Մեքսիկայի Մորելիա քաղաքում՝ շախմատային աշխարհի ամենամյա խոշորագույն մրցաշարերից մեկում՝ «Լինարեսի մրցաշարում», իրենց հարաբերություններն են որոշում ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները՝ հայաստանցի Լեւոն Արոնյանը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, հունգարացի Պետեր Լեկոն, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը եւ Ալեքսանդր Մորոզեւիչը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, նորվեգացի Մագնուս Կարլսենը:
«Լինարեսի մրցաշարը», որը թվով 26-րդն է, կազմակերպիչների մտահղացմամբ 2-րդ անգամ է մեկնարկում Մորելիայում, ուր 7 տուր խաղալուց հետո մասնակիցները տեղափոխվելու են Լինարես (Իսպանիա), որտեղ էլ որոշելու են հաղթողին: Հայ շախմատասերները հիշում են, որ այս մրցաշարի անցած տարվա հաղթողը Լեւոն Արոնյանն է, ով, փաստորեն, հիմա պայքարելու է տիտղոսը պահպանելու համար:
Մասնակիցների ցուցակում նախապես գրված էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի անունը: Սակայն օրերս Մեքսիկայի Պացկուալո քաղաքի հյուրանոցում, որտեղ նա հանգրվանել էր իր հոր հետ, ով նաեւ նրա անձնական մարզիչն է, անհայտ անձինք ներխուժել են սենյակ ու կողոպտել: Գրոսմայստերը դիմել է թե կազմակերպիչներին, թե իրավապահներին, սակայն ոչ մի աջակցություն չստանալով՝ հրաժարվել է մրցաշարին մասնակցել ու այդ մասին պաշտոնապես դիմել է կազմակերպիչներին: Միայն դրանից հետո է Ռաջաբովի տեղը զբաղեցրել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Ու պատկերացրեք, որ բավականին հաջող: Նա առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Լեկոյի հետ, երկրորդում՝ պարտության մատնել Տոպալովին ու երեկ կայացած երրորդ տուրից առաջ 1,5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Ինչ վերաբերում է Արոնյանին, նա սեւերով Սվիդլերի հետ միավորը բաժանելուց հետո՝ 2-րդ տուրում խաղաղ դաշն է կնքել Կարլսենի հետ ու բաժանում էր 2-6-րդ տեղերը: Երեկ Լեւոնը սեւերով խաղալու էր Մորոզեւիչի հետ: Մյուս զույգերը կազմել էին. Տոպալովն ու Լեկոն, Սվիդլերն ու Իվանչուկը, Կարլսենն ու Անանդը:
Մորելիայի մրցաշարից մեկ օր առաջ Մոսկվայում մեկնարկել է «Aeroflot Open» գերմրցաշարը, որի չորս խմբերում մեր հանրապետությունն իր ներկայացուցիչներն ունի: Ուժեղագույնների «A1» մրցաշարում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը եւ Գաբրիել Սարգսյանը հինգերորդ տուրից հետո 3,5-ական միավորով այլ շախմատիստների հետ միասին բաժանում էին 5-20-րդ հորիզոնականները: Հայաստանի չեմպիոն Կարեն Ասրյանն իր անվան դիմաց գրանցել էր 3,0 միավոր:
«A2» խմբում Դավիթ Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը նույնպես ընթանում էին առաջատարների շարքերում: