Լրահոս
Օրվա լրահոսը

Առնետավազք. արար երկրորդ

Փետրվար 21,2007 00:00

Գագիկ Մխեյանը նո՞ւյնպես երգելու է՝ «ադամանդ» դառնալու հեռանկարով

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ի՝ կոալիցիայի անդամ եղած ժամանակ ԱԺ սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը «Առավոտին» պաշտոնապես տեղեկացրեց, որ ինքը հեռացել է ՕԵԿ-ից: Պրն Մխեյանը այլ մանրամասներ չհավելեց, եւ մեր հարցերին՝ ինչո՞ւ է հեռացել, ի՞նչ տարաձայնություններ կային իր եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ, չպատասխանեց՝ ասելով, որ ինքը պատգամավոր է դարձել կուսակցության համամասնական ցուցակով եւ կոռեկտ չի համարում հիմա հրապարակավ խոսել իր եւ կուսակցության նախագահի միջեւ եղած տարաձայնությունների մասին: Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք տարաձայնության առիթ է դարձել այն, որ Գագիկ Մխեյանին կուսակցության համամասնական ցուցակում արժանի տեղ չի հատկացվել: Գագիկ Մխեյանն ասաց, որ ինքը կուսակցության գրասենյակում չի եղել արդեն մի քանի ամիս եւ ուղղակի տարօրինակ է իրեն նման հարց տալը: Վերջին շրջանում նաեւ լուրեր են տարածվում, որ ՕԵԿ-ից դուրս եկած կուսակցության փոխնախագահները (նաեւ Գագիկ Ասլանյանը) կհամալրեն Տիգրան Կարապետովիչի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը՝ մանավանդ, վերջինս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ չի բացառում իր կողքին տեսնել որոշ նախկին ՕԵԿ-ականների: Պրն Մխեյանը իր հետագա քայլերի մասով ասաց, որ առայժմ չի ուզում որեւէ բան հայտարարել. «Օրը կգա՝ ամեն ինչ պարզ կդառնա»:

Մեկ այլ ՕԵԿ-ական՝ կուսակցության փոխնախագահ Գագիկ Ավետյանը՝ ի տարբերություն իր գործընկերոջ, երեկ մեզ տեղեկացրեց, որ չի պատրաստվում հեռանալ կուսակցությունից: Մեր հարցին՝ հնարավո՞ր է համամասնական ցուցակում արժանի տեղ չստանալու դեպքում ինքը լքի ՕԵԿ-ի նավը, ասաց՝ «այդ կուսակցության անդամ եմ դարձել ոչ թե ցուցակի համար, այլ գաղափարախոսության»: Իսկ որեւէ անակնկալ կարո՞ղ է լինել, մանավանդ՝ արդեն սովորական է դարձել, երբ մարդիկ ասում են՝ գաղափարի համար են այս կամ այն կուսակցությունում, բայց աչքդ էլ չես հասցնում թարթել, երբ գաղափարի համար մեռնողները դառնում են քաղաքական առնետներ եւ լքում են նավը: Գագիկ Ավետյանը խոստացավ, որ որեւէ այս կարգի անակնկալ չի սպասվում. «Բարոյականության առումով ես կանխատեսելի մարդ եմ եւ երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանել»: Նկատեցինք, որ ուրիշներն էլ են այդպես խոսում, բայց հետո անում են հակառակը: Գագիկ Ավետյանը հատուկ շեշտեց. «Բոլորը մի կողմ, Ավետյան Գագիկը՝ մեկ այլ կողմ, ես բոլորի համար պատասխանատու չեմ»: Իսկ արդյոք արդեն հստակեցվա՞ծ է, թե կուսակցության համամասնական ցուցակի որ տեղում է լինելու ինքը: Ասաց, որ չի հստակեցրել, եւ իր համար դա գերխնդիր չէ:

«Կասկածի տակ ընկած» ՕԵԿ-ական Վռամ Գյուլզադյանը մեր հարցին՝ ճի՞շտ է, որ մեծամասնականով չառաջադրվելու դիմաց իրեն առաջարկել են սոցիալական հիմնադրամի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնը, ասաց. «Էդ ե՞րբ, մի յոթ ամիս առա՞ջ: Մի կարգին պաշտոն չեք առաջարկում, ախր, մի կարգին պաշտոն առաջարկեք, կմտածենք: Դուք եք գրում, ուրիշ առաջարկող չկա»:Իսկ ավելի լուրջ ասաց, որ ինքը քաղաքական պաշտոն չի ուզում եւ ՕԵԿ-ից էլ դուրս չի եկել. «Ես միշտ ասել եմ՝ քանի էս շենքում եմ, ես «Օրինաց երկրի» անդամ եմ, հետո նոր կմտածեմ՝ լինե՞լ, թե՞ չլինել»: Իսկ ՕԵԿ-ի ցուցակում ինքը տեղ ունի՞: Պատասխանեց. «Եթե ուզեմ՝ կունենամ, բայց չեմ ուզում: Ուզում եմ մեծամասնականով առաջադրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել