«Երառսպասարկում» ՓԲԸ-ի աշխատակիցները վստահ են, որ ընկերության զբաղեցրած շենքը կսեփականաշնորհվի՝ առանց իրենց մասնակցության:
«Այրարատ» կինոթատրոնի դիմաց գտնվող Առեւտրի վարչության շենքը կառուցվել է 1956 թվականին: Անկախության տարիներին այդ վարչությունը վերակազմավորվել է «Երառսպասարկում» ՓԲԸ-ի, որը գործում է առայսօր: 90-ականների սկզբից շենքը «սեփականաշնորհման գործընթացի» մեջ է, սակայն, մասնավորապես, առեւտրի, սպասարկումների եւ զբոսաշրջության նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանի ջանքերով սեփականաշնորհումը տեղի չի ունեցել:
Այդ հարցով ՓԲԸ-ի կոլեկտիվը մի քանի անգամ դիմել է վերադաս ատյաններին: Ըստ «Առավոտին» դիմած աշխատակիցների, ընկերության գլխավոր տնօրեն Ալիկ Շաքարյանը մի քանի անգամ կոլեկտիվին ասել է, որ աշխատում է համապատասխան մարդ գտնել՝ շենքը սեփականաշնորհելու եւ կոլեկտիվի խնդիրը լուծելու համար: 2005-ին տնօրենը կոլեկտիվին հայտնել է, որ «լավ մարդ է գտել» շենքը սեփականացնելու համար: Կոլեկտիվի անդամները վստահ են, որ այդ «լավ մարդը» ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանն է: Այդ վստահության հիմքն այն է, որ կառավարության 2005թ. թիվ 1468 որոշումով, առանց կոլեկտիվի համաձայնության, «Գիլի» ՍՊԸ-ն սեփականացնում է շենքի 460 քմ տարածք, իսկ այդ ՍՊԸ-ի մեջքին, ըստ «Երառսպասարկման» աշխատակիցների՝ կանգնած է վերոհիշյալ պատգամավորը: Աշխատակիցները, որոնք, ըստ օրենքի, սեփականաշնորհման հարցում առաջնահերթություն ունեն, անհանգստացած են, որ շենքն ամբողջությամբ կանցնի «Գիլիին» եւ այլ մասնավոր կառույցների, իսկ իրենք կմնան փողոցում: «Մեզ թվում է, ՀՀ նախագահի նախընտրական քարոզարշավի ընթացքում նոր աշխատատեղեր ստեղծելու թեզը վերաբերում էր ոչ թե մարդկանց աշխատանքով ապահովելուն, այլ գործազրկության ավելացմանը, մի շարք պաշտոնյաների կամայականության դրսեւորմանը»,- ասում են աշխատակիցները: Ըստ կոլեկտիվի ունեցած տեղեկությունների, Ա. Շաքարյանը սկսել է սեփականաշնորհման երկրորդ փուլը, որի վերջնական նպատակն է օտարել շենքը կոլեկտիվից: «Այդ ո՞ր օրենքով է նախատեսված, որ ինը տարվա աշխատողն իրավունք ունի շենքի տարածքը սեփականացնել, իսկ 40 տարվա աշխատողներն իրավունք չունեն այդ շենքի մասնիկն ունենալ»,- հարցնում են աշխատակիցները: Հարցին լուծում չտրվելու դեպքում նրանք պատրաստվում են դիմել եվրոպական կառույցներին:
Սակայն երեկ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նա այդ շենքում ընդամենը վարձակալում է 5 սենյակ, ընդ որում՝ 10 տարուց ավելի: Որպես հայ-վրացական տնտեսական կառույցի ղեկավար՝ պարոն Բադալյանը «Երառսպասարկում» ՓԲԸ-ի հետ կնքել է համագործակցության պայմանագիր: Ինչ վերաբերում է տարածքի սեփականաշնորհմանը, պատգամավորը նշեց, որ այդ գործընթացի հետ որեւէ կապ չունի: Պարոն Բադալյանը տեղեկացրեց նաեւ, որ «Գիլի» ՍՊԸ-ն նրա ղեկավարած հասարակական կառույցի հիմնադիր անդամներից է: