Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԸ ՔԱՆԴՎՈՒՄ է

Փետրվար 22,2007 00:00

\"\"Արդեն քանի տարի կրթօջախը դուրս է մնում առաջնահերթության սկզբունքով վերանորոգվող դպրոցների ցանկից:

Աերացիա թաղամասում գտնվող միակ՝ Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցը մեծապես տուժել է 1988-ի երկրաշարժից: Շենքի առաջին հարկից մինչեւ չորրորդը՝ արտաքին պատի երկայնքով, մի այնպիսի ճաք է ձգվում, որի ճեղքից տեսանելի է հակառակ կողմը: Թեեւ 2003-ից մինչեւ օրս կրթօջախը քանիցս հայտնվել է ըստ առաջնահերթության՝ դպրոցների վերանորոգման կառավարության ծրագրում, սակայն մինչ օրս այդպես էլ չի վերանորոգվել: «Ժամանակին մեր միջոցներով նույնիսկ Հայ սեյսմիկ ծառայության մասնագետների ենք հրավիրել, ովքեր համապատասխան զննումներից հետո վթարային ակտ են կազմել»,- տեղեկացրեց դպրոցի տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը եւ նշեց, որ այս ամենից հետո քաղաքաշինության նախարարությանը մնում էր միայն մասնագետ ուղարկել դպրոց եւ համոզվել, որ այստեղ անհնար է պարապել: Սակայն, տնօրենի ձեւակերպմամբ՝ ոչ միայն մասնագետներ չեն եկել դպրոց, այլեւ «նախարարը ժամանակ էլ չի գտել իրեն ընդունելու»: Տիկ. Կիրակոսյանը փաստեց, որ քաղաքապետարանի կրթության վարչությունը ամեն տարի իրենց դպրոցն ընդգրկում է արտահերթության հիմունքներով դպրոցների վերանորոգման ցուցակում, բայց անօգուտ. «Անցյալ տարի, օրինակ, գրեթե վերջին փուլին էինք հասել: Հետո պարզվեց, որ կրկին դուրս ենք մնացել ծրագրից» (նախկինում այս ծրագրով խրախուսում էին դպրոցների ՕԵԿ-ական, այսօր՝ ՀՀԿ-ական տնօրեններին, իսկ Ս. Կիրակոսյանն անկուսակցական է – Տ. Հ.):

Դպրոցի տնօրենը պահել է բոլոր պետական փաստաթղթերը, այդ թվում՝ 2003-ին քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանի նամակը՝ ուղղված ԿԳ նախարարությանը, որտեղ նշված է, թե կառավարության որոշմամբ՝ 68 մլն դրամով նախատեսված է Հովհ. Շիրազի անվան դպրոցի վերանորոգումը՝ հիմնանորոգման եւ բարելավման 2002-2006թթ. համալիր ծրագրով:

Ս. Կիրակոսյանի մոտ պահպանվում է մեկ այլ փաստաթուղթ՝ քաղաքաշինության նախարարի նամակը՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, որը թվագրված է 14.04. 05թ.: Այստեղ էլ նշված է, որ թիվ 169 դպրոցի հիմնանորոգման համար 2005-ի նախագծային աշխատանքների ծրագրերի շրջանակներում պետք է մշակվեն նախագծանախահաշվարկային փաստաթղթեր, որից հետո կսկսվի վերանորոգումը: Տիկ. Կիրակոսյանը նեղսրտեց, որ քաղաքաշինության նախարարությունում մինչ օրս իր բոլոր դիմումներին պատասխանում են, թե դպրոցի վերանորոգման հարցին կանդրադառնան միայն նախագծանախահաշվարկային աշխատանքները կատարելուց հետո: «Իսկ դա ո՞վ պիտի անի, ե՞ս, Վաթյա՞նը, նախորդ նախարա՞րը, թե՞ այս նախարարը»,- զարմանում է տնօրենը:

ՀՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարությունների համակարգման բաժնի պետ Մանվել Սարիբեկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ թիվ 169 դպրոցի վերանորոգման հարցն այժմ հանված է օրակարգից. «Այո, լինում է եւ այնպես, որ վերջին փուլում՝ առաջնահերթության սկզբունքով չի անցնում որեւէ դպրոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել