Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի կառույց՝ հարեւանի հաշվին

Փետրվար 19,2007 00:00

\"\"ԴԱՀԿ-ն վերաքննիչի վճիռը չի կատարում

Օրերս մեծ դժվարությամբ Իջեւանից «Առավոտի» խմբագրություն էր եկել 82-ամյա Վլադիմիր Գուլակյանը: Նրա պատմելով, արդեն քանի տարի է՝ ինքն իր տնից «գլուխն առած» փախել է եւ ապրում է վարձով: Բանն այն է, որ Հայրենական պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Վլադիմիր Գուլակյանի նախկին հարեւան Գրիշա Բեգլարյանը բաղնիք-զուգարան կառուցելու համար ապօրինի զավթել է Իջեւանի Օհանյան 77 հասցեում գտնվող Գուլակյանի տան հարակից տարածքը՝ նրան զրկելով բնական լույսից. «Ես ապրում եմ կիսանկուղային հարկում, ապօրինի կառույցը իմ տան հենց պատուհանների դիմաց է: Տունս խոնավ է ու այնտեղ էլ ապրելու տեղ չի: Նույնիսկ ցերեկվա ժամերին սենյակում պետք է լույս վառեմ, այլապես շատ մութ է»:

Վ. Գուլակյանի ներկայացմամբ, իր հարեւան Գ. Բեգլարյանն այդպես էլ հաշվի չառնելով, որ կառույցն ապօրինի է, տունը վաճառել է մեկ այլ բնակչի՝ Արմենակ Պետրոսյանին: Երբ Գուլակյանը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի, այնուհետեւ՝ վերաքննիչ դատարաններ, ապացույցներ հավաքելու ընթացքում պարզվել է, որ Պետրոսյանն ինչ-ինչ ճանապարհներով, նոտարի ու կադաստրի միջոցով, շատ կարճ ժամանակահատվածում ապօրինի կառույցն օրինականացրել է: Վ. Գուլակյանի խոսքերով, նույնիսկ 1953-ին տրված իր տան գրքույկը Իջեւանի կադաստրից անհետացած է եղել. «Եթե տան գրքույկը լիներ, ապա այնտեղ նշված է, որ շենքից 6 մետր հեռավորության վրա իրավունք չունեն կառուցապատում անելու: Այդ աչքակապության հեղինակը կադաստրն է, որն էլ դիտավորյալ գրքույկը վերացրել է: Երբ այդ ամենը պարզ դարձավ, վերաքննիչը վճռեց հօգուտ ինձ եւ հարեւանիս պարտավորեցրեց կառույցը քանդել: Մինչ օրս ապօրինի կառույցն այդպես էլ չի քանդվել: Արդեն երկու տարի է՝ Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցները չեն բարեհաճում կատարել դատարանի որոշումը»: Ըստ Վ. Գուլակյանի, հավանաբար տանտերը համաձայնության է եկել հարկադիր կատարողների հետ, դրա համար էլ նրանք Ա. Պետրոսյանին չեն անհանգստացնում: Նրան միայն մեկ անգամ վարչական պատասխանատվության են ենթարկել:

ԴԱՀԿ-ի անգործության մասին Վլադիմիր Գուլակյանը տեղյակ է պահել հանրապետության նախագահին եւ ԴԱՀԿ պետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել