Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՂՅԱԿ ՈՒ ԱՆՏԱՐԲԵՐ

Փետրվար 22,2007 00:00

Ընդդիմադիր պատգամավորները, որոնք միշտ բողոքում են, թե հեռուստաեթերն ամբողջովին հայտնվել է իշխանության վերահսկողության ներքո՝ անտարբեր են դառնում, երբ հնարավորություն է առաջանում օրենքով փոխել այդ վիճակը:

Ահա փետրվարի 20-ին էլ, երբ ԱԺ-ն քննարկում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող փաթեթը՝ առանձնապես լայն քննարկում չծավալվեց, եւ գոնե ընդդիմադիրները չմասնակցեցին դրան: Հրանուշ Հակոբյանն առաջարկեց, որ ՀՌԱՀ-ի ոչ միայն նախագահն ու տեղակալը վարձատրվեն, աշխատավարձ ստանան, իսկ հանձնաժողովի մյուս անդամները գործեն հասարակական սկզբունքներով, այլեւ բոլորը ստանան աշխատավարձ: Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն էլ պատասխանեց, որ դա ոչ միայն ֆինանսական, այլեւ օրենսդրական լուրջ փոփոխությունների արդյունքում պետք է արվի: Երեկ էլ այս փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Սակայն դեռ անցած շաբաթ էր Երեւանի մամուլի ակումբն ասուլիսում հրապարակել իր մեկնաբանությունները այս փաթեթի մասին, ըստ որոնց՝

ա) Այս նախագծերով ամբողջովին չեն լուծվում ՀՌԱՀ-ի կարգավիճակին առնչվող եւ նրանում ներկայացուցչական բազմազանություն ապահովելու հարցերը:

բ) Նախագծերը չեն սահմանում, թե ինչպես է ՀՌԱՀ-ը կարգավորելու եւ վերահսկելու հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը:

գ) Անտեսվել են միջազգային կառույցների կոչերը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտի 2006-ի «Մամուլի ազատության իրավիճակը Հայաստանում» զեկույցի՝ «Բոլոր խորհուրդների կազմերը պետք է արտացոլեն երկրի քաղաքական-հասարակական բազմազանությունը եւ պետք է ներառեն ՀԿ-ներ եւ մասնագիտական ընկերակցություններ» հորդորը:

դ) Նախագծերը չեն սահմանում ԱԺ կողմից ՀՌԱՀ անդամի թեկնածուներին առաջադրելու կարգը:

ե) Օրինագծերի ընդունման դեպքում միայն 4 տարի հետո՝ 2011-ին կարող է ապահովվել Սահմանադրության պահանջը, այն է՝ ՀՌԱՀ-ում ԱԺ կողմից ընտրված եւ ՀՀ նախագահի կողմից նշանակված անդամների 50:50 հարաբերակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել