Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ» ԲԱՑԵՑ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՍԵԶՈՆԸ

Փետրվար 21,2007 00:00

\"\"Երեկվա հանրահավաքն անցավ «Տեր լինենք մեր երկրին» կարգախոսով

Երեկ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական միավորումը «Ազատության» հրապարակում հանրահավաք էր հրավիրել՝ հայտարարելու, որ խորհրդանշական այդ օրվանից՝ 1988 թ. Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից ի վեր հայ ժողովրդի համար տակավին անհասանելի են մնում այն բարձրագույն արժեքները, որոնցով նա առաջնորդվել էր ազատ ու անկախ Հայաստան ստեղծելու, արցախահայության համար ամուր հենարան դառնալու ճանապարհին: «19 տարի առաջ այս օրվա արդյունքում էր, որ ձեւավորվեցին բարձրագույն արժեքներ՝ անկախություն, պետականություն, ազատություն, Հայրենիք: Երբ մենք անդավաճան մնացինք այդ արժեքներին՝ ունեցանք հաղթանակներ, իսկ երբ մենք դավաճանեցինք մեր արժեքներին, ահա թե ինչով՝ գարշելի սրճարաններով լցվեց մեզ համար սրբատեղի դարձած այս տարածքը»,- մատնացույց անելով «Ազատության» հրապարակն օղակած սրճարանները՝ ասաց Միքայել Հայրապետյանը: Նրա համոզմամբ՝ «երբ մենք վերագտնենք ազատությունը, հաշված րոպեների ընթացքում սրանք (սրճարանները- Ն. Մ.) նորից կվերանան, իսկ այնտեղ նստածները, ովքեր ուզուրպացրել են մեր Հայրենիքը, վաղը նորից կհայտնվեն այնտեղ, որտեղ իրենց իսկական տեղն է»: Մ. Հայրապետյանի մատուցմամբ, հրապարակում հավաքվածները որեւէ թշնամի չունեն: «Մեր թշնամին Թուրքիան չէ, Ադրբեջանը չէ, անգամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն: Մեր թշնամին մեր ներսում նստած ստրուկն է, անտարբերությունն է մեր բարձրագույն արժեքների նկատմամբ: Եկեք սպանենք մեր միջի ստրուկին»,- կոչ արեց նա:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ասելով էլ՝ «գործող վարչախումբը սափրագլուխների բանակով պատերազմ է հայտարարել մի ողջ ժողովրդի, որը 19 տարի առաջ դուրս եկավ այս հրապարակ եւ տարիներ շարունակ զրկանքների գնով կարողացավ ազատագրել Ղարաբաղը, դնել Հայաստանի անկախ պետականության հիմքերը, դարձավ արցախահայության անվտանգության երաշխավորը, ու հիմա դարձյալ հավաքվում է այս հրապարակում՝ նորից բարձրացնելու ազատության ջահը: Այս անգամ մեր խնդիրը պետք է լինի Հայաստանը մաքրել ղարաբաղյան կլանից եւ նրան սպասարկողներից»: «Այո՜»,- եղավ հավաքվածների արձագանքը:

«Այլընտրանքի» նախաձեռնող անդամ Վահագն Խաչատրյանի փոխանցմամբ՝ «այսօր ձեւավորված իշխանական համակարգին ազատ ու ազնիվ մարդ պետք չէ, պետք չեն նաեւ միջին եւ փոքր բիզնես ունեցողներ, պետք են ստրուկներ: Մենք այսպես չենք ուզում ապրել: Մենք իշխանության չենք ձգտում: Մեզ համար մի նպատակ գոյություն ունի՝ իշխանությունը վերադարձնել մեզ, ձեզ, ժողովրդին, բոլորիս: Մենք պետք է կարողանանք վերականգնել մեր ամենակարեւոր իրավունքը, որը տրված է ՀՀ Սահմանադրությամբ՝ իշխանությունը ձեւավորում է ժողովուրդը: Դրա համար մեկ ճանապարհ կա՝ ընտրություններ, որից մեզ զրկել են: Մենք պետք է ապացուցենք, որ դա մեր իրավունքն է, եւ մենք տեր ենք կանգնելու դրան»:

Ընդհանրապես, երեկվա հանրահավաքում ստրկամտության, հարմարվողականության մասին շատ խոսվեց: Բոլոր բանախոսների ելույթները հանգում էին նրան, որ Հայաստանում ստեղծված անպատժելիության, անարդարության մթնոլորտի հիմնական մեղավորը իրավիճակին հարմարվելն է ու անտարբերությունը:

«ՀԺ» գլխավոր խմբագիր եւ «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթը հիմնականում հենց սրա մասին էր: Ըստ նրա, «Այլընտրանքի» կարեւոր առաքելությունը հանրության մեջ երկրի տիրոջ զգացումը վերականգնելն է: «Մենք եկել ենք հրապարակ՝ ասելու, որ տեր ենք մեր երկրին: Վե՛րջ անտերությանը: Բեսպրեդելն այլեւս չպետք է տեսնի մեր թիկունքը, այլ պետք է տեսնի մեր հայացքը, մեր աչքերը եւ իր վախճանը՝ մեր աչքերի մեջ»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Նա արձանագրեց, որ ոմանք այսօր ասում են, թե ստեղծված իրավիճակը ձեւավորվել է 1991 թվականից, ոմանք ասում են՝ 96-ից, 98-ից կամ 99-ից: «Ինձ չի հետաքրքրում, թե երբվանից սա սկսվեց: Ես ասում եմ՝ այսօր սկսվում է մի պրոցես, որը վերջ է դնելու անտերությանը, որը մեր մեջ արթնացնելու է երկրին տեր լինելու զգացողությունը: Սա է «Այլընտրանքի» ամենամեծ առաքելությունը՝ դառնալ երկրի տերը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

«Այլընտրանքի» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը 16-ին՝ Մատենադարանի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել