Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է

Փետրվար 20,2007 00:00

Մայիսի 12-ին ՀՀ-ում անցկացվելիք ԱԺ ընտրությունները երկրում ժողովրդավարական առաջընթացի կարեւոր ցուցիչ են լինելու:

Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) զեկույցում, որում ամփոփված են հունվարի 30-ից մինչեւ փետրվարի 2-ը կազմակերպության իրականացրած Կարիքների գնահատման առաքելության արդյունքները: Կազմակերպությունը ընդգծում է, որ 2003 թ. ՀՀ-ում անցկացված նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել, ինչը անպատժելիության մթնոլորտ է ստեղծել: «Կառավարամետ նոր «Բարգավաճ Հայաստանը», որը գործում է 2006 թ. մարտից, կուսակցական լայն ցանց է հաստատել բոլոր շրջաններում, ըստ հաղորդումների՝ ավելի քան 500 գրասենյակներով եւ 370 հազար անդամներով,- ասված է զեկույցում:- Այն ներգրավվել է բարեգործական գործունեության մեջ երկրով մեկ, ինչը քննադատվում է որպես վաղաժամ ընտրարշավ եւ ընտրակաշառք»:

«Կարիքների գնահատման առաքելությունը գանգատներ է ստացել, ըստ որոնց՝ հանրային ձեռնարկությունների, ինչպես նաեւ առողջապահական եւ կրթական հաստատությունների աշխատակիցներին պարտադրում են միանալ քաղաքական կուսակցություններին»,- նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: ԶԼՄ-ների մատչելիության առնչությամբ կազմակերպությունը ընդգծում է, որ «չնայած հանրային եւ մասնավոր ԶԼՄ-ների մատչելիությունը պաշտոնական քարոզարշավի ընթացքում երաշխավորված է օրենքով, այնուհանդերձ, ընդդիմությունը պնդում է, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ լրատվամիջոցների մատչելիությունը շատ սահմանափակ է»: «Երկու անկախ հեռուստակայաններ՝ «Ա1+»-ը եւ «Նոյյան տապան»-ը, որոնք իրենց արտոնագրերը կորցրել են, համապատասխանաբար, 2002 եւ 2001 թթ., առանց հաճախականության են մնում՝ չնայած մասնակցությանը բազմաթիվ մրցույթներին,- ասված է զեկույցում:- Մեր զրուցակիցները եւ զանգվածային լրատվության գծով փորձագետները արտոնագրերի մերժումը համարում են այլ ԶԼՄ-ներին ուղղված հստակ ուղերձ, որոնք վախենում են կորցնել իրենց արտոնագրերը եւ աշխատում են ինքնագրաքննության մթնոլորտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել