Ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
– Ձեր կազմակերպությունը շփվում է այն մարդկանց հետ, որոնց իրավունքները ոտնահարվում են: Եվ այդ շփումների շրջանակները դուրս են գալիս թե Վանաձորի եւ թե մարզի սահմանագծից: Համակարծի՞ք եք այն մտքին, թե մարզերում մարդու իրավունքներն ավելի շատ են ոտնահարվում, քան մայրաքաղաքում:
– Ոչ, համամիտ չեմ: Այդ առումով մարզը չի կարող տարբերվել մայրաքաղաքից: Բոլորն ապրում են նույն հասարակարգում ու համակարգում, եւ այդ համակարգում ամեն ինչ շաղկապված է: Եթե մարդու իրավունքները մարզերում ոտնահարվում են, ասենք, ոստիկանական կամ դատական համակարգի հետ շփվելիս, ապա այդ մարզային կառույցները, ի վերջո, կատարում են իրենց վերադասի՝ կենտրոնի հրահանգները: Մարզերում միջանձնային հարաբերությունները կարող են ավելի ուժեղ հակազդել, այստեղ ավելի դժվար է համաքաղաքացու վրա ճնշում եւ ուժ գործադրելը: Սա բնավ չի նշանակում, թե մարդն այստեղ լիովին պաշտպանված է: Վանաձորը, իհարկե, չի տարբերվում հանրապետության մյուս բնակավայրերից եւ մայրաքաղաքից: Այստեղ նույնպես մարդը հանդիպում է իր իրավունքները ոտնահարող մամլիչ մեքենային: Ես կխոսեմ որոշակի փաստերից, թե ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները եւ արժանապատվությունը: Սկսենք ձերբակալման պահից: Մարդուն կարող են ձերբակալել մեկ ցուցմունքի հիման վրա: Գուգարք գյուղում կատարված մի կնոջ սպանության առնչությամբ ձերբակալվել է մի երիտասարդ, որի դեմ ցուցմունք է տվել սպանություն կատարող կինը, ով հանձնվել է նույն օրը: Երրորդ թե չորրորդ օրը նա նոր է միայն ցուցմունք տվել, որ այդ երիտասարդը նույնպես մասնակից է եղել սպանությանը: Այդ կինը «պուտանկա» է, որի ծառայությունից օգտվել են շատերը, նաեւ՝ ձերբակալված երիտասարդը: Թե ինչո՞ւ մինչ այդ նա այդ մասին ցուցմունք չէր տվել, պատճառաբանել է՝ այդ երիտասարդին սիրում է, այդ պատճառով: Որեւէ այլ ցուցմունք կամ հիմնավորում երիտասարդին ձերբակալելու կամ կասկածելու համար՝ չկա: Սա մարդու իրավունքների ոտնահարման տիպիկ օրինակ է, որովհետեւ Քրեական դատավարության օրենսգրքով մարդուն ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու համար պետք է լինեն բավարար հիմքեր, որոնք այս դեպքում բացակայում են: Եվ սա այն դեպքում, երբ այդ երիտասարդը շաքարախտով հիվանդ է:
Մեկ այլ օրինակ կապված է Վանաձորի բնապահպանության տեսչության պետի քրեական գործի հետ: Քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով այդ գործով քննության են ենթարկվել վկաներ, բարձր ջերմությամբ կամ արյան բարձր ճնշմամբ տառապող հիվանդներ՝ 12-15 ժամ, առանց ընդմիջման, սնունդի եւ փաստաբանի ներկայության, տեղից տեղ՝ դատախազությունից տանելով ոստիկանություն: Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ 58-ամյա Սվետլանա Սաքանյանի նկատմամբ, որին կալանքի տակ պահելու ժամկետը երեք անգամ օրենքի խախտումներով երկարացվել է մարզի դատախազության քննիչ Մարզպետ Խաչատրյանի ցանկությամբ: Վերջինս որոշումներ է կայացրել առանց պաշտպանի: Մեր հարցին, թե դատարանը ինչպես է նման որոշում կայացրել, լսեցինք ավելի քան զարմանալի պատասխան՝ Սաքանյանի առողջական վիճակը թույլ չի տվել նրան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել Վանաձոր:
Կամ՝ Ռուսալի համայնքում համագյուղացիներից մեկի ցուցմունքի հիման վրա քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Մնացած վկաները ցուցմունք են տալիս այն, ինչը լսել են այդ մեկ անձից: Եվ դատարանը այդ անձի նկատմամբ պատիժ է նշանակում՝ դատապարտելով նրան ազատազրկման: Կան գրանցված եւ չգրանցված բազմաթիվ փաստեր, որ իրավապահ համակարգում՝ ոստիկանություն, դատախազություն, ընդհանրապես մարդու իրավունքները պաշտպանված չեն, շատ ցածր մակարդակի վրա են: Էլ չեմ ասում նախնական կալանքի, ձերբակալության ժամանակ մեկուսարանում ժամանակավոր պահպանման ընթացքում խոշտանգման դեպքերի մասին: Երբ մենք այցելում ենք քրեակատարողական հիմնարկ՝ կալանքի տակ գտնվող մարդկանց, նրանց առողջականի, արտաքին զննության վերաբերյալ գրանցում է կատարվում: Բավական մեծ թիվ են կազմում ֆիզիկական խնդիրներ՝ կապտուկներ, վնասվածքների հետքեր ունեցող մարդկանց մուտքը այդտեղ: Նրանք մինչ այդ գտնվել են ոստիկանութան ժամանակավոր պահման բաժանմունքներում: Որեւէ քննություն այդ հետքերի վերաբերյալ չի կատարվում, այլ գրվում է. «վայր եմ ընկել», «սայթաքել եմ»:
– Նախընտրական շրջանում գրեթե բոլոր համայնքներում մթնոլորտը լարվում է: Ինչպիսի՞ն է նախընտրական Լոռին:
– Ինչպես հանրապետությունում ամենուրեք, այստեղ էլ լինում են լարումներ, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ: Քաղաքի մթնոլորտի վրա ազդեցություն են թողնում համայնքի ղեկավարները՝ քաղաքապետը, մարզպետը, դատախազը, ոստիկանապետը, ֆինանսական ու քաղաքական խմբավորումները: Լոռու մարզպետի փոփոխությունը անակնկալ էր մեզ համար, հայտնի չէ դրա պատճառը, բայց մի բան պարզ էր, որ Հենրիկ Քոչինյանի պահվածքը՝ կապված նրա բիզնեսի հետ, արդեն բացասական ազդեցություն էր թողնում քաղաքի մթնոլորտի վրա:
Մարզի նորանշանակ ղեկավարը երեւի դեռ իր աշխատակազմին է ծանոթանում: Իսկ ոստիկանության պահվածքը, բնականաբար, կախված է իրենց վրա իջեցված քաղաքական հրահանգից: Մի բան էլ կա, որ նույն ոստիկանության համակարգի շատ աշխատողներ, հիմնականում պրոֆեսիոնալները, առանձնապես չեն ուզում, որ իրենց որպես ուժային կառույց՝ օգտագործեն քաղաքական նպատակներով, որովհետեւ, ըստ էության, իրենք արժեզրկվում են իրենց իսկ աչքում, երբ դառնում են քաղաքական հետապնդման գործիք, քանի որ որեւիցե հիմնավորում չունենալով՝ կատարում են այն, ինչն իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Ու շատ պրոֆեսիոնալներ հեռանում են համակարգից: Այստեղ մնում եւ ամրապնդվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր կարողանում են պատվեր կատարել, ովքեր աշխատում են ոչ թե ուղեղով՝ այլ ձեռքերով, բռնությամբ: Հենց դա էլ նվազեցնում է ոստիկանական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, հասարակության մեջ հեղինակազրկում համակարգը: Այս տարի նույնպես նախընտրական շրջանում մենք չենք բացառում մեր քաղաքի հասարակության մեջ ֆիզիկական բռնությունները: Նախընտրական շրջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված՝ ուզում եմ խոսել պաշտպանության նախարարի Վանաձոր կատարած այցելության մասին: Իմ կողմից նախարարին հարց ուղղվեց. որ եթե զինվորները մասնակցելու են ընտրությանը, ապա նրանք հնարավորություն կունենա՞ն թեկնածու կուսակցությունների կամ մեծամասնական թեկնածուների ծրագրերին ծանոթանալու համար հանդիպել նրանց, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն, պատասխանը կտրուկ եղավ՝ «Ոչ, չեն ունենա, բանակի օրակարգը թույլ չի տալիս ազատ տեղ ունենալ: Զինվորներն այդ ծրագրերին կծանոթանան միայն հեռուստատեսությամբ եւ ստացված թերթերով»: Նման պատասխանից հետեւում է, որ ուժային այնպիսի մեծ կառույց, ինչպիսին բանակն է, դառնում է հրամանատարական կազմի խողովակով անցնող ընտրազանգված, մոտ 70 հազար քաղաքացի զրկված է լիարժեք եւ ազատ ընտրություն կատարելու հնարավորությունից: