Նախօրեին Հայկ Բաբուխանյանի խոստացած «շատ հզոր ակցիան» փաստորեն ՍԻՄ կենտրոնական գրասենյակից հեռանալն էր, որ ԴԱՀԿ-ն ստիպված լինի կոտրել դատարկ մնացած տարածքի դռան փականները:
ՍԻՄ քաղաքական հանձնախմբի ղեկավար եւ «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանը երեկ հաստատեց մեր այս ենթադրությունը. «Այո, հենց դա էր: Խմբագրակազմը եւ կուսակցության աշխատակազմը դիմել են գործադուլի»: «Իրավունքին» դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ՝ ներկայացնենք, թե ինչ էր կատարվում երեկ, երբ Հրանտ Խաչատրյանն ու նրա կողմնակիցները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին ՍԻՄ-ի տարածք՝ ի կատար ածելու Վերաքննիչ դատարանի պարզաբանում ստացած վճիռը, այն է՝ կուսակցության գրասենյակը, կնիքը եւ ֆինանսական փաստաթղթերը փոխանցել մինչեւ 17-րդ համագումարը գործող ՍԻՄ նախագահությանը: Գրասենյակի դուռը փակ էր: Հավաքված ոստիկանները, լրագրողները եւ կուսակցականները շուրջ 40 րոպե գուշակում էին՝ ուղղակի չե՞ն բացում, թե՞ ներսում մարդ չկա: Այդ ընթացքում Հրանտ Խաչատրյանը լրագրողներին պատմում էր. «ՍԻՄ-ի ինքնակոչ ղեկավարությունն ակնհայտ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել պետռեգիստր, որ մեկ անգամ եւս մեզ ներքաշեն դատական քաշքշուկի մեջ: Եվ հույս ունեն ստանալ նոր վկայական, որում նշված կլինի, թե Հայկ Բաբուխանյանն է կուսակցության նախագահը»: Մեր խնդրանքով մեկնաբանելով վերջինիս պնդումները, թե Հրանտ Խաչատրյանի եւ իր կողմնակիցների անունից փետրվարի 19-ին ինչ-որ մարդիկ են զանգել ու սպառնացել՝ ասաց. «Երեկ ես զբաղված եմ եղել պետական մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին նամակներ գրելով (փետրվարի 20-ին էլ Բաբուխանյանը հայտարարեց. «Մենք այսօր դիմելու ենք բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային ներկայացուցչություններին».- Ա. Ի.): Իմ անմիջական կողմնակիցները երբեք սպառնալիքներ չեն տալիս: Բոլորին հայտնի է, 15 տարի է՝ այս ասպարեզում եմ՝ երբ այլեւս հնարավոր չէ որեւէ մեկին չսպառնալ, ես սպառնում եմ արդար դատաստանով՝ ըստ Աստվածաշնչի: Ուրիշ ոչնչով»:
Հրանտ Խաչատրյանը նաեւ դժգոհեց, թե ՍԻՄ-ը երբեք ամրոց չի եղել. «քաղաքական գեղեցիկ օազիս» է եղել, իսկ հիմա «փակ դռների օրեր են անցկացվում»: Դրանք ավարտվեցին, երբ հայտնվեց փականագործը եւ գայլիկոնով ծակելով կողպեքը՝ բացեց դուռը: Հետագայում ստիպված էին այդպես բացել գրասենյակի բոլոր սենյակների եւ երկաթյա պահարանների դռները, քանի որ հաջողությամբ չպսակվեցին բանալիները ստանալու փորձերը: Լրագրողներին ներս չթողեցին: Հրանտ Խաչատրյանը պատմեց իր առաջին տպավորությունը. «Բոլոր սենյակների փականները փոխված են: Նախագահի առանձնասենյակի երկաթյա պահարանը, որի մեջ կային կուսակցության փաստաթղթեր եւ որոշ անձնական թղթեր, այդ թվում նաեւ՝ օրինական զենքի փամփուշտներ, իր տեղում չեն: Ամբողջությամբ բացակայում է իմ գրադարանը, գրապահարանը՝ գրքերով, անձնական իրերով»:
Ժամը 17-ին, երբ հարկադիր կատարողներն արդեն ամբողջապես գույքագրել, արձանագրել էին՝ ինչ վիճակում են հանձնում սենյակները, Հրանտ Խաչատրյանը հրավիրեց ասուլիս եւ հայտնեց, որ բացակայում են համակարգիչների բոլոր հիշողության սարքերը՝ hard disk-երը, նաեւ լավ համակարգիչները. «Մնացել են հին համակարգիչները»: Չկային նաեւ շատ փաստաթղթեր՝ նախագահության որոշումները, պետռեգիստրի գրանցման եւ կադաստրի վկայականները. «Բացակայում են շատ կարեւոր փաստաթղթեր՝ գրված Հայկ Բաբուխանյանի ձեռքով եւ ստորագրված, տեղեկանքներ՝ ՍԻՄ-ի ներքին պարտքերի մասին»: Մինչ գրասենյակից հեռանալը՝ տարել են նաեւ երկաթյա պահարաններում պահվող կանխիկ գումարները. «Բացարձակապես ոչ մի լումա չկա: Չկան հաշվապահական գրքերը եւ այլն»: Հովհաննես Գալաջյանն այս կապակցությամբ մեզ ասաց. «Քանի որ ընդունում-հանձնում չի եղել, ապա որեւէ պնդում, թե ինչ է բացակայում կամ չի բացակայում՝ չի կարող հիմք դառնալ որեւէ գործընթացի համար»:
Ասուլիսում պրն Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, թե որոշել են փետրվարի 21-ին հրավիրել ՍԻՄ նախագահության նիստ՝ «Կուսակցությունում կանոնադրական կարգը վերականգնելու, աշխատանքները կանոնակարգելու նպատակով»: Եվ հայտնեց, թե առաջիկայում քննարկելու են Հայկ Բաբուխանյանի կուսակցական անդամակցությունն առնվազն 6 ամսով կասեցնելու խնդիրը: Նախօրեին ՍԻՄ 40-ից ավելի բաժանմունքներ ու կազմակերպություններ էին միացել վերջինիս հայտարարությանը: Մեր հարցին՝ քանի՞ նման կառույց է իր կողքին՝ Հրանտ Խաչատրյանը պատասխանեց. «Համոզված եմ՝ շարքային անդամների մեծամասնությունը համաժողովում հավանություն կտա այս գործընթացին: Իսկ տարածքային կառույցների ղեկավարներից շատերը նման հայտարարությունների տակ ստորագրում են պարտադրված, ինչ-որ չափով՝ նաեւ նյութապես շահագրգռված»:
Հավանական է, որ ուրբաթ օրը լույս տեսնի երկու «Իրավունք»: Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե ամեն ինչ պիտի անեն, որ «Իրավունքը» լինի այնպիսին, ինչպիսին էր տարիներ շարունակ՝ «մինչեւ հեղաշրջումը»: Ըստ նախնական քննարկումների, այն կխմբագրի «Իրավունքի» աշխատակից Փիրուզա Մելիքսեթյանը: Հովհաննես Գալաջյանն էլ մեզ հայտնեց. «Մենք ամեն ինչ անում ենք, որ ուրբաթ օրը լույս տեսնենք»:
Հրանտ Խաչատրյանն ասուլիսում հայտնեց, թե դիմում են հղել բոլոր բանկերին, որ հաշվեհամարներ չբացեն ՍԻՄ անունով, քանի որ այն մարմինը, որը նրանց կդիմի այդ խնդրանքով՝ «դատարանի վճռով դադարեցված է նրա լիազորությունները»: Իսկ Հովհաննես Գալաջյանը խոստացավ, թե դատական կարգով բողոքարկելու են նաեւ հարկադիր կատարողների գործողությունները. «Այսպիսի բան, որ մեր խմբագրության տարածքը մեզ համար մատչելի չլինի՝ եղել է մեկ էլ 1995-ին, երբ Վանո Սիրադեղյանի հրամանով 1 ամսով կապարակնքվել էր գրասենյակը: Բայց այն ժամանակ ոչ մի ջարդ, բռնարարք, ներխուժում կամ գույքին տիրանալ չէր եղել: Իսկ այժմ նախկին «մաքուր ձեռքեր» Հրանտ Խաչատրյանն արեց դրանից ավելի վատ բան՝ գրասենյակ, որը նա իբր համարում է իր հարազատը, մուտք գործեց դատական կատարածուներով, ոստիկաններով, դռներ ջարդելով, ներսը ջարդուխուրդ անելով: Այնպես, ինչպես գրավում են թշնամու ամրոց»: