Լրահոս
Օրվա լրահոսը

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին եկամտաբեր է

Փետրվար 22,2007 00:00

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, այն գրավում է Թուրքիա ժամանող զբոսաշրջիկներին:

Երեկ «Ուրբաթ» ակումբում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը խոսեց Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների վիճակի մասին: Պրն Կարապետյանը մասնավորապես անդրադարձավ ապրիլի սկզբներին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման եւ վերանորոգման աշխատանքներին: «Եկեղեցու վերականգնման աշխատանքները բարձր որակով եւ նախանձելի մակարդակով են իրականացվել: Լավ կլիներ, որ նման սրտացավությամբ Հայաստանում էլ հուշարձաններ վերականգնվեին: Չնայած կան որոշակի թերություններ,

բայց թուրքերի հետ դրանք կապ չունեն, եւ մեղքը Սուրբ Խաչ եկեղեցու շինարարական աշխատանքներին կցված հայ հոգեւորականինն ու հայ գլխավոր ճարտարապետինն է: Օրինակ, եկեղեցու գավիթի արեւմտյան ճակատի խաչաքանդակ քարերը հակառակ են շարվել: Եթե հայազգի հոգեւորականը բարեհաճեր մի քանի օր հետեւել շինարարության ընթացքին, գուցե նման սխալներ չլինեին»,- նշեց հուշարձանագետ Ս. Կարապետյանը: Աղթամարի եկեղեցին վերականգնվել է, որովհետեւ Թուրքիան եվրոպական ընտանիքին ինտեգրվելու խնդիր ունի: Բացի սրանից, հուշարձանագետի համոզմամբ, քաղաքական եւ տնտեսական որոշ գործոններ էլ են դեր խաղացել. «Սուրբ Խաչի դիմաց, նրանից 5 կմ հեռավորության վրա Նարեկավանքն էր, որից այժմ հետք անգամ չկա: Վանա լճի մյուս կղզիներում էլ վանքեր կան, որոնք միտումնավոր պայթեցվել են կամ քայքայվել: Սուրբ Խաչը փրկվել է իր աշխարհահռչակության շնորհիվ: Տարբեր երկրներից Թուրքիա ժամանած մարդիկ նավակներով գալիս են այն տեսնելու, եւ եկեղեցու շնորհիվ թուրքերը լուրջ գումարներ են աշխատում: Հիմա Արեւմտյան Հայաստանում հին հայկական հուշարձաններ ունեցող գյուղերի գյուղապետերը ափսոսում են, որ չեն պահպանել դրանք: Օրինակ, Չենգիրիի գյուղապետը որոշել է նորոգել Սբ. Կարապետ վանքը: Նա հավատացած է, որ միայն զբոսաշրջիկներին թան վաճառելով տեղացիները կարող են հարստանալ: Տիգորի քաղաքապետն էլ համոզված է, որ տեղի հայկական եկեղեցին վերականգնելով՝ կարող է գրավել օտարերկրացիների ուշադրությունը»:

Ս. Կարապետյանը անդրադարձավ նաեւ Արցախի ազատագրված տարածքներում առկա հուշարձաններին, որտեղ իրենց կազմակերպությունը բազմիցս ուսումնասիրություններ է կատարել: Նա փաստեց, որ հայերը սրտացավ չեն իրենց հողի եւ նախնիների թողած արժեքների հանդեպ: «Արցախի թե ազատագրված եւ թե բուն տարածքներում հուշարձանները լավ վիճակում չեն: Մեր գրասենյակը վերջերս Բելգիայից հյուրեր ուներ, որոնց հետ այցելեցինք Ֆիզուլի: Բելգիացիները ապշել էին՝ տեսնելով, թե ինչպես է 17-րդ դարում հայ վարպետների մասնակցությամբ կառուցված իջեւանատունը ախոռի վերածվել: Ես չկարողացա արդարացնել մեզ, միայն նշեցի, որ շատ կցանկանայի, եթե Արեւմտյան Հայաստանում մեր հուշարձանները թեկուզ ախոռի տեսքով պահպանված լինեին»,- ասաց նա:

1997-ից սկսած, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ն ձեռնամուխ է եղել Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի վերակառուցման աշխատանքներին:

Խոսելով հայաստանյան հուշարձանների մասին, Ս. Կարապետյանը նշեց, որ Լոռու մարզի Խուճապի վանքում արդեն մեկ տարի է, ինչ վրանների տակ վրաց միաբանություն է հաստատվել ու «սեփականաշնորհել» հուշարձանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել