Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 19,2007 00:00

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ \"a\"

 

 

 

Գիրք չորրորդ

Գլուխ ութերորդ

ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

– Ի՞նչ ընդունելության քննություն, ա՛յ Արմո,- զարմացավ Ռոլանդը.- կարող ա՞ դու էլ ես էդ ամեն ինչը լուրջ ընդունել:

– Այսինքն, էսքան վախտ էդ մարդկանց ձեռ էի՞նք առնում,- ասացի ես:

– Ես ձեռ չեմ առել,- ասաց Լեոնիդը.- ես ինչ որ ասել եմ՝ միանգամայն լուրջ եմ ասել:

– Ես է՛լ Վարոյի երգածը հավանեցի,- ասացի ես.- ոտից գլուխ նորություն էր:

– Ոտից գլուխ ցիրկ եք,- ասաց Ռոլանդը.- ինձ թվում էր՝ հանաք արինք՝ անցավ:

– Ես բնավ կատակ չեմ արել,- ասաց Լեոնիդը:- Եթե Աստված կամենա, եւ ես իսկապես ընդունող հանձնաժողովում ընդգրկվեմ, միանգամայն լրջորեն կզբաղվեմ Վարազդատի հարցով:

– Այսինքն, ընդունել կտա՞ս,- հարցրեց Ռոլանդը:

– Կարող ես չկասկածել,- ասաց Լեոնիդը:

– Չուզողը ե՛ս թող ըլնեմ,- ասաց Ռոլանդը.- ինչքան չըլնի՝ հորոխպերն ընկերս ա:

– Այդ երեխան բնությունից ժառանգել է արտիստի համար կարեւորագույն հատկությունը,- ասաց Լեոնիդը:

– Ո՞րն ա էդ կարեւորագույն հատկությունը,- հարցրեց Ռոլանդը:

– Աչքերի արտահայտությունը,- ասաց Լեոնիդը:

– Աչքերի արտահայտությունը լրիվ դեբիլի էր,- ասաց Ռոլանդը:

– Կարեւորն այն է, որ սովորական արտահայտություն չէր,- ասաց Լեոնիդը:

– Էդ էրեխին ամենից շատ դու էիր գովում, ա՛յ Ռոլանդ,- ասացի ես:

– Հանաք արինք՝ անցավ,- ասաց Ռոլանդը:

– Ես ամենեւին կատակ չեմ արել,- ասաց Լեոնիդը:

– Ինձ թվում ա՝ դու հիմի է՛լ ես կատակում,- ասաց Ռոլանդը։

– Ամենեւին,- ասաց Լեոնիդը։

– Վարոյի էդ երգից ամենից շատ դո՛ւ էիր ոգեւորվել, Դանիկիչ,- Ռոլանդին ասացի ես:

– Կարող ա՞ էդ էրեխին իրա հոր մոտ քննադատեի,- ասաց Ռոլանդը:

– Բայց շատ էիր ոգեւորվել,- ասացի ես.- ամենից շատ դու էիր ծիծաղում:

– Բա ի՞նչ անեի՝ լաց ըլնեի՞,- զարմացավ Ռոլանդը.- ծիծաղելու բան էր՝ ծիծաղել եմ:

– Ես էլ հենց դա՛ եմ ասում, Դանիկիչ,- ասաց Լեոնիդը.- եթե այդ երեխան բնությունից կոմիկական տվյալներ չունենար, դժվար թե կարողանար մեզ ծիծաղեցնել:

– Բայց դու չէիր ծիծաղում,- Լեոնիդին ասացի ես:

– Որ էդ բադրջանը քեզ բաժին հասած ըլներ՝ դու կծիծաղեի՞ր,- հռհռաց Ռոլանդը:

– Դժվար հարց ես տալի,- ասացի ես:

– Ամենասկզբում անակնկալի եկա,- ասաց Լեոնիդը:

– Սկզբում լավ էլ մանթռաշ էիր, Միխայլիչ,- ծիծաղեց Ռոլանդը.- հետո մի կերպ՝ մեծ դժվարությամբ մանթռաշից դուս էկար:

– Էդ բադրջանը որ քեզ բաժին հասներ՝ դու մանթռաշ չէիր ընկնի՞,- Ռոլանդին հարցրի ես:

– Դժվար հարց ես տալի,- ծիծաղեց Ռոլանդը:- Ճիշտը որ ուզում ես իմանաս՝ Միխայլիչի տեղը որ ես ու դու ըլնեինք, երեւի ավելի գեշ մանթռաշ ընկնեինք:

– Ոչ թե՝ երեւի, այլ՝ հաստատ,- ասացի ես:

– Մենք դժվար թե մեզ տիրապետեինք,- ասաց Ռոլանդը.- երեւի Բախտիարի պես նեղանայինք ու փասափուսեքս քաշեինք:

– Կարող ա կռիվ էլ սարքեինք, Դանիկիչ,- ասացի ես:

– Հաստատ կսարքեինք,- ժպտաց Ռոլանդը:

Ռոլանդն իրեն շատ լավ էր զգում, երբ իրեն Դանիկիչ էինք ասում, բայց ես իրեն հազարից մեկ էի Դանիկիչ ասում, ու ամենից հաճախ Միլիտոնյան Էդոն էր իրեն Դանիկիչ ասում, եւ երբ մի օր Ռոլանդենց Աշնակում Էդոն Ռոլանդին Դանիկիչ ասաց, Ռոլանդի հայր Դանիելը՝ Դանիկը, որ շատ քֆուրչի ու շատ հանաքչի մարդ է, Էդոյին հարցրեց՝ «էդ խի՞ եք իրան Դանիկիչ ասում. կարող ա՞ ձեռ եք առնում», եւ երբ Էդոն Ռոլանդի հորը բացատրեց, որ հայրանունով դիմելը հարգանքի նշան է, Դանիկը ծիծաղեց ու ասաց. «Այսինքն, որ իրա հոր անունը ոչ թե Դանիկ ըլներ՝ ըլներ Սուր, իրան պիտի ասեիք Սրի՞չ»:

Ռոլանդի, Լեոնիդի ու իմ սարիթաղյան էդ պատմությունն էդ ու էդքանն էր, իսկ ինչ վերաբերում է Ռոլանդի հորը, Դանիկ ձյաձյան իսկապես շատ հանաքչի ու շատ էլ քֆուրչի մարդ է, եւ վերջերս, երբ Իսրայելյան Վրեժի հոր մահվան առիթով Աշնակում էինք, Դանիկը մոտեցավ ինձ ու ականջիս ասաց.

– Ա՛յ Արմո, էն պատմությունն ըտենց էլ չես գրելու, հա՞:

– Ի՞նչ պատմություն,- հարցրի ես:

– Էն որ՝ մեր Լոլիկի հետ մի անգամ էրկու հատ քած էիք բերել Աշնակ՝ մեր տուն:

– Էդ պատմությունը ո՞նց գրեմ, Դանիկ ձյաձյա,- ասացի ես.- մեջը լիքը ուշունց կա:

– Ուշունցները հանած գրի,- ասաց Դանիկը:

– Ուշունցները որ հանեմ՝ տակը բան չի մնա,- ասացի ես.- էդ պատմությունը որ առանց ուշունցների գրեմ՝ անհամ բան կստացվի:

– Լավ ա գոնե էդքանը հասկանում ես,- ասաց Դանիկը.- որ էդքանը հասկանում ես, ուրեմն՝ լավ էլ կգրես:

– Բա խի՞ Ռոլանդին չես ասում, որ ի՛նքը գրի,- հարցրի ես:

– Լոլիկը ե՞րբ ժամանակ ունի, որ գրի,- ասաց Դանիկը:

– Բայց ինքը կարա՞ էդ ասածդ պատմությունը գրի,- հարցրի ես:

– Որ ճիշտն ուզում ես իմանաս՝ ինքը սաղիցդ էլ լավ ա գրում,- ասաց Դանիկը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- ուղղակի հարիֆին խաբեցին՝ մինիստր նշանակեցին:

– Ճիշտ ես ասում,- ասացի ես:

– Հիմի դու վերջնական մի բան ասա,- ասաց Դանիկը:

– Ի՞նչ ասեմ:

– Էդ քածերի պատմությունը գրելո՞ւ ես, թե՝ չէ:

– Կգրեմ,- խոստացա ես:

Քանի որ վեպիս բուն ժամանակից ու բուն թեմայից վաղուց եմ շեղվել, հիմա Շառոյան Դանիկի էդ պատվերն է՛լ կկատարեմ ու հետո վերստին վայրէջք կկատարեմ յոթանասունվեցի մատույցներում:

Ութսուն կամ, ամենաշատը, ութսունմեկ թվականն էր, եւ, ինչպես արդեն գիտեք, էդ թվերին ես ու Ռոլանդն աշխատում էինք «Ծիծեռնակ» ամսագրում, ու երեւի էդ թվերը մեր ազատության բարձրակետն էին, ու մեր ժամանակն է՛լ էր ծով, քանի որ մեր խմբագիրը սքանչելի Ժենյա Ղուկասովնան էր, որը մեր ազատության հիմնական երաշխավորն էր ու ամեն ամսվա վերջին ինձնից ընդամենը հինգ կամ վեց մանկական ոտանավոր էր պահանջում ու Ռոլանդից՝ երկու կամ, ամենաշատը, երեք մանկական պատմվածք, եւ էդ ոտանավորներից ու պատմվածքներից իմ ու Ռոլանդի դարակներն արդեն պայթում էին, ու չնայած խմբագրի մոտ ձեւ էինք անում, թե դժվարությամբ են ճարվում էդ, ուրեմն, ոտանավորներն ու պատմվածքները, բայց մոտակա մի քանի տարիների զապասն արդեն արել ու ազատ ֆռֆռում էինք զանազան խմբագրություններում ու սրճարաններում, ու մեր էդ ազատ ֆռֆռալու անունն աշխատանք էր, որովհետեւ Ժենյա Ղուկասովնային հիմնավորապես էինք համոզել ու հավատացրել, որ դժվար ճարվող էդ ոտանավորներն ու պատմվածքները հենց էդ զանազան խմբագրություններից ու սրճարաններից ենք շատ մեծ դժվարությամբ ճարում ու ձեռք բերում, որովհետեւ էն ժամանակվա հեղինակներին հիմնականում խմբագրություններում ու սրճարաններում էր հնարավոր գտնել, ու էդ բանը Ժենյա Ղուկասովնան էլ շատ լավ գիտեր, եւ մի շրջան եղավ, որ երբ Ժենյա Ղուկասովնան ինձ ու Ռոլանդին «Ծիծեռնակում» տեսնում էր, մտածում էր՝ պարապության ենք մատնված, ու էդպես մտածելով՝ ասում էր՝ «էս դուք գործ չունե՞ք. հայդե ձեր գործին», եւ ես ու Ռոլանդը մեր իսկ հիմնական աշխատատեղից փասափուսեքս քաշում ու հիմնականում իջնում էինք Կարմիր բանակի խմբագրությունների մեր էդ շենքի պադվալ՝ Շուրայի բուֆետ, որտեղ եւ մի օր պատահաբար ծանոթացանք կոնսերվատորիայի երկու ուսանողուհիների՝ Սյուզիի եւ Եվգենյայի հետ, եւ չնայած Ռոլանդն աղջիկ խոսացնելու հարցում առանձնապես վարպետ չէր, բայց, կարելի է ասել, էդ հարցում չափազանց հաջողակ էր, որովհետեւ Ռոլանդն արդեն Փելեշյանի հետ աշխատել էր եւ արդեն Ֆելինիի ու Վիվալդիի անունները գիտեր, եւ երբ էդ օրը Շուրայի բուֆետում Ռոլանդն սկսեց խորանալ Վիվալդիի «Տարվա եղանակների» մեջ, Սյուզին ու Եվգենյան անմիջապես համաձայնվեցին մեզ հետ գալ Ռոլանդենց գյուղ՝ Աշնակ, ու չնայած իրենք մի քիչ հարուստ ու մի քիչ քաղքենի ընտանիքների աղջիկներ էին, անմիջապես համաձայնվեցին ավտոբուսով գնալ ավտոկայան, էնտեղից էլ ավտոբուսով Թալին ու Թալինից էլ, նույնպես ավտոբուսով, Աշնակ:

Էդ օրը, հիշում եմ, ես ու Ռոլանդը քաղաքում գործեր ունեինք, ու Ռոլանդը կոնսերվատորիայի էդ աղջկերքին խոսքի մեջ՝ հենց էնպես առաջարկեց Աշնակ գնալ, ավելի ճիշտ՝ Ռոլանդը խոսքի մեջ առաջարկեց ընդհանրապես՝ օրերից մի օր Աշնակ գնալ, եւ երբ Սյուզին ասաց՝ «ուզո՞ւմ եք՝ հենց էսօր էլ գնանք», երկուսս էլ անակնկալի գալով՝ հասկացանք, որ Սյուզին ու Եվգենյան չափազանց ազատ ու ազատամիտ աղջիկներ են, եւ ինձ ու Ռոլանդին համաձայնվելուց բացի՝ այլ բան չէր մնում անել, մանավանդ որ, երբ Սյուզին ասաց՝ «ուզո՞ւմ եք՝ հենց էսօր էլ գնանք», իմ ու Ռոլանդի մտքերն անմիջապես ծռվեցին եւ չէին կարող չծռվել, որովհետեւ Սյուզին ու Եվգենյան ոչ միայն ազատ ու ազատամիտ էին, այլեւ՝ բավական գեղեցիկ, եւ երբ Ռոլանդն ասաց, որ գիշերն Աշնակում ենք մնալու, աղջիկները ոչ միայն չհակաճառեցին, այլեւ՝ ավելի ոգեւորվեցին, եւ Շուրայի բուֆետից դուրս գալով՝ ես ու Ռոլանդն իրենց ուղեկցեցինք «Ծիծեռնակի» խմբագրության մեր սենյակը, որտեղից Սյուզին ու Եվգենյան զանգահարեցին իրենց տներն ու իրենց սիրասուն հայրիկներին ու մայրիկներին առանց որեւէ դժվարության համոզեցին, ավելի ճիշտ՝ բացատրեցին, որ գնում են Աշնակ եւ գիշերն էլ Աշնակում են մնալու, եւ իրենց ծնողներին բացատրելու ու համոզելու հարցում կոնսերվատորիայի էդ երկու աղջիկների միակ դժվարությունն էն էր, որ երկուսի ծնողներն էլ ոչ մի կերպ չէին հասկանում՝ ինչ ասել է Աշնակ, եւ իրենց էդ հեռախոսային խոսակցության ընթացքում երկուսի ծնողներն էլ Թալինը Տալինի հետ էին շփոթում, որովհետեւ Սյուզին ու Եվգենյան ռուսախոս էին ու Թալինին մի գլուխ Տալին էին ասում, ու իրենցից հետո ես է՛լ տուն զանգեցի ու մորս զգուշացրի, որ Ռոլանդենց գյուղ ենք գնում ու գիշերն էնտեղ ենք մնալու, ու Ռոլանդի անունը լսելով՝ մայրս անմիջապես համաձայնվեց, որովհետեւ մորս համար իմ բոլոր ընկերները հարազատ մարդիկ էին, եւ դա մասամբ նաեւ իմ շնորհիվ էր, որովհետեւ էն ժամանակ էլ ու հիմա էլ իմ ընտանիքում ընկերներիս մասին բացառապես լավ բաներ եմ ասում ու խոսում:

Ինչեւէ. ես, Ռոլանդը, Սյուզին ու Եվգենյան «Ծիծեռնակի» Կատյայի ու Տաթեւիկի խոժոռ հայացքների ուղեկցությամբ դուրս եկանք խմբագրությունից եւ լույսով արդեն Աշնակում էինք, ուր մեր հանկարծակի հայտնությունն իսկական ցնծություն էր Դանիկի ու Սեդա ծյոծյայի համար, չնայած Ռոլանդի ծնողները ցնծությանը զուգահեռ նաեւ զարմացած էին Սյուզիի ու Եվգենյայի ներկայությունից, որովհետեւ էդ ժամանակ Ռոլանդն արդեն Ժասիկի ամուսինն էր, եւ արդեն ունեին իրենց հրաշալի Մերիին, եւ, բնականաբար, էդ պահին կոնսերվատորիայի աղջկերքի ներկայությունն ուստա Դանիկի ու տիկին Սեդայի համար ավելի քան անհասկանալի էր, բայց մերոնց պես Ռոլանդի ծնողներն էլ էին իրենց որդու ընկերներին շատ սիրում եւ շուտով կոնսերվատորիայի աղջկերքի հետ կապված անհարմարությունը հաղթահարելով՝ անմիջապես անցան ոչխարը մորթելու ու խորովածի պատրաստություն տեսնելու գործին, եւ տիկին Սեդան մեկական խալաթ տալով Սյուզիին ու Եվգենյային՝ սրանց նույնպես գործի մեջ ներքաշեց, իսկ ես ու Ռոլանդն իրենց իրար հետ թողնելով՝ գնացինք Գեւորգ Չաուշի նորակառույց թանգարանը, որն Աշնակի բաց երկնքի տակ կիսակառույց ու, փաստորեն, անօրինական մի թանգարան էր եւ Գեւորգ Չաուշի էդ թանգարանն արդյունքն էր պոլիտեխնիկի դասախոս Գեւորգի ֆանտաստիկ, բայցեւ ճշգրիտ մի երազի, եւ Չաուշի եղբոր անմիջական հետնորդ՝ պոլիտեխնիկի դասախոս Գեւորգն իր պապի եղբոր՝ Չաուշի պես չէր ամուսնացել, այնուհետեւ պոլիտեխնիկի իր դասախոսական կենսագրությունն էլ կիսատ թողել ու մնացյալ բոլոր օրերն անմնացորդ հատկացրել էր իր էդ կոնկրետ երազին ու երազանքին, ու էդ հսկայական թանգարանը, փաստորեն, Պոլիտեխնիկի Գեւորգի միջոցներով ու ջանքերով էր գոյացել, բայց Աստված, որ Պոլիտեխնիկի Գեւորգին էդքան երեւակայություն ու էդ երեւակայության հետեւից հասնելու էդքան համառություն ու հաստատակամություն էր շնորհել, նրան երկրային չափազանց սահմանափակ ժամանակ տրամադրեց էդ ազգակցական ու ազգային առաքելությունն իրականացնելու համար, ու Գեւորգն Աստծո տրամադրած էդ չափազանց սահմանափակ ժամանակը լավագույնս օգտագործեց՝ Չաուշի երրորդ եղբոր հետնորդներին եւ Թալինի ու Սփյուռքի սասունցիներին ու մշեցիներին թողնելով պետական ատյաններում չգրանցված էդ թանգարանի ընդամենը ներքին հարդարման աշխատանքները, եւ Չաուշի երրորդ եղբոր հետնորդներն սկզբում լավ էլ գործի կպան եւ ի նշան երախտագիտության ու առողջ տրամաբանության՝ Պոլիտեխնիկի Գեւորգին էդ չգրանցված թանգարանի առաջին հարկում թաղեցին եւ գերեզմանաքարն էլ շուտափույթ դրին ու մշտապես ծաղկունքի մեջ էին պահում, բայց Մամիկոնի, Լեռնիկի ու մյուս հետնորդների մի ոտը Երեւանում էր, եւ իրենք հազիվ հասցնում էին իրենց վաղամեռիկ հորեղբոր՝ Պոլիտեխնիկի Գեւորգի գերեզմանը հարդարած ու ծաղկունքի մեջ պահել, ու ահագին ժամանակ Չաուշի էդ չգրանցված թանգարանը մնաց էն վիճակում՝ ինչ վիճակում որ Պոլիտեխնիկի Գեւորգը թողել էր, բայց Մամիկոնի, Լեռնիկի ու մյուսների մեղքով չէր՝ որ էդպես էր մնացել, որովհետեւ նախքան Պոլիտեխնիկի Գեւորգի մեռնելը բոլորը կարծում էին, թե Գեւորգը միայն ու միայն իր խնայած միջոցներով է էդ չգրանցված հսկայական թանգարանը ստեղծել, եւ միայն Գեւորգի մահից հետո մարդիկ սկսեցին մտածել ու հասկանալ, որ խնայված միջոցներով էդ մեծության թանգարան ոչ մի կերպ չէիր սարքի, մանավանդ որ՝ Գեւորգը քսան տարի շարունակ պոլիտեխնիկում ազնիվ ու անկաշառ դասախոս էր եղել, ու հակառակը հնարավոր էլ չէր պատկերացնել, այսինքն՝ բոլորի համար պարզից էլ պարզ էր, որ կաշառքի փողերով որեւէ մեկն ուրիշի թանգարան՝ առավել եւս ուրիշի անօրինական թանգարան չէր սարքի՝ ինչքան էլ էդ ուրիշն արյունակից ու հերոսական Չաուշը լիներ, եւ երբ Պոլիտեխնիկի Գեւորգի մահից հետո բոլորն էդ պարզ բաների շուրջ մտածեցին ու էդ պարզ բաները հասկացան, բոլորի ուղեղներում աստիճանաբար ծագեց ու ձեւավորվեց համազգային, ավելի ճիշտ՝ համասասունցիական հույժ գաղտնի հանգանակության տեսլականը, եւ բոլորն իրարից անկախ մտածելով՝ գրեթե միաժամանակ ընկալեցին ու հասկացան, որ Պոլիտեխնիկի Գեւորգին ֆինանսապես սատար են եղել սյուռքյան եւ, ինչու չէ, նաեւ մեր տեղական սասունցիները, մանավանդ որ՝ մեր տեղական սասունցիք ո՛չ միայն էս անկախության տարիներին, այլեւ խորհրդային տարիներին է՛լ հարմար գործերի ու պաշտոնների էին, ու չնայած էսօրվա օրով սասունցիք իշխանության մեջ վարչապետ, փոխքաղաքապետ, նախարար, փոխնախարար ու լիքը վարչության պետեր ունեն, բայց յոթանասունականների սասունցիական բումը շատ ավելի աղմկոտ ու շատ ավելի հմայիչ էր, ու էդ ողջ աղմուկն ու հմայքն առաջին հերթին բխում էին Գալշոյան Մուշեղի շեկ ու հմայիչ ներկայությունից, ինչպես նաեւ՝ Ստեփան Կարպիչից, որն էդ թվերին ռադիոյի ու հեռուստատեսության նախագահն էր եւ հանրապետության ողջ տարածքը եթերից ողողել էր Սասնա ու Մշո երգուպարերի մերթ խրոխտ ու մերթ չափազանց անուշ հնչյուններով, ու էդ հնչյունները հավասարապես բոլորինս էին, եւ եթե էդ թվերին ռուսախոս դերասան Լեոնիդը «Յարխուշտա» էր պարում ու Սասնա ռազմաշունչ երգեր էր երգում, մյուսներս էլ մե՛ր չափով կայինք էդ հնչյունների տարածքներում եւ եթե ինքնուրույն որեւէ բան չէինք երգում ու չէինք պարում, կողքից ինչ-որ չափով եւ ինչ-որ կերպ դնդնում ու դամ էինք պահում:

– Սուրբ Կարապետ վանքին մոտիկ կար մի զուլալ աղբըրիկ,- Գեւորգ Չաուշի թանգարանի առաջին հարկում Պոլիտեխնիկի Գեւորգի գերեզմանի մոտ պպզած՝ երգեց Ռոլանդը:

– Ով որ խմեր մի պուտիկ, կհովանար յուր սրտիկ,- շարունակեցի ես:

– Եկեք, տղա՛ք, առվին բոլորիկ պար մը բռնենք կլորիկ,- ոտքի կանգնելով՝ ձայնը բարձրացրեց Ռոլանդը:

– Տղա՛ք, եկեք առվին բոլորիկ պար մը բռնենք կլորիկ,- կրկնեցի ես:

– Օրոր-շորոր խատուտիկ էկավ խորոտիկ Նուբարը,- ծոր տվեց Ռոլանդը:

– Մեկ ման կուգար, մեկ՝ խունջիկ, կշողշողար խատուտիկ,- շարունակեցի ես:

– Եկեք, տղա՛ք, առվին բոլորիկ պար մը բռնենք կլորիկ,- նորից ձայնը բարձրացրեց Ռոլանդը:

– Տղաք, եկեք առվին բոլորիկ պար մը բռնենք կլորիկ,- կրկնեցի ես:

Մենք արդեն Դանիկի քաշած օղուց երկուական բաժակ գցել էինք, բայց մեր երգելը մեր խմածության հետ ոչ մի կապ չուներ:

– Գեւորգն իսկական հրաշք էր,- գերեզմանի ծաղկունքի միջից սեւեռուն մեզ նայող Պոլիտեխնիկի Գեւորգի մեծադիր լուսանկարին նայելով՝ ասաց Ռոլանդը:

– Ինչի՞ց մեռավ,- հարցրի ես:

– Սիրտը չդիմացավ,- ասաց Ռոլանդը։

– Ինչի՞ն չդիմացավ,- հարցրի ես:

– Ռայկոմականներին,- ասաց Ռոլանդը.- շատ էին խանգարում, չէին թողում՝ էս սկսած գործը վերջացնի՝ հորովմորով անի: Սիրտը շատ էր նեղվում, որ չի կարում էս սկսածը մինչեւ վերջ հասցնի:

– Էս ներսի գործերի համար է՛լ ահագին փող էր պետք,- ասացի ես:

– Փող տվողներ միշտ էլ էղել են,- ասաց Ռոլանդը:- Էդ ռայկոմականները ոչ թե Գեւորգին էին հսկում, այլ՝ հենց էդ փող տվողներին. Գեւորգի վրա ուժները չէր պատում:

– Էդ ռայկոմականների մեջ հեչ սասունցի չկա՞,- հարցրի ես:

– Ռայկոմականները սասունցի կամ մշեցի չեն ըլնում,- ասաց Ռոլանդը.- իրանք առանձին ազգություն են:

– Դեմքից էրեւում ա, որ լավ մարդ ա,- Գեւորգի լուսանկարին նայելով՝ ասացի ես:

– Լավն էն խոսքը չի,- ասաց Ռոլանդը:- Ով իրան չի ճանաչել՝ շա՜տ մեծ բան ա կորցրել:

– Երեւի Գեւորգ Չաուշի հետ կապված են իրա անունը Գեւորգ դրել,- ասացի ես:

– Հա,- ասաց Ռոլանդը:

– Փաստորեն, իրա անունն արդարացրել ա:

– Մի բան էլ ավել,- ասաց Ռոլանդը:- Ինքը, փաստորեն, ճիշտ ու ճիշտ Չաուշի պես ապրեց. չամուսնացավ ու ամբողջ կյանքում պայքարեց հանուն իրա գերագույն նպատակի:

– Իրա գերագույն նպատակը ո՞րն էր:

– Էս թանգարանը. քիչ ա՞:

– Քիչը քիչ չի, բայց ափսոս, որ էդ գերագույն նպատակը կիսատ ա մնացել:

– Մենակ ներսի գործերն են մնացել,- ասաց Ռոլանդը.- էդ էլ թող Չաուշի մյուս ախպոր ժառանգներն անեն:

– Էս ներսի գործերն էլ են ահագին ծախս պահանջում:

– Հարցը փողը չի,- ասաց Ռոլանդը.- դրսի ու ներսի սասունցիք փողի իմաստով միշտ պատրաստ են:

– Փողը որ կա՝ գործն էլ կըլնի,- ասացի ես:

– Ռայկոմականները որ Գեւորգի վրա չէին կարում, էդ փող տվողների վրա էին մի գլուխ ճնշում բանացնում:

– Ո՞նց էին ճնշում բանացնում:

– Տարբեր ձեւերով,- ասաց Ռոլանդը.- մեկին գործից էին հանում, մյուսին բանտ էին նստացնում:

– Ո՞նց էին բանտ նստացնում:

– Փողավորների վրա երբ էլ ուզեն՝ կարան գործ սարքեն:

– Սփյուռքի փողավորների վրա էլ հո չե՞ն կարա գործ սարքեն:

– Քանի Գեւորգը կար՝ չէին կարում,- ասաց Ռոլանդը.- բայց հիմի Մամիկոնին ու մյուսներին կանչում՝ շատ խիստ զգուշացնում են:

– Ի՞նչ են զգուշացնում:

– Զգուշացնում են, որ հանկարծ սփյուռքահայերի հետ կապերի մեջ չմտնեն:

– Փաստորեն, վախացնում են,- ասացի ես.- վախացնում են, որ ախպարներից փող չվերցնի:

– Ախպար մի՛ ասա,- ասաց Ռոլանդը:

– Պատահական ստացվեց,- ասացի ես:

– Պատահական է՛լ մի ասա,- ասաց Ռոլանդը.- մեր գերդաստանի կեսից շատն ախպար ա:

– Դու է՛լ ախպար մի ասա:

– Քո խոսքն եմ կրկնում, որ զգաս, թե ինչքան կոպիտ ա,- ասաց Ռոլանդը:

– Փաստորեն, սփյուռքահայերի փողերի ճամփեն փակել են,- ասացի ես:

– Կարեւորն էն ա, որ շենքն արդեն կա: Հիմի որ Աշնակ անծանոթ մարդ կամ տուրիստ ա ոտ դնում, առաջինն էս շենքն են նկատում ու զարմացած հարցնում են՝ էս ի՞նչ շենք ա: Մենք էլ ասում ենք՝ Գեւորգ Չաուշի թանգարանն ա: Ու որ հարցնում են՝ Գեւորգ Չաուշն ո՞վ ա, մեր բիձեքն սկսում են մանրամասն բացատրել ու պատմել:

– Փաստորեն, Գեւորգն իրա նպատակին հասել ա,- ասացի ես:

– Ճիշտը որ ուզում ես իմանաս, Գեւորգը որ էս շենքի հիմքը շատ խորը փորել տվեց, էս սրբատաշ պատերը կանգնացրեց ու կրիշը կապեց, մի քիչ հոգեպես հանգստացավ ու արխային ընկավ: Մտքով հեչ չէր անցնում, որ կարող ա սիրտը պադվադիտ անի:

– Երեւի սիրտն էդ լարվածությանը չի դիմացել,- ասացի ես:

– Հաստատ չես կարա ասես,- ասաց Ռոլանդը:- Էն ամենալարված մոմենտներին սիրտը լավ էլ դիմացավ, բայց ամենահանգիստ մոմենտին, փաստորեն, պադվադիտ արեց:

– Ամենահանգիստ մոմենտը ո՞րն էր, -հարցրի ես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել