Արամ Գասպարիչը պատասխանում է
«Սա մի տեսակ գաղտնի ծառայության հետախուզության տպավորություն է թողնում: Կրնկակոխ հետեւել են մեր գործողություններին, փորձել են փաստեր հավաքել, վերլուծություններ անել… Որովհետեւ «դոսյեի» տպավորություն է թողնում՝ ուղղակիորեն նպատակ ունենալով համոզմունք առաջացնել, թե ՀԴԿ-ն չի կարող գոյատեւել, եթե որեւէ մեկի հովանու տակ չի»,- այսպիսի տպավորություն է ստացել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ մեր թերթի նախորդ օրվա «Ռուսամետ նախագիծը տապալվեց» հրապարակումից: Դեմկուսի նախագահը հիշեցնում-հայտարարում է. «15-ամյա գործունեության ընթացքում ՀԴԿ-ն միշտ հանդես է եկել ինքնուրույն, իր գաղափարախոսությանը հավատարիմ եւ երբեք դաշինքների մաս չի կազմել, բացի «Արդարությունից»: Եվ 1995-ի, եւ 1999-ի ընտրություններին ՀԴԿ-ն մասնակցել է իր անվան տակ: Ի դեպ, 99-ին՝ ժամը 14-ի դրությամբ, ԿԸՀ-ում ունեինք 6% գրանցված արդյունք: Այլ հարց, որ ինչ-ինչ «քիմիկների» շնորհիվ պարզվեց, որ 1% ունենք: 2003-ին, երբ կեղծարարությունը հասել էր գագաթնակետին, ՀԴԿ-ն գտավ, որ անհրաժեշտ է սահմանադրական կարգը վերականգնել՝ համախմբվելով քաղաքական ուժերի հետ, առանց նայելու գաղափարախոսությունների տարբերությանը, առավել եւս, որ համախմբումը սոցիալական պատվեր էր՝ իջեցված ժողովրդի կողմից: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին՝ այժմ ՀԴԿ-ն պատրաստվում է իր 7-րդ համագումարին: Այն տեղի է ունենալու մարտի 3-ին: Կուսակցության կենտրոնական խորհրդի եւ շարքերի տրամադրվածությունը, ըստ Արամ Գասպարիչի, այնպիսին է, որ հաղթական սխեմա իրականացնելու համար ճիշտ կլիներ ձեւավորել գաղափարական հենքով հզոր դաշինք՝ ընդհանուր ծրագրով: Բայց քանի որ ընդդիմադիր որոշ կուսակցություններ արդեն հայտարարել են ընտրություններին իրենց միայնակ գնալու մասին, ՀԴԿ-ն առայժմ եւս պատրաստվում է միայնակ գնալ խորհրդարանական ընտրություններին:
Ի հեճուկս նրանց, ովքեր կասկածում են ՀԴԿ-ի կազմակերպչական եւ քաղաքական ռեսուրսներին, կուսակցության առաջին դեմքը հիշեցնում է, որ իր ստեղծման առաջին իսկ տարում, լինելով արտախորհրդարանական ուժ, Դեմկուսը խորհրդարան ներկայացրեց ապապետականացման եւ սեփականաշնորհման մասին օրենքի սեփական նախագիծը: Ապա՝ «ՀԴԿ-ն այն ուժն է, որը ձեւավորեց «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն: Այն կազմակերպեց Կինոյի տան հայտնի հավաքը՝ սկիզբ դնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործընթացին: Այդ տարվա ընթացքում, եւ ընդհանրապես, բազմաթիվ ցույցեր եւ հանրահավաքներ կազմակերպեցինք: ՀԴԿ-ն այն ուժն է, որը 1996-ին հրավիրեց նախագահի ընդդիմադիր թեկնածուներին եւ կարողացավ հասնել նրան, որ ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես եկավ: ՀԴԿ-ն երբեք չի եղել որեւէ քաղաքական ուժի կցորդը եւ հարմարվող չի եղել: Ի վերջո, ես հրաժարվեցի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ համաձայն չլինելով վարվող ներքին քաղաքականության հետ»: Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսներին՝ ի գիտություն հոդվածագրի, Արամ Գ. Սարգսյանը հիշեցնում է անդամավճարների մասին, մարդկանց մասին, ովքեր կարող են ֆինանսավորել այս կամ այն կուսակցությունը՝ համաձայնելով այդ ուժի վարած քաղաքական ուղղության հետ: Եվ վերջապես՝ ՀԴԿ-ն իբրեւ պառլամենտական կուսակցություն, ֆինանսավորվում է պետբյուջեից, ինչը բավարարում է ոչ միայն գրասենյակային, այլ նաեւ ամենօրյա գործունեություն ծավալելու, նույնիսկ ակցիաներ կազմակերպելու համար: «Ես ցավում եմ, որ երկրում այսպիսի բարոյազուրկ մթնոլորտ է ձեւավորվել եւ կուսակցության քաղաքական գործունեությունը թողած՝ ինչ-որ մութ-մութ բաներ են ստեղծում մի կուսակցության շուրջ, որը երբեւէ մութ բաներով զբաղված չի եղել»,- ասում է Ա. Սարգսյանը:
Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ անձամբ Արա Աբրահամյանի հետ համագործակցության մեղադրանքներին էլ ՀԴԿ նախագահը պատասխանում է, որ ինքը համարում է, թե տվյալ անձը եւ կառույցը ժողովրդի համար իսկապես մեծ ծավալի աշխատանք են կատարում եւ ուրախ է նրանց հետ համագործակցել: Նաեւ խոստովանում է, որ Հայերի համաշխարհային կոնգրեսը եւ իր ղեկավարած՝ «Քաղաքակրթությունների երկխոսություն ազգային կենտրոն» հ/կ-ն ընդամենը մեկ համատեղ կոնֆերանս են հրավիրել: Իսկ ՀԴԿ-ի եւ իր ռուսամետության մասով ասում է. «Եթե իմ գործողություններում կա մեր երկրի եւ ժողովրդի շահերին դեմ քայլ՝ ես պատրաստ եմ այդ քայլի համար պատասխան տալ: Եթե ես իմ համոզմունքին համապատասխան գտնում եմ, որ ՀՀ-ի հատկապես ազգային անվտանգության խնդիրների հետ կապված՝ անհրաժեշտ է ռազմավարական գործունեությունը շարունակել ՌԴ-ի եւ ԱՊՀ-ի երկրների հետ, ապա դա իմ եւ մեր կուսակցության քաղաքական դիրքորոշումն է»:
Ամփոփելով, մեր զրուցակիցը հայտարարում է, որ պատրաստ է քաղաքական բանավեճի, ոչ թե «նման պասկվիլային» հրապարակումների. «Ինչ որ արվեց ՍԻՄ-ի դեմ, սա այդ շարքից է: Երկրում նախադեպ ստեղծվեց, որ դատարանն իրավունք ունի միջամտել կուսակցությունների ներքին հարցերին՝ համագումարի որոշումներին: Դատարանի այս միջամտությունը անօրինական եւ հակասահմանադրական է եւ լավ կլիներ, որ պարոն Գագիկ Հարությունյանն այս հարցերին անդրադառնար»: