Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում շարունակվում է շախմատի «Aeroflot Open» ավանդական միջազգային վեցերորդ մրցաշարը:
Երկրորդ տուրում ուժեղագույնների «A1» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստերներից կրկին գերազանց հանդես եկավ Արտաշես Մինասյանը: Նա սպիտակներով հաղթեց Վիորել Բոլոգանին եւ 2,0 միավորով (100 տոկոսանոց արդյունք) Ալեքսանդր Արեշչենկոյի (Ուկրաինա), Բորկի Պրեդոեւիչի (Բոսնիա եւ Հերցեգովինա), Սուրիա Շեհար Գանգուլիի (Հնդկաստան), Ստանիսլավ Նովիկովի, Եվգենի Տոմաշեւսկու (երկուսն էլ՝ Ռուսաստան) եւ 12-ամյա չինուհի Հու Յուֆանի հետ գլխավորում է 88 մասնակիցների մրցաշարային աղյուսակը: Ադրբեջանցի Ելթայ Սաֆարլիի նկատմամբ հաղթանակ տարավ եւ իր անվան դիմաց 1,5 միավոր գրանցեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող Վլադիմիր Հակոբյանը: Գաբրիել Սարգսյանը ասպետ չգտնվեց Տատյանա Կոսինցեւայի հանդեպ՝ ռուսաստանցի գեղեցկուհուն ստիպելով անձնատուր լինել: Երկրորդ ոչ-ոքին արեցին գրոսմայստերներ Կարեն Ասրյանն ու Զավեն Անդրիասյանը: Առաջին կես միավորը վաստակեց Աշոտ Անաստասյանը: Ցավոք, դեռ պայքարի բովին չի հարմարվել Տիգրան Լ. Պետրոսյանը, ով դեռեւս ոչ մի միավոր չունի: Երեկ երրորդ տուրում մեր գրոսմայստերների մրցակիցներն էին. Ստանիսլավ Նովիկով (Ռուսաստան)- Արտաշես Մինասյան, Յան Էլվեստ (ԱՄՆ)- Վլադիմիր Հակոբյան, Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)-Գաբրիել Սարգսյան, Յուրի Յակովիչ (Ռուսաստան)- Կարեն Ասրյան, Էմիլ Սուտովսկի (Իսրայել)- Զավեն Անդրիասյան, Աշոտ Անաստասյան- Ժիանչաո Ժու (Չինաստան), Նիկոլա Սեդլակ (Սերբիա)- Տիգրան Լ. Պետրոսյան:
«A2» խմբում երկու հաղթանակ է տոնել եւ առաջատարների խմբում է Դավիթ Պետրոսյանը: Բենիամին Գալստյանը, Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Նալբանդյանը, Արթուր Չիբուխչյանը ունեն 1,5-ական միավոր, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Արսեն Եղիազարյանը՝ 1,0-ական, Հրանտ Մելքումյանը՝ 1/2:
Հայաստանը շախմատի աշխարհում մեծ ճանաչում ունի ոչ միայն իր գործող շախմատիստներով, ովքեր «Aeroflot Open»-ում եղանակ ստեղծողների շարքում են: ՖԻԴԵ-ն եւ մրցաշարի կազմակերպիչները գլխավոր մրցավար, բազմափորձ հոլանդացի Հերտ Հեյսսենի տեղակալի պատասխանատու պաշտոնը վստահել են մեր միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին: Ու սա առաջին անգամ չէ, որ նրանք նույն խոշորագույն մրցումում աշխատում են միասին: