«Թե ով կհաղթի՝ կարեւոր է, բայց ավելի կարեւոր է՝ ինչպես կհաղթի»,- կարծիք է հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ «Ուոլ Սթրիթ Ջորնալ» հեղինակավոր ամերիկյան թերթի հոդվածում անդրադառնալով առաջիկա ԱԺ ընտրություններին:
«Իմ երկիրը տառապում է ոչ ժողովրդավարական քաղաքական համակարգից եւ լայնորեն տարածված կաշառառությունից: Հայաստանի քաղաքացիներն ազատ չեն: Մեր լրատվամիջոցները վերահսկվում են պետության կողմից, եւ հեռուստաեթերը ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրարշավի ընթացքում խիստ սահմանափակ է: Մեր քաղաքացիներն աղքատ են, ազգային հարստության մեծ մասը մի քանի օլիգարխի ձեռքին է: Սեփականաշնորհումը ուղեկցվել է զանգվածային կոռուպցիայով»,- թերթում երեկ տպագրված հոդվածում գրում է Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակը:
«Հայաստանի վերնախավը թակարդված է մնում անցյալում: Բայց դառը հիշողություններով ապրելը խոչընդոտում է մեր հարաբերությունները հարեւանների՝ գլխավորապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Դա չի կարող նպաստել խաղաղությանը, կայունությանը եւ երկարաժամկետ բարգավաճմանը: Հաշվի առնելով այն օգուտը, որը Հայաստանի տնտեսությունը կարող է քաղել Ադրբեջանի էներգետիկ մատակարարումներից եւ թուրքական ներդրումներից, մեր կապերի նորմալացումը այդ երկու երկրների հետ, որոնց հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, վճռորոշ կլինի մեզ եւ ողջ տարածաշրջանի համար»,- կարծիք է հայտնել Արթուր Բաղդասարյանը:
«Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի շուրջ չլուծված հակամարտությունը պետք է կարգավորվի: Այն նվազեցնում է Հայաստանի եւ տարածաշրջանի ռազմավարական արժեքը: Մենք ընդհանուր շահագրգռվածություն ունենք՝ հաստատելու, որ մեր տարածաշրջանը կարող է օգուտ քաղել իր աշխարհաքաղաքական դիրքից եւ դառնալ Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի շուկաները կապող օղակ: Միակ տեւական լուծումը բանակցային կարգավորումն է, որը կպահանջի երկուստեք զիջումներ»,- գրել է «Օրինաց երկիր»-ի առաջնորդը:
«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացման համար մենք կարիք ունենք մեր արտաքին քաղաքականության կանխատեսելիության, ուստի Հայաստանին անհրաժեշտ են ավելի սերտ կապեր Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ: Մասնավորապես, Եվրամիության անդամակցության մեր շանսերը ավելի մեծ կդառնան, եթե մենք եւ մեր հարեւանները սովորենք ավելի լավ համագործակցել եւ կարգավորենք մեր սառեցված հակամարտությունները: Մենք Հայաստանում կարիք ունենք ուժեղ կառավարության, ինչը ամենից առավել նշանակում է ժողովրդի աջակցությունը վայելող լեգիտիմ իշխանություններ: Հայաստանի հաջորդ ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար: Մեր քաղաքացիներն արժանի են ավելի բարձր կենսամակարդակի եւ երկրում մնալու ավելի շատ դրդապատճառների: Մենք շարունակում ենք կորցնել լավագույններին, որոնք հիասթափված են հայրենիքում մնալու աղոտ հեռանկարներից»,- գտնում է Արթուր Բաղդասարյանը: