Երեկ Ազգային ժողովի նախագահի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին չէին մասնակցում միայն «Ժողպատգամավոր» եւ «Գործարար» խմբերի, նաեւ ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչները: Շուրջ կես ժամ տեւած քննարկումից հետո «Առավոտի» խնդրանքով ներկայացնելով, թե ինչ պայմանավորվածության են հանգել Սահմանադրական դատարանի փետրվարի 16-ի որոշման կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց. «ՍԴ որոշումը բացարձակապե՛ս չի խոչընդոտում ԱԺ ղեկավարության, խմբակցությունների եւ Հանրային հեռուստառադիոընկերության միջեւ ձեռք բերել պայմանավորվածություն, որը կտա հնարավորություն՝ առանց որեւէ փոփոխության շարունակել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող հաղորդումների հեռարձակումը, մինչեւ մենք կանցնենք արդեն պայմանագրային հիմունքներով աշխատանքի: Խորհրդակցության ընթացքում մենք եկանք համաձայնության, որ ընթանալու ենք այդ ճանապարհով: Եվ վստահ եմ, որ այդ համաձայնությունը կկայանա նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հետ»:
2006-ի մարտին, երբ դեռ նոր էր ծագել ԱԺ-ի եւ Հ1-ի միջեւ այս վեճը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարում էր. «Ընտրված ժամանակը պատեհ չէ, եւ այս փուլում պարզապես անթույլատրելի է ԱԺ կանոնակարգ օրենքում նման փոփոխություն անելը։ Եթե փորձենք օրենքից հանել խորհրդարանական հաղորդումները հեռարձակելու դրույթը, միանգամից սկսվելու են քաղաքական շահարկումները՝ ընդդիմությունը դա իր վրա է վերցնելու, այլ քաղաքական ուժեր իրենց վրա են վերցնելու»: Իսկ ՍԴ փետրվարի 16-ի որոշումից հետո պրն Սահակյանն ասուլիսում կարծիք հայտնեց, թե ազատ լրատվամիջոցների իրավունքն է վերականգնվել՝ լրատվամիջոցն ինքն իր գործունեության պատասխանատուն պետք է լինի: Մեր խնդրանքով մեկնաբանելով իր դիրքորոշումների նման փոփոխությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Այսօր էլ այդ դրույթները հնարավոր չէ հանել ԱԺ կանոնակարգից: Խոսքը ոչ թե նրա մասին է, թե Հ1-ն ինչպես պիտի իրականացնի պառլամենտի ցուցադրումները, այլ լրիվ ուրիշ բանի է վերաբերում: Այսինքն՝ գտնում ենք, որ ոչ թե պետք է պարտադրել որեւէ հեռուստաընկերության, այլ պայմանագրային կամ մրցութային կարգով պիտի նորից շարունակենք: Իսկ եթե Հ1-ը կամ որեւէ մեկը չցանկանա՝ ԱԺ-ն պարտադրված կլինի իր եթերն ունենալ, ինչպես ունեն մի շարք երկրներ»: