Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» ԵՆ

Փետրվար 22,2007 00:00

\"\"Առաջիկա ԱԺ ընտրություններում ԱՄՆ-ում ապրող ՀՀ քաղաքացիները Հայաստանի իշխանություններին ձայն չեն տա

Օրերս «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը վերադարձել է ԱՄՆ-ից, ուր մեկնել էր այդ երկրի Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հրավերով՝ «Կարնեգի» կենտրոնում Հայաստանում նախընտրական գործընթացների վերաբերյալ զեկույցով հանդես գալու համար: Այդ այցի մասին հատկապես իշխանամետ մամուլում մի քանի կծու հրապարակումներ էին եղել, որոնց հպանցիկ անդրադառնալով՝ Ա. Սարգսյանը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության բարեկամ երկիր է, եւ այդ բարեկամությունը, կուսակցության նախագահի ասելով, դրսեւորվում է ոչ միայն Հայաստանին հատկացվող միլիոնավոր դոլարների օգնությունների, այլեւ ժողովրդավարության հաստատմանն աջակցություն ցուցաբերելու ծրագրերի իրականացման տեսքով: «Հենց այս համատեքստում էլ, նկատի ունենալով նաեւ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները, ԱՄՆ քաղաքական շրջանակների հետաքրքրությունը մեր երկրում ժողովրդավարական գործընթացների հանդեպ կտրուկ աճել է»,- մեր զրույցի ժամանակ ասաց Ա. Սարգսյանը՝ իր կատարած այցը գնահատելով իբրեւ «դրական» եւ «արդյունավետ»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Սարգսյանի ասելով՝ ինքն ու կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի առանձին ներկայացուցիչների, նաեւ Միացյալ Նահանգների քաղաքական շրջանակների ու ռազմավարական հետազոտությունների, վերլուծական տարբեր կենտրոնների փորձագետների հետ՝ հարցրինք, թե վերջիններս ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանում սպասվող ընտրություններից: Ա. Սարգսյանը նախ շեշտեց, որ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ ամերիկյան կողմի ներկայացուցիչները հաճելիորեն զարմացած են եղել այն փաստով, որ Հայաստանում կան ԼՂ հակամարտության կարգավորման, էներգետիկ հիմնախնդիրների շուրջ ուրույն եւ իշխանությունների տեսակետներից տարբերվող դիրքորոշում ունեցող ընդդիմադիր ուժեր՝ նկատի ունենալով մասնավորապես նաեւ «Հանրապետությանը»: Մյուս կողմից, կուսակցության նախագահը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններին տվել է իր օբյեկտիվ գնահատականը, միաժամանակ փաստեց, որ 2003թ.-ից հետո տեղի ունեցած բոլոր ընտրություններն ավելի վատն են եղել, քան նախորդները, ինչին քաջատեղյակ են նաեւ ԱՄՆ քաղաքական շրջանակները: «Հետեւաբար խոսել Հայաստանում էվոլյուցիոն զարգացումների մասին՝ պարզապես անհեթեթ է, որովհետեւ էվոլյուցիան ինքնին առաջընթաց է նշանակում, իսկ մեր երկիրը ժողովրդավարության եւ այլ առումներով եւս առայժմ ետընթաց է արձանագրում»,- կարծիք հայտնեց Ա. Սարգսյանը:

Այդուամենայնիվ, բազմիցս, անգամ ամենատարբեր աղբյուրների փոխանցմամբ, հենց ամերիկյան դիվանագետներն են հասկացնել տվել, որ ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ավելի շատ հետաքրքրված է հակամարտությունների, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ եւ պատրաստ է հանուն դրա Հայաստանում ժողովրդավարական զարգացումները ստորադասել:

«Հանրապետության» նախագահի ասելով՝ «Հայաստանում քաղաքական խնդիրները լուծում է հայ ժողովուրդը: Մենք ինքներս ենք որոշողը՝ ինչպիսի երկիր ենք ունենալու եւ ինչպիսի երկիր ենք կառուցելու: Դրա համար մի բան է անհրաժեշտ՝ ընդդիմադիր դաշտի միավորում: Գոնե գաղափարական ուժերը պետք է միավորվեն, եւ այդ դեպքում ոչ թե ԱՄՆ-ն, այլ ողջ առաջադեմ աշխարհը կաջակցի մեզ: Դրանում ես համոզված եմ: Ակնհայտ է նաեւ, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման պարագայում ԱՄՆ-ի աջակցությունն էլ է մի քանի անգամ ավելին լինելու, քան կա: ԱՄՆ-ում իմ հանդիպումների ժամանակ ես հասկացա, որ այնտեղ Հայաստանի մասով կան ծրագրեր, որոնց իրագործումը շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը դուրս կբերի մեկ այլ հարթություն, բայց ինձ համար ակնհայտ էր նաեւ, որ այս իշխանությունների պարագայում դա չի աշխատի: Այս իշխանությունները դրան պատրաստ չեն, եւ դա իրենց համար կարեւոր չէ, որովհետեւ նրանք ամեն օր իրենց կենսական խնդիրն են լուծում՝ գիտակցելով, որ ամեն օր հեռանալու վտանգն իրենց գլխին կախված է»:

2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնավորապես ԱՄՆ-ում ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը քվեարկել էր ընդդիմության օգտին: Ինչպիսի՞ տրամադրություններ կան այսօր Միացյալ Նահանգներում հանգրվանած մեր համերկրացիների շրջանում, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ այնտեղ էլ ընդդիմությունից որոշակի հիասթափություն կա: Ա. Սարգսյանն այս հարցադրմանն ի պատասխան հավաստիացրեց, թե գոնե այն մարդիկ որոնց հետ ինքը շփվել է ԱՄՆ-ում, այդ թվում՝ այն երիտասարդները, ովքեր ԱՄՆ-ում լուրջ կարիերա են անում, օրինակ՝ Վաշինգթոնում, ՀԲ-ում, կամ ովքեր ԱՄՀ-ում լուրջ մասնագիտացված տնտեսագիտական խմբեր են ղեկավարում, նաեւ ովքեր ներգրավված են հայկական լոբբիստական խմբերում, միանշանակ ընդդիմադիր կեցվածք ունեն եւ ընդդիմության համակիրներն են: «Եթե այսօր ԱՄՆ-ում քվեարկություն տեղի ունենա՝ ՀՀ իշխանությունները զրո ձայն կհավաքեն»,- վստահեցրեց «Հանրապետության» նախագահ Ա. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել