Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմն բանտում լինելն ազատությունից ապահով է

Փետրվար 21,2007 00:00

Խոսքը, մասնավորապես, հանցագործ աշխարհի ներկայացուցիչների մասին է

Փետրվարի 15-ին «Ռելաքս» դիսկո-ակումբում տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Այս սպանության առնչությամբ նախօրեին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը, որից պարզ էր դառնում, որ սպանության մեջ մեղադրվող եւ այսօր հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Վարդան Զավենի Գեւորգյանը՝ ծն. 1973թ., նույն ինքը՝ «Մանումենտցի Հայկոն», իր զոհերին՝ Մհեր Պողոսյան-«Մըգստին» եւ Արտաշես Համբարձումյանին սպանել է «իր մոտ օրինական հիմքերով գտնվող «Վիկինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակից» ու դիմել փախուստի:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ մեզ նախեւառաջ հետաքրքրեց հատկապես այն, որ հանցագործության գործիք հանդիսացած «Վիկինգ» տեսակի ատրճանակը, պարզվում է, օրինական է: Ըստ մեր աղբյուրների, 024460192 գործարանային արտադրության ատրճանակը մեկն է այն մի քանի տասնյակ զենքերից, որը նվիրաբերել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու որոնցով միայն վերջին տարիների ընթացքում մի քանի հանցագործություն է կատարվել: Իհարկե, երեկ մենք փորձեցինք ե՛ւ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մերի Հարությունյանից, ե՛ւ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից ճշտել, թե որքանով է համապատասխանում իրականությանը՝ հանցագործության գործիք զենքը ՀՀ վարչապետի կողմից նվիրված լինելու մասին տեղեկությունը: Մ. Հարությունյանը, առանց հերքելու կամ հաստատելու լուրը, հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ ոստիկանությանը, իսկ Ս. Տռուզյանն ասաց, որ իրենք տարածված պաշտոնական հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեն: Ասում են՝ լռությունը համաձայնության նշան է, իսկ թե որքանով են այս տեղեկությունները հավաստի՝ հույս ունենք ՀՀ ոստիկանությունը կպարզաբանի:

Վ. Գեւորգյանը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մեղադրվում է ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով:

Պաշտոնական տեղեկատվությունից զատ, ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից մեզ հաջողվեց պարզել, որ սպանված եւ հանցագործ աշխարհում «Մըգստ» մականունով հայտնի Մ. Պողոսյանի անունը, ով մտերիմ հարաբերություններ է ունեցել հայաստանյան նախարարներից մեկի հետ, մի քանի տարի առաջ կապվում էր նաեւ «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանի՝ Տոլյատիում իրականացված սպանության հետ:

Ի դեպ, մեր աղբյուրներից ոմանք համամիտ չեն քննարկվող այն վարկածի հետ, թե «Ռելաքսում» տեղի ունեցած սպանությունը կատարվել է վրեժխնդրության հողի վրա, որովհետեւ, ըստ որոշ տեղեկությունների, դեպքից 10-15 օր առաջ սպանված Մ. Պողոսյանն ու սպանության մեջ մեղադրվող «Բարեց Հայկոն» նույն դիսկո-ակումբում էլի են հանդիպել եւ վիճաբանությունը նրանց միջեւ ծագել էր դեռ այն ժամանակ: Իսկ Մ. Պողոսյան-«Մըգստը», ըստ մեր տեղեկությունների, միշտ էլ գտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ասում են՝ նա քրեական աշխարհում հայտնի է եղել որպես քիլլեր: 1998-ին էլ նա 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել «3-րդ մասի» շուկայի տնօրեն «Կյաժ Արոյին» դիմահար կրակոցով դիտավորյալ սպանելու համար: Բայց հենց այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս էր «Մըգստը» հայտնվել ազատության մեջ, երբ օրենքով դեռեւս ազատազրկման վայրում պետք է լիներ: Պարզվում է՝ Մ. Պողոսյանն իրականում Նուբարաշենի ՔՊԻՎ-ում իր պատիժը կրել է ընդամենը 1-1,5 տարի, որից հետո՝ 2000-2001 թվականներին, իբր, առողջության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ, տեղափոխվել էր կալանավայրերի կենտրոնական հիվանդանոց, որտեղից էլ ազատ է արձակվել, որովհետեւ, եթե հավատալու լինեինք «բժիշկ մասնագետներին», նա տառապում էր «ցեռոզով» եւ նրան մոտ մեկ կամ մեկուկես տարի ապրելու ժամանակ էր մնում: Ազատության մեջ հայտնվելուց հետո էլ «Մըգստը» հասցրել է անգամ մեղադրվել մեկ այլ հանցագործության՝ ռեկետի մեջ, բայց դարձյալ հաջողացրել էր խույս տալ արդարադատությունից եւ այս անգամ իրավապահների թեթեւ ձեռքով «Մըգստի» նկատմամբ քրգործը կարճվել էր՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել