Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում ավարտին մոտեցող շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարի յոթերորդ տուրն ուժեղագույնների «A1» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստերների համար անհաջող ստացվեց:
Ասվածը վերաբերում է գլխավորապես առաջատարների խմբում ընթացող մեր երկու գրոսմայստերներին՝ Արտաշես Մինասյանին եւ Վլադիմիր Հակոբյանին, ովքեր պարտություն կրելով՝ մի փոքր բարդացրել են մրցանակային աղյուսակում իրենց վիճակը: Երեկ կայացած ութերորդ տուրից առաջ Արտաշեսը 4,5 միավորով (նա առաջատարից ետ է մնում մեկ քայլ) նահանջել էր 9-րդ հորիզոնական, իսկ Վլադիմիրը (4,0)՝ 23-րդ: Դրա փոխարեն մրցանակային տեղերի համար պայքարը շարունակելու հեռանկարներ է պահպանում Գաբրիել Սարգսյանը, ով նույնպես 4,5 միավորով 11-րդն է: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել նաեւ Հայաստանի չեմպիոն Կարեն Ասրյանն (27-րդ տեղ, 4,0 միավոր) ու Աշոտ Անաստասյանը (78-րդ տեղ, 2,5 միավոր): Մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը՝ պարտություն կրելով 54-րդն է (3,0): Այս խմբում մեր հանրապետության ներկայացուցիչներից միակ հաղթանակը տարել էր երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը եւ 3,0 միավորով 60-րդն էր:
«A2» խմբում 5,0-ական միավոր են վաստակել Արման Փաշիկյանն ու Արսեն Եղիազարյանը: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում էին 8-րդ եւ 20-րդ տեղերը:
«B» եւ «C» խմբերում մասնակիցնե րը խաղացել են մեկ տուր ավելի: «B» խմբում ամենից լավ հանդես է գալիս Դավիթ Քալաշյանը, ով 6,0 միավորով 8-րդն է: Հաճելիորեն ուրախացնում է «C» խմբում ընդգրկված Տիգրան Սիմոնյանը, ով վերջին տուրից առաջ 6,5 միավորով բաժանում էր 1-8-րդ հորիզոնականները: