Մեքսիկայի Մորելիա քաղաքում ընթացող շախմատի «24 Torneo International de Ajedrez Morelia-Linares 2007» գերմրցաշարի երրորդ տուրում Վեսելին Տոպալով-Պետեր Լեկո, Պյոտր Սվիդլեր-Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Մորոզեւիչ-Լեւոն Արոնյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի եւ միայն Վիշվանաթան Անանդը սեւերով պարտության մատնեց Մագնուս Կարլսենին: Մորոզեւիչ-Արոնյան պարտիայի սկզբում ռուսաստանցին մրցակցի արքայական թեւի վրա հզոր գրոհ կազմակերպելու լավ հեռանկար ստացավ, սակայն Լեւոնի հստակ պաշտպանության շնորհիվ չկարողացավ գտնել հաղթանակ տանող ուղիները: Փոխարենը՝ Արոնյանը որակի զոհաբերումով հասավ իրեն ձեռնտու վերջնախաղի, իսկ նրա փոխկապակցված երկու զինվորները դիրքի բավարար փոխհատուցում ապահովեցին, ու մրցակիցները բաժանեցին միավորը:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի: 1-2. Վիշվանաթան Անանդ, Վասիլի Իվանչուկ՝ 2,0-ական միավոր, 3-6. Լեւոն Արոնյան, Պետեր Լեկո, Պյոտր Սվիդլեր, Մագնուս Կարլսեն՝ 1,5-ական, 7-8. Վեսելին Տոպալով, Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 1,0-ական:
Երեկ մրցաշարում հանգստի առաջին օրն էր: Այսօր՝ չորրորդ տուրում խաղում են Լեկոն եւ Արոնյանը, Անանդը եւ Մորոզեւիչը, Իվանչուկը եւ Կարլսենը, Տոպալովը եւ Սվիդլերը:
Մորելիային զուգահեռաբար՝ Մոսկվայում ընթացող «Aeroflot Open»-ի մասնակիցներն արդեն անցել են ճանապարհի 1/3-րդը: Խաղացվել է վեց տուր: Ուժեղագույնների «A1» խմբում մեր հանրապետության յոթ ներկայացուցիչներից առայժմ բոլորից հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Նա 4,5 միավորով բաժանում է 2-5-րդ հորիզոնականները՝ միանձնյա առաջատար Ստանիսլավ Նովիկովին (Ռուսաստան) զիջելով ընդամենը կես միավորով: Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը 4,0-ական միավորով 6-22-րդ տեղերը զբաղեցնողների խմբում են:
«A2» խմբում իրենց անվան դիմաց 4,0-ական միավոր են գրանցել Արման Փաշիկյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը, Բենիամին Գալստյանը, Դավիթ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը: Նրանք այլ մասնակիցների հետ բաժանում են 15-31-րդ տեղերը: Իսկ «B» խմբում հանդես եկող Դավիթ Քալաշյանը 5,5 միավորով հավակնում է մրցանակային տեղի: