Այգիների բնակիչներից ոմանք արդեն տեղահան են եղել, մնացածն էլ որոշել է պայքարել, ընդհուպ՝ ինքնահրկիզվել:
Արդեն 5 օր է՝ Դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակիցները (ԴԱՀԿ) սկսել են անխնա ոչնչացնել «Նոյ» թաղամասում գտնվող Դալմայի այգիները: Երեկ մեր այցելության պահին էլ տրակտորները եւ ԴԱՀԿ-ի վարձած բանվորները հողին էին հավասարեցնում այգիների պտղատու ծառերն ու տնկիները: Եվ որքան էլ այգու տերերը աղաչում-պաղատում էին աշխատանքները կասեցնել, միեւնույն է՝ «ջարդարարներն» իրենց գործն էին անում: Օրենքի ներկայացուցիչներին ամենեւին էլ չէին հուզում Դալմայի այգիների բնակիչների այն բացատրությունները, որ այդ հողատարածքներն իրենց ապրելու եւ եկամուտ ստանալու միակ միջոցն են: Բնակիչ Ջեմմա Կիրակոսյանի այգին արդեն աճուրդով վաճառվել է ոմն Ռուզաննա Աբրահամյանին: Ներկայումս Ջ. Կիրակոսյանի ծառերի մեծ մասը հողին է հավասարեցված. «Այս ամենը թալան է, անխղճություն ու կոտորած՝ ՀՀ իշխանությունների կողմից, մարդու իրավունքների կոպիտ խախտում: Շուրջ 300 ծառ ու թուփ կա իմ այգում, այս ծառերը եւ տնկիները իմ զավակներն են, ինչպես են նրանց կոտորում: 60 տարեկան եմ, հազիվ այգիս եմ մշակում, որ ապրեմ, այսուհետ ինձ ով աշխատանք կտա, եթե ինձ զրկեն ապրելու միակ միջոցից: Ամուսինս այս ամենի պատճառով ինֆարկտ ստացավ ու մահացավ»:
Այգիների բնակիչների ներկայացմամբ, իրենք չեն կարող վերցնել այն գումարները, որ իրենց առաջարկում են աճուրդի միջոցով այգիները գնած նոր հողատերերը, քանի որ «դրանք գրոշներ են եւ այդ գումարով չենք կարող տուն գնել ու մեր երկար տարիների չարչարանքի փոխհատուցումը ստանալ»:
Ջ. Կիրակոսյանի պատմելով՝ ինքը դիմել է քաղաքապետարան, որպեսզի տունը գրավ դնի եւ հողակտորը գնի. «Քաղաքապետարանից մեկ քմ-ի համար 45 դոլար պահանջեցին, մինչդեռ մեզ՝ որպես փոխհատուցում, մեկ քմ-ի համար տալիս են 2-3 դոլար»:
Բնակիչ Համլետ Հովհաննիսյանի ընտանիքն արդեն 4 տարի բնակվում է Դալմայի այգիներում գտնվող մեկ սենյականոց տնակում: Հ. Հովհաննիսյանի կնոջ՝ Կարինե Միրզոյանի պատմելով՝ այդ հողակտորը իր ամուսնու 80-ամյա հորը՝ պատերազմի վետերան, հաշմանդամ Հայկ Հովհաննիսյանին հատկացվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար. «Այստեղից մոտ 70 մեքենա քար ենք հանել: Մեր ապրուստի միակ միջոցն այս այգին է, որը կյանքի գնով ենք ձեռք բերել, երեխաների պես ենք պահել, մի կերպ ձեռքերով ենք ջուր կրել, որ այգիները չորացումից փրկենք, իսկ հիմա դաժանաբար ոչնչացնում են: Եթե մեզ այստեղից վտարեն՝ մենք սովամահ ենք լինելու»:
Բնակիչներին վրդովեցնում է հատկապես այն, որ հողերը էժան գներով իրենց ձեռքից վերցնում են եւ շատ թանկ գներով վերավաճառում: Երեկ բնակիչները սպառնում էին, որ եթե կառավարությունը պատշաճ փոխհատուցում չտա կամ չկասեցնի ծառաջարդը՝ կինքնահրկիզվեն: