Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԻՋԵՑՐԻՆ ՑԵՄԵՆՏԻ ԳԻՆԸ

Փետրվար 22,2007 00:00

\"\"Ըստ «Միկացեմենտ» գործարանի տնօրենի, պատճառը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի զգուշացումը չէ:

«Միկացեմենտ» ընկերությունն այս տարվա հունվարի 1-ից ցեմենտի գինը 1 տոննայի հաշվարկով 2000 դրամ իջեցրել է: Թե ինչն է էժանացման բուն պատճառը՝ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Բանն այն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք շուկաներում 2006-ի դեկտեմբերին ուսումնասիրություններ էր արել ու պարզել, որ որոշ տնտեսվարողներ, այդ թվում՝ ցեմենտի գործարանի տնօրինությունը, չհիմնավորված բարձր գին են կիրառում: Ըստ հանձնաժողովի, ցեմենտի 1 տոննան՝ «Միկան» գործարանից բաց է թողնում մոտ 28 հազար դրամով, իսկ շուկայում այն վաճառվում է 35-40 հազար դրամ, այսինքն՝ ձեռնարկությունը գերշահույթներ է ստանում: Հանձնաժողովը զգուշացրել էր տնտեսվարողներին, որ մինչեւ հունվարի 20-ը գներն իջեցնեն, այլապես կտուգանվեն: Հունվարի 1-ին «Միկացեմենտի» արտադրանքի էժանացումն ամենից շատ հենց հանձնաժողովի այս զգուշացման հետ է կապվում: Մինչդեռ երեկ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն «Առավոտի» հետ զրույցում բոլորովին այլ կերպ մեկնաբանեց գնի իջեցումը. «Ցեմենտը սեզոնային ապրանք է, եւ ձմռանը, հաշվի առնելով շինարարության ծավալները, պահանջարկը նվազում է, դրա համար էլ գինն իջեցրել ենք, բացի այդ, դոլարի կուրսն էլ մի փոքր ազդել էր: Մենք դրսից համարյա բան չենք առել, հումքը չենք ներկրել, մենք դրամական աշխարհում ենք գործում, ուստի կուրսը մեր շահույթի վրա համարյա չի ազդում: Մեզ ասում են՝ դոլարի կուրսի հետ կապված ինչի՞ ցեմենտի գինը չես իջացնում, բայց ես ի՞նչ եմ անում դոլարի դաշտում, որ մի հատ էլ իջացնեմ»: Նկատենք, որ ցեմենտի ինքնարժեքի մեջ 45-50 տոկոսը կազմում է գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը, մոտ 19 տոկոսը՝ աշխատավարձերը, 13 տոկոսը՝ հումքը եւ այլ մանր-մունր ծախսեր, այսինքն՝ հիմնական մեծ ծախսը վառելիքն է: Չնայած գազի գինն արտադրական ձեռնարկությունների համար 2006-ի ապրիլին թանկացել է՝ 79 դոլարից դառնալով 94.5 դոլար, բայց գազը մենք ներկրում ենք դոլարով, իսկ դոլարի կուրսը մայիսից սկսած՝ իջել է, ուստի ընդհանուր առմամբ ցեմենտի գները դեռ 2006-ին պետք է իջնեին, ինչը չեղավ: Եվ այս տարվա հունվարին 1 տոննա ցեմենտի 2000 դրամով էժանացումը, դեռ հարց է՝ արդարացվա՞ծ է, թե՞ ոչ եւ արդյո՞ք հենց 2000 դրամով գինը պետք է իջներ, թե՞ ավելի շատ:

Նաիրա Մարտիրոսյանը հաստատեց, որ ցեմենտի գներն իջեցրել են միայն ներքին շուկայում, իսկ արտահանման գինը չի փոխվել: Սա նույնպես վկայում է այն մասին, որ, այնուամենայնիվ, «Միկացեմենտն» իր արտադրանքն էժանացրել է հատկապես հանձնաժողովի զգուշացման արդյունքում, որովհետեւ Վրաստանում նույնպես ձմեռ է եւ այնտեղ էլ պահանջարկը պետք է նվազած լիներ, ուստի արտահանման գինն էլ պետք է իջներ: Իսկ միայն ներքին շուկայի համար հենց ամսի 1-ին գինն էժանացնելը դիտարկվում է որպես նախապատրաստական քայլ՝ չտուգանվելու: Սակայն տնօրենը արտահանման գինը բարձր պահելը բացատրեց նրանով, որ դոլարի կուրսի արժեզրկման հետեւանքով արտահանումից շատ են տուժում, ուստի գինը չեն իջեցնում:

Հայաստանում վերավաճառողների շուկան բարձիթողի վիճակում է: Վերավաճառողները հիմնականում դուրս են հարկման դաշտից: Սա նույնպես նպաստում է շուկայում ցեմենտի գների աճին. ով ինչ գին ուզում՝ դնում է: Արդյունքում՝ շուկայում 1 տոննա ցեմենտը վաճառվում է գործարանի բաց թողած գնից անհամեմատ թանկ: Հանձնաժողովը գտնում է, որ «Միկացեմենտը» պետք է դա թույլ չտա, մինչդեռ, ըստ Ն. Մարտիրոսյանի, դա իրենց խնդիրը չէ. «Մենք ընդամենը արտադրող ենք եւ ցեմենտ վաճառում ենք բոլոր գնորդներին, թե նրանք ինչ գին կդնեն ու ինչքան շահույթ կստանան՝ մեր խնդիրը չէ: Բայց ես կարծում եմ, որ վերավաճառողները գերշահույթ չեն ստանում, տեղափոխման գինն են հանում. 1 տոննան գործարանից տեղափոխելը 2000 դրամ է, մեքենան 12-13 տոննա է բարձում. հաշվարկեք՝ կտեսնեք, որ վաճառողներն ընդամենը 5 տոկոս շահույթ են ստանում: Այո, վերավաճառողներից են նաեւ «Միկայի» բենզալցակայանները, բայց բենզալցակայանն էլ տեղափոխման ծախս է անում, չէ՞, գնի մեջ մի 3-4 հազար դրամի տարբերություն է լինում, դա նորմալ է, ոչ մեկն էլ սիրուն աչքերի համար ցեմենտ չի ծախում»:

«Միկացեմենտի» տնօրենն ասաց, որ ամռանը, հնարավոր է, ցեմենտի գինը նորից թանկացնեն. «Կառուցապատողներն իրենց շենքի մի քմ-ն թանկ գներով վաճառում են, ես ինչի՞ պիտի իմ ցեմենտն էժան տամ: Գործարանում 900 աշխատող կա, էդ 900 հոգու երեխեքին պսակում ենք, մեռելներին թաղում ենք, հիվանդներին վիրահատում, բարեգործություններ ենք անում, բա ինչի՞ հաշվին է լինում էդ ամենը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել