Լրահոս
Օրվա լրահոսը

«Վագրերի» հաշվետվությունը

Փետրվար 20,2007 00:00

Հայաստանի տնտեսական բլոկի պատասխանատուներն արտասահմանյան իրենց գործընկերների ու բիզնեսմենների մոտ ահագին գլուխ գովեցին:

Փետրվարի 16-19-ը հայաստանյան գործարարների նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Կամուրջ 2007» 4-րդ միջազգային ֆորումը: Ֆորումի թեման էր՝ «Տնտեսական ինտեգրացիան գլոբալիզացման պայմաններում»: Փաստորեն, տարածաշրջանի մյուս երկրների նավթամուղների ու երկաթգծերի կառուցման եւ նախագծման ակտիվ եւ գործնական քայլերի ֆոնին հայաստանցի պաշտոնյաներն ու գործարարներն առայժմ հակադրելու մի կոնկրետ քայլ ունեն՝ ֆորումներ, որոնց միջոցով կարելի է հասկանալ, թե Հայաստանն այդ բոլոր արդեն իրականացած ծրագրերի արդյունքում, մեկուսացման պայմաններում ինչպես պետք է ինտեգրացվի միջազգային տնտեսությանը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը ֆորումի արտասահմանցի հյուրերին՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Վրաստանի, Գերմանիայի եւ Հունաստանի ներկայացուցիչներին, փորձում էր համոզել, որ մեր երկրում գնաճը կառավարության հսկողության տակ է, որ Հայաստանի տնտեսությունը, որը վագրի թռիչքներով է առաջ շարժվում, շուտով առյուծի թռիչքներով է սլանալու: Տիգրան Դավթյանի ներկայացմամբ՝ 2006-ին Հայաստանը արտահանման ծավալների աճ է ունեցել՝ 5-6 տոկոս: Սա այն դեպքում, երբ դոլարի կուրսի անկումը անմիջականորեն հարվածել էր հայ արտահանողներին: Հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկն էլ է ցույց տալիս, որ տեղական արտադրողները, որոնք նաեւ արտահանողներ են, իրենց դիրքերը զգալի զիջել են ներկրողներին: Ըստ Տիգրան Դավթյանի, 5-6 տոկոս աճը լավ ցուցանիշ է, «մենք ուղղակի սովոր ենք երկնիշ թվերի, մեզ համար ոչ երկնիշ թվերը բավարար չեն, բայց ընդհանուր առմամբ դրանք լավ արդյունքներ են»: Այնուամենայնիվ, ռուս գործարարներից մեկի՝ Վլադիմիր Կոզլովի ներկայացմամբ, Ղազախստանն ավելի գրավիչ է բիզնես սկսելու համար, քան՝ Հայաստանը. այստեղ 90 տոկոսը ստվեր է եւ տնտեսության միայն 10 տոկոսն է օրինական դաշտում, մաքսային-հարկայինից սկսած՝ ամեն ինչ պրոբլեմ է:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ֆորումի մասնակիցների մոտ արդարանում էր, որ վերջիններս հանկարծ չբացեն հայկական մամուլը ու հավատան այն ամենին, ինչ իր ու ընդհանրապես ԿԲ-ի մասին գրված է. «Մարդիկ քննադատում են, թե Հայաստանում տնտեսական աճ չկա, թե տնտեսական աճի մասին բոլոր ցուցանիշները «բլեֆ» են, իշխանությունները խաբում են ժողովրդին եւ որ իրականում կյանքն ավելի ու ավելի դժվար է դառնում մեր երկրում: Մինչդեռ մենք տնտեսական աճը գնահատում ենք միջազգային պրակտիկայում ընդունված ձեւով եւ ստանում ենք այդ ցուցանիշները»: Ինչ վերաբերում է նրան, որ ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականության պատճառով շատ տեղական ընկերություններ ներկրողների հետ չեն կարողանում տեղական շուկայում պայքարել ու ստիպված փակում են իրենց արտադրամասերը, Տիգրան Սարգսյանը կարծում է՝ դա նորմալ է. «Մրցունակության բանալին արտադրողականության աճն է, եթե մեր ձեռնարկություններն ուզում են մրցունակ լինել, պետք է մտածեն արտադրողականության բարձրացման մասին: Եթե չեն կարողանում մրցակցել, իրենց տեղը թող զիջեն ավելի մրցունակ ընկերությունների: Միշտ այս օրինակն եմ բերում: Ամերիկյան «Levi’s» ընկերությունը անցյալ տարի Հյուսիսային Ամերիկայում փակեց իր վերջին գործարանը՝ տեղափոխելով Չինաստան: Որովհետեւ Չինաստանն ավելի մրցունակ է: Դրանից Ամերիկայի տնտեսությունում ոչ մի վախենալու բան տեղի չունեցավ, թող ովքեր չեն դիմանում մրցակցությանը՝ փակեն իրենց արտադրությունը, գնան այլ երկիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել