Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄՆԱՆ ԱՆՕԹԵՎԱ՞Ն

Փետրվար 20,2007 00:00

Տարիներով սպասված շենքի վերանորոգումը բնակիչներին խուճապի մեջ է գցել

Մոտ մեկ ամիս է՝ Շենգավիթ համայնքում գտնվող Չեխովի փողոցի թիվ 24 շենքի բնակիչները տագնապի մեջ են: Նրանք մտավախություն ունեն, որ կմնան անօթեւան: Բանն այն է, որ հունվարի վերջին տասնօրյակի ցրտաշունչ մի օր երկու շինարարներ եկել են, ուսումնասիրել շենքի ու բնակարանների վիճակն ու տեղեկացրել, որ «պետք է գանք շենքը նորոգենք»: Ու մինչ բնակիչները ուրախացած ենթադրություններ են արել, թե այդ ո՞ր պատգամավորի թեկնածուն է գումար տրամադրել, մի քանի օրից նորից ժամանած շինարարները լրացուցիչ տեղեկացրել են, որ շենքը նորոգելու կարգադրությունը ստացել են քաղաքապետարանից եւ որ նորոգման աշխատանքներն իրագործելու համար բնակիչները պետք է ժամանակավորապես ազատեն բնակարանները: Սակայն քանի որ շենքը հանրակացարան է եւ բնակիչներն էլ սեփականության վկայական չունեն, միայն փաստացի են գրանցված (սեփականության իրավունք չունեն), ուստի խիստ կասկածում են, որ հիմնանորոգումն ընդամենը պատրվակ է իրենց հանելու համար. «Աչքը տեսածից է վախենում: Համատարած շենք-շինությունները վաճառվում են ու մարդիկ հայտնվում են փողոցում: Գուցե մեր շենքն էլ նույն ճակատագրին է արժանացել, հատկապես որ՝ մենք մեր տների տերը չենք»:

Բնակիչների ներկայացմամբ, երկհարկանի շենքը կառուցվել է 1947 թվականին՝ գերմանացի ռազմագերիների կողմից, նախկինում եղել է ճաշարան, սակայն հետագայում աստիճանաբար բնակեցվել է եւ դարձել հանրակացարան: Ներկայումս այստեղ բնակվում է 32 ընտանիք, որից 19-ը՝ փախստական: Օրերս, երբ մենք այցելել էինք նշյալ հասցե, պարզվեց, որ այդ ընտանիքները, բառի բուն իմաստով, ապրում են անմխիթար, կոմունալ հարմարություններից զուրկ բնակարաններում: Դրան գումարած՝ շենքը վթարային է: Այս շենքի բնակիչները անգամ չգիտեն բնակարանները սեփականացնելու համար ում դիմեն: Հանրակացարանը, ճիշտ է, ֆիզիկապես Շենգավիթի համայնքում է, բայց հաշվեկշռում չէ: «Առավոտի» հետ զրույցում Շենգավիթի փոխթաղապետ Արբակ Աբրահամյանը վստահեցրեց, որ իրենց համայնքի հաշվեկշռում նման հասցեով շենք գոյություն չունի: Նա նաեւ տեղյակ չէր, թե ինչ նորոգման մասին է խոսքը: Բնակիչներից տեղեկացանք, որ Շենգավիթ համայնքի «Գավառ» համատիրությունն իրենցից աղբի եւ բնակսպասարկման վարձ է գանձում։ Չնայած դրան, նշյալ համատիրության ինժեներն էլ պարզաբանեց, որ շենքն իրենց չի պատկանում եւ պարզապես համայնքը մաքուր պահելու համար են աղբահանություն անում:

Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանն էլ միայն ասաց, որ Չեխովի թիվ 24 շենքն ընդգրկված է 3-րդ աստիճանի վթարային շենքերի վերանորոգման ցանկում. «Այս տարի, համաձայն ժամանակացույցի, այդ շենքում իրագործվելու են ամրացման եւ հիմնանորոգման 118 մլն դրամի աշխատանքներ, որի համար քաղաքապետարանը մարտի 20-ին հայտարարել է մրցույթ»: Իսկ ինչ վերաբերում է շենքի կարգավիճակին, չնայած Շենգավիթի փոխթաղապետի հավաստիացումներին, քաղաքապետարանից պատասխանեցին, որ նման շինությունները 10 տարուց ավելի է՝ հանձնվել են համայնքներին: Երեկ Պետական գույքի կառավարման վարչությունից էլ պարզաբանեցին, որ նման գույք իրենց մոտ հաշվառված չէ: Ու մինչ բնակիչներն իրենց «պատեպատ» են տալիս, թե ումից կարող են իրենց հուզող հարցի պատասխանը ստանալ, օրեցօր մոտենում է շենքի հիմնանորոգման համար բնակարաններն ազատելու ժամկետը: Մինչդեռ, ինչպես տեղեկացանք քաղաքապետարանից, 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացման աշխատանքների դեպքում բնակիչներին առանց տարհանելու են շենքը վերանորոգում: Նկատենք, եթե նույնիսկ շենքն ուսումնասիրել են եւ գտել, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է բնակիչներին տարհանել ու նոր միայն նորոգման աշխատանքներն իրագործել, նման դեպքում պատկան մարմինները բնակիչներին նախապես պատշաճ տեղեկացնում են եւ հոգում նրանց ժամանակավոր կացարանի հարցը: Սակայն Չեխովի 24 շենքի դեպքում, բնակիչների խոսքերով, մինչ օրս որեւէ մեկը որեւէ տեղեկատվություն չի տվել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի մարդիկ խուճապի մեջ ընկնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել