Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը՝ ֆրանսերեն, միաժամանակ լույս է տեսել Ֆրանսիայում եւ Կանադայում:
Գրքի թարգմանիչն է Դենի Դոնիկյանը: Հեղինակի ձեւակերպմամբ, հայաստանցի գրողի հաջողությունը այս իմաստով արկած է եւ ավելի շատ կախված թարգմանչի անձնազոհությունից, որովհետեւ Հայաստանը պատուհան չունի դեպի Եվրոպա՝ չկան գրախոսներ, որպեսզի կարդան ու ներկայացնեն եղած գրականությունը, թարգմանիչներին վճարեն ու համագործակցեն դրսի հրատարակչությունների հետ: «Ինչ վերաբերում է իմ թարգմանչին, նա առանց երաշխիքների անձնազոհության գնաց»,- ասում է Վ. Մարտիրոսյանը: Արձակագիրը հիշեց խորհրդային տարիները, երբ հայ գրողները ռուսերեն թարգմանվելու որոշակի «քվոտա» ունեին, որի համաձայն՝ ոմանց գործերը թարգմանվում էին, ոմանց էլ բախտը չէր ժպտում: Ռուսերենից էլ հետագայում նրանց գործերը այլ լեզուներով էին թարգմանվում: Այս ֆոնի վրա բացառություն էր Հրանտ Մաթեւոսյանը, ով 1984-ին թարգմանվեց ֆրանսերեն ու վաճառվեց բավական մեծ տպաքանակով:
«Նա ավելի շատ էր թարգմանվում, որովհետեւ այլակարծության երանգ ուներ, իսկ այլ հանրապետության գրաքննիչների համար միշտ էլ ավելի հեշտ էր պաշտպանել օտար, քան իրենց հանրապետությունների գրողներին: Վերջիններս մշտապես հոշոտվում էին սեփական գրաքննիչների կողմից»,- նշեց Վ. Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է «Սողանքին», այն ոչ թե խորհրդային, այլ հայաստանցի գրողի գործ է, որը տպագրվելուց առաջ հեղինակը օտարերկրյա հրատարակչությունների հետ «մի 30 էջանոց պայմանագիր է ստորագրել»: «Սողանքը» 15-20 օր է՝ վաճառվում է դրսի գրախանութներում եւ, ըստ հեղինակի, տեղադրված է մի քանի ինտերնետային կայքերում: Ընդ որում՝ դրանցից մեկում համապատասխան գրախոսականով: Քանի որ Արեւմուտքում ընթերցողական հաջողությունը կախված է առաջատար թերթերում եղած գրախոսություններից, Վահրամ Մարտիրոսյանին մնում է սպասել դրանց արձագանքներին:
Նրան հիշեցրինք «Սողանքի» մասին՝ կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանի կարծիքը, ով նաեւ այդ գործի հիման վրա նկարահանվող ֆիլմի բեմադրող ռեժիսորն է («Հայֆիլմի» եւ ռուսական «Արտ-միր պրոդակշընի» համագործակցության արդյունքում է այս գործը էկրանավորվելու): Կինոռեժիսորը «Առավոտին» ասել էր, որ Վահրամի գործը բեսթսելլեր է, եւ ինքն էլ է ցանկանում այնպիսի ֆիլմ նկարել, որը նույնպես բեսթսելլեր լինի, սակայն «Սողանքը» նաեւ բարդ է ու կամակոր, եւ հաճախ «խաղ է անում» իր հետ:
Վ. Մարտիրոսյանը՝ իր խոսքով, նման միստիկ բաների չի հավատում. «Սողանքը» հաջողակ գործ է, թարգմանվել է մի քանի լեզվով՝ ֆրանսերեն, հունգարերեն, ադրբեջաներեն: Մի համարձակ ադրբեջանական թերթ այն կես տարի տպում էր: Ֆիլմի նկարահանումը «Հայֆիլմի» այս տարվա ծրագրում է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գիրքը մի 5-6 տարի առաջ է տպագրվել, եւ այն, որ կինոասպարեզում ամեն ինչ դանդաղ է առաջ գնում, ապա ամեն ինչ նորմալ է թվում: Չեմ կարծում, թե «Սողանքը» նկարահանող խմբին կարող է միստիկական այնպիսի չարչարանքներ պատճառել, ինչպես չարագուշակ է մթնոլորտը այդ գրքում»: