Շիրակի մարզի գյուղապետերից շատերը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքից անտեղյակ էին
Շիրակի մարզի մի շարք գյուղապետեր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին չէին տրամադրել 2005-2006-ի ավագանու որոշումներն ու 2005-ի հաստատված բյուջեի մասին տեղեկատվությունը: Գյուղապետերի գերակշռող մասը հարկ չէր համարել տալ այդ տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե «մենք էդքան պարապ չենք, որ անլուրջ գործերի հետեւից ընկնենք»: Գործի լրջությունը գյուղապետերը հասկացել են միայն այն ժամանակ, երբ Լեւոն Բարսեղյանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը խախտելու համար առայժմ յոթ գյուղապետի դատի է տվել, չնայած օրինախախտ գյուղապետերի թիվն ավելի շատ է:
Օրերս Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում լսվեց Լ. Բարսեղյանի հայցն՝ ընդդեմ Ամասիայի, Ազատանի, Արտենիսի, Շիրակի, Ողջիի, Մեծ Սեպասարի եւ Փոքր Սեպասարի գյուղապետերի: Դատարանում ներկա էին միայն նշված առաջին 4 գյուղապետարանների ներկայացուցիչները: Նրանք թեեւ «Ասպարեզի» վրա դեռ մի բան էլ «մուննաթ» էին եկել, որ ինֆորմացիա պարտավոր չեն տրամադրել, դատարանում արդարանում էին, որ ակումբի դիմումին չպատասխանելն իրենց մեղքը չէ. «Հայփոստն» է մեղավոր, «Ասպարեզի» գրավոր դիմումը մենք չենք ստացել»,- պնդում էր Ազատանի գյուղապետի տեղակալ Ռոբերտ Չարխիֆալակյանը: Արտենիսի գյուղապետ Զորկին Իսպիրյանն էլ համոզում էր, որ ձմռանը գյուղի ճանապարհները փակ են, որի պատճառով էլ նամակագրական կապ չկա: Իսկ Ամասիայի գյուղապետի տեղակալ Վարդան Շավոյանը դատավարության ընթացքում էլ դեռ չէր հասկացել, որ, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, գյուղապետարանը պարտավոր է ինֆորմացիա տրամադրել ոչ միայն հ/կ-ներին, այլեւ ցանկացած գյուղացու: Այդ է պատճառը, որ ողջ նիստի ժամանակ, որպես հիմնական հակափաստարկ, Վ. Շավոյանը ներկայացնում էր, որ հ/կ-ների գոյության մասին գյուղապետը տեղյակ չի եղել. «Բա հ/կ-ների ցուցակը մի հատ բերեիք, ներկայացնեիք՝ իմանայինք ինչ անեինք»:
«Առավոտի» հետ զրույցում, ի պատասխան այն դիտարկմանը, որ գյուղացուն էլ պարտավոր են տեղեկատվություն տրամադրել, հակառակ դեպքում նա էլ կարող է դատի տալ՝ գյուղապետերից մեկը նկատեց. «Մեկն էղնի՝ գյուղացուն դատի տա, չորս տարի է՝ մեզի խայտառակ կենեն. հողի համար կոպեկ չեն վճարե»: Գյուղապետարանների ներկայացուցիչների անհիմն պատճառաբանությունները համբերությունից հանեցին «Ասպարեզ» ակումբի շահերի պաշտպաններ Արտուշ Գրիգորյանին ու Սուսաննա Մխիթարյանին: Նրանք ստիպված էին օրենքի բոլոր դրույթները մեկ առ մեկ մանրամասնել, որպեսզի գյուղապետերին լուսավորեին, թե որ դեպքերում պետք է ինֆորմացիա տրամադրեն, որ դեպքերում՝ ոչ: Ըստ «Ասպարեզի» փաստաբանների, դատավարությունը գյուղապետերի համար դաս կլինի. «Եթե այսօրվա դատավարությունը չլիներ՝ ես համոզված եմ, որ ներկաները չէին հասկանա, թե իրենց այս վարքագծով արհամարհելով «Ասպարեզ» ակումբի խնդրանքը՝ խախտում են օրենքը»,- ասաց Սուսաննա Մխիթարյանը:
Դատական նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 22-ը: