Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգությունը թանկ հաճույք է

Փետրվար 22,2007 00:00

Վթարային շենքերի ամրացման համար քաղաքապետարանը էժան տարբերա՞կն է ընտրել

Արդեն երեք տարի է՝ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի վթարային շենքերի նորոգման աշխատանքներ է իրականացնում: Նորոգման ենթակա հաշվառված 120 շենքից մինչ օրս վերանորոգվել է 3-րդ կարգի վթարային 28 շենք: Չնայած սրան, քաղաքաշինության ոլորտի փորձագետները գտնում են, որ այդ նոր ամրացված շենքերն ամենեւին էլ սեյսմակայուն չեն եւ անգամ 6 բալ երկրաշարժի դեպքում ամբողջովին կավերվեն: «Առավոտի» հետ զրույցում «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության փոխտնօրեն Զավեն Խլղաթյանի խոսքերով՝ «Վերանորոգման ժամանակ ճաքերն են լցնում, հիմքերն են ամրացնում, բայց սեյսմակայունությունն ապահովելու համար ոչ մի բան չեն անում, ընդամենը շենքերը բերում են իրենց նախկին վիճակին»: Ըստ պարոն Խլղաթյանի, շենքերի սեյսմադիմացկունությունը հնարավոր չէ ապահովել միայն ճաքերը լցնելով. «Քարե կոնստրուկցիայով շենքերի դեպքում պետք է ռետինամետաղական բարձիկներ տեղադրել, իսկ պանելային շենքերի տանիքներին՝ դինամիկ մարիչ, այսինքն՝ լրացուցիչ հարկ ավելացնել, որը շենքի անվտանգությունը 2 անգամ կբարձրացնի: Երկրաշարժի դեպքում ավելացված հարկը տատանվում է շենքին հակառակ եւ ապահովում է հավասարակշռությունը: Քաղաքապետարանի վերանորոգած շենքերի սեյսմակայունության մակարդակը ցածր է Երեւանի սեյսմիկ վտանգի մակարդակից: Այդ քարե շենքերը 9 բալանոց երկրաշարժին չեն դիմանա»:

Զ. Խլղաթյանի ներկայացմամբ, իրենց գործակալությունը բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ քաղաքաշինության նախարարություն, որպեսզի իրենց առաջարկությունները՝ թերությունների վերաբերյալ, հաշվի առնեն: Սակայն քաղաքապետարանը սեյսմագետներին մերժել է՝ պատճառաբանելով, որ գործակալությունը լիազոր մարմին չէ եւ որ վերոնշյալ երկու պետական մարմինները համատեղ ունեն փորձարարական լաբորատորիա: Զ. Խլղաթյանի խոսքերով, պետական լաբորատորիայի սարքավորումները ժամանակակից չեն. «Իսկ մեր գործակալությունը կարող է միջազգային չափանիշներին համապատասխան փորձարկումներ անել»:

Գործակալության փոխտնօրենի կարծիքով, որակյալ սեյսմակայուն բարձիկները թանկ են, եւ գուցե հենց այդ է պատճառը, որ քաղաքապետարանը շենքերի սեյսմակայունությունը չի ապահովում: Չնայած սրան, երեկ մեզ հետ զրույցում, քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզե Բասենցյանը հավաստիացրեց, որ այդ շենքերի վերականգնման աշխատանքների մեջ մտնում են նաեւ դրանց սեյսմակայունության ամրապնդման աշխատանքները. «Մենք շենքերը բերում ենք այն վիճակի, որ հնարավոր լինի ապրել, բերում ենք անվտանգ, այսինքն ոչ վթարային վիճակի, միաժամանակ սեյսմակայունությունն ենք վերականգնում: Եթե աշխատանքներ անենք սեյսմիկ ազգային ծառայության պահանջներով՝ ուրեմն շենքը հիմնովին պիտի քանդենք, իսկ դա հնարավոր չէ: Իրենց հաստատած կարգով շենքը պիտի 9 բալանոց երկրաշարժին դիմանա, բայց մենք ապահովում ենք 8 բալանոց սեյսմակայունություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել