերությանը պատկանող «Արարատցեմենտ» գործարանը Արարատի քաղաքապետարանի բյուջեին 50 մլն դրամ է պարտք՝ վերջին տարիներին չվճարված հողահարկի եւ գույքահարկի դիմաց:

Առաջին հերթին, բնականաբար, դիմեցինք Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանին: Նա պատասխանեց, թե իր մոտ այդ տվյալները չկան, եւ ավելի ճիշտ կլինի, եթե դիմենք հարկային մարմիններին: Այդպես էլ վարվեցինք՝ զանգեցինք Հարկային պետական ծառայության Արարատի տարածքային տեսչություն: Նախ զրուցեցինք հարկային տեսչության իրավաբաններից մեկի հետ, որը հարցը լսելուց հետո՝ ասաց, թե պիտի ճշտի Տվյալների մշակման եւ հաշվառման բաժնից: Հեռախոսը փոխանցեց այդ բաժնի աշխատակցուհուն, որը հարցը լսելուց հետո՝ խիստ ագրեսիվ տոնով հետաքրքրվեց. «Բայց ձեզ ո՞վ ասաց, թե մենք պիտի ձեզ տեղեկատվություն տանք: Գրավո՛ր դիմեք»: Ազդեցություն չգործեցին «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների հիշատակումները: Հաշվառման բաժնի աշխատակցուհին պնդեց, թե ինքը ստորագրություն է տվել հարկային տվյալների չհրապարակման մասին, եւ առաջարկեց դիմել տեսչության պետին՝ նշելով, թե միայն նրա հրահանգի դեպքում կպատասխանեն հարցիս: Իսկ տեսչության պետ Հակոբ Գալստյանի հեռախոսն այդ պահից՝ ժամը 15:30-ից մինչեւ 17:30-ն այդպես էլ չպատասխանեց:

Նշենք, որ այս պատմությունը թերեւս ուղղակի հաստատում է, թե մեր տեղեկությունը, որը զրույցների ընթացքում այդպես էլ ոչ ոք չհերքեց՝ համապատասխանում է իրականությանը: Սակայն այս պատմության կապակցությամբ չենք կարող զուգահեռ չտանել ոչ վաղ անցյալի իրադարձությունների հետ:

2001-ին, երբ «Արարատցեմենտ» գործարանի տնօրենը դեռ Արամ Զավենի Սարգսյանն էր, իշխանական մամուլը մի քանի անգամ անդրադարձավ այն իրողությանը, որ նա «անհոգ է վերաբերվել իր ղեկավարած ձեռնարկության կողմից համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտականությունները կատարելուն: Ասում են, որ «Արարատցեմենտը» տեղական բյուջեի նկատմամբ մի քանի տասնյակ միլիոն դրամի պարտք է կուտակել, որի կեսը մարվել է միայն բազմաթիվ միջնորդություններից հետո»:

Սակայն ուշագրավ է նաեւ այս հանգամանքը: Այդ ժամանակ Արարատի նույն քաղաքապետն այս մասին հարցազրույց տվեց Հ1-ին: Որ նա իրականում լավատեղյակ է, թե գործարանը որքանո՞վ է մարում պարտքերը քաղաքին՝ նաեւ վկայում է Հակոբ Թովմասյանի իսկ հարցազրույցը, որը նա 2003-ի նոյեմբերին տվել էր թերթերից մեկին՝ պնդելով, թե անցած 1 տարում, ինչ ցեմենտի գործարանը պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերությանը՝ «Գործարանում նոր սեփականատիրոջ ներկայությունը դրական է անդրադարձել ոչ միայն ցեմենտագործների եւ քաղաքի բնակչության կենցաղային պայմանների բարելավման, այլեւ քաղաքապետարանի բյուջեի եկամուտների ավելացման վրա: Ոչ միայն ժամանակին կատարվում են ընթացիկ վճարումները, այլեւ փակվել է նախորդ տարիներից կուտակված պարտքերի մեծ մասը: Դա քաղաքապետարանին հնարավորություն է տվել մարել համայնքի պարտքերի մեծ մասը: Այն, որ այսօր քաղաքապետարանի եւ համայնքի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների մեծ մասի աշխատողների աշխատավարձը վճարվում է ժամանակին, դրանում ցեմենտի գործարանի դերն, անշուշտ, էական է»:

Հարկային մարմիններն էլ 2001-ին անհեթեթ պատճառաբանություններ չէին մոգոնում իրենց տված ստորագրությունների թեմայով եւ Արամ Սարգսյանի ղեկավարման օրոք գործարանի չվճարած հարկերի մասին տվյալները հանգիստ տրամադրում էին իշխանամետ թերթերին:

Ասենք ավելին՝ այդ ժամանակ անձամբ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ այդ թեմային եւ լրագրողներին պատմեց, թե «Արարատցեմենտը» տարածաշրջանում լավագույն գործարանն է, համեմատաբար արդիական, բայց շուրջ կես մլն դոլարի պարտք ունի պետբյուջեին եւ դեռ 1 միլիոն դոլարի համարժեք գումար էլ էներգետիկներին է պարտք, իսկ «գործարանի տնօրենն ամեն օր ժողովներում ելույթներ է ունենում, թե ինչպես կղեկավարեր այս երկիրը։ Ուստի հարց է առաջանում. նախ քո գործարանն աշխատեցրու, պարզիր քո հարցերը բյուջեի եւ էներգետիկների հետ։ Բայց եթե ի վիճակի չես այդ անել, ապա ինչպե՞ս պիտի ծաղկեցնես այս երկիրը»:

Այժմ է՞լ հուսանք, թե ՀՀ նախագահը դարձյալ կանդրադառնա «Արարատցեմենտի» չվճարած հարկերին եւ կփորձի պատասխանել, թե ինչո՞վ են դրանք պատճառաբանված, երբ անցած 4 տարիներին ցեմենտի պահանջարկը եւ գները, շա՜տ մեղմ ասած՝ չեն նվազել ու միայն ավելացել են: Եվ ամենակարեւորը՝ արդյոք վերոհիշյալ հարցադրումները, որոնք հնչում էին Արամ Սարգսյանի հասցեին, կհնչե՞ն նաեւ այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել