Գյումրիի շուկայի փակումը սպառնում է 250-300 ընտանիքի սոված թողնել
Չորս օր առաջ Գյումրիի կենտրոնական շուկայի Սուսաննա անունով առեւտրականներից մեկը փորձել է բենզինը լցնել իր վրա ու վառել: Նա 3 անչափահաս երեխա ունի եւ շուկայի մյուս վաճառականների պատմելով՝ «պարտքերի մեջ թաղված է»: Այդ օրը Դատական ակտերի հարկադիր կատարողները պետք է գնային շուկա ու բոլոր առեւտրականներին վտարեին: Սա էլ հենց կնոջը ինքնասպանության էր դրդել:
Բանն այն է, որ մի քանի տարի է՝ Գյումրիի քաղաքապետարանը փորձում է կենտրոնական շուկային հարակից տարածքից վռնդել վարձակալության հիմունքներով համայնքային հողը զբաղեցրած «Պինգվին» ՍՊԸ-ին, որը իր հերթին տարածքը վարձով է տվել մոտ 250-300 անհատ ձեռներեցների: Նրանց առաջին թունդ վիճաբանությունը սկսվել է դեռեւս 2003-ին: Այդ ժամանակ, ըստ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Էդվարդ Խոջոյանի, իրենց վարձակալության պայմանագրի երեք տարվա ժամկետը լրացել էր, ու քաղաքապետարանը հրաժարվում էր այն երկարացնելուց: Սակայն մինչ այդ, Խոջոյանի ասելով՝ այդ նույն քաղաքապետարանը իրենց հարկադրել էր 6 ամսվա ընթացքում տարածքը բարեկարգել՝ զգուշացնելով, որ այլապես ՍՊԸ-ին կզրկի դրանից: Նրանք էլ «քաղաքաշինական նորմերին համապատասխան» շուկա են սարքել, փոքրիկ, հարմարավետ տաղավարներ դրել ու անհատ ձեռներեցներին վարձով տրամադրել:
Սակայն քաղաքապետարանը չի կատարել իր խոստումը: ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Էդվարդ Խոջոյանի պատմելով՝ վարձակալության պայմանագիրը լրանալուց անմիջապես հետո, երբ իրենք այն երկարացնելու թույլտվություն են խնդրել, քաղաքապետարանը ի պատասխան դիմել է դատարան՝ «Պինգվինին» վտարելու հայցով, եւ դատը շահել:
Դատարանի վճիռը շուկայում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, քանի որ 250 ընտանիք այդ որոշմամբ զրկվելու է օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Մի քանի օր առաջ մարզային ոստիկանների ուղեկցությամբ մայրաքաղաքից ժամանած ԴԱՀԿ աշխատակիցները փորձել են շուկայից առեւտրականներին վտարել, հենց այդ ժամանակ էլ Սուսաննան փորձել է բենզինով ինքնասպան լինել, սակայն հարեւան առեւտրականները դժբախտ պատահարը կանխել են:
«Մենք ոչ ՍՊԸ-ի, ոչ էլ քաղաքապետարանի կողմն ենք, մեզ մեր աշխատանքն է հետաքրքրում: Էնպես են անում, որ ոչ միայն աշխատատեղից զրկվենք, այլեւ տնից. ստեղ կանգնածների 90 տոկոսը առեւտրով սկսել է զբաղվել՝ տները գրավ դնելով, բոլորս «Ֆինկա-կամուրջ» վարկ տրամադրող ընկերությունից փող ենք վերցրել, եթե մեզ դուրս վռնդեն՝ ի՞նչ պտի անենք, մեռնենք պրծնենք, էլի»,- «Առավոտին» դժգոհում էին վաճառականները:
«Պինգվին» ընկերության տնօրինության ներկայացմամբ՝ «մենք ոչ միայն բարեկարգել ենք տարածքը, այլեւ բոլոր հարկերը պարտաճանաչորեն մուծել, ուստի չենք պատրաստվում մեր դիրքերը զիջել»:
Թե ինչո՞ւ է «Պինգվին» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանն այդպես վարվում՝ փորձեցինք ճշտել փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանից ու իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանից: Փոխքաղաքապետի ասելով՝ վարձակալման 6 տարիների ընթացքում «Պինգվինը» ընդամենը չորս ամսվա վարձ է տվել, բացի այդ, մետաղյա տնակներ է տեղադրել՝ խախտելով բոլոր քաղաքաշինական նորմերը, տարածքն ընդլայնել է ի հաշիվ մայթի, որն էլ հետիոտներին քաղաքապետարան բողոքներ ներկայացնելու առիթ է տվել: Այս առիթով քաղաքապետարանը դիտողություններ է ստացել նաեւ Գյումրիի ոստիկանությունից, հրշեջ ծառայությունից, քաղաքաշինության տեսչությունից: Իրավաբանական բաժնի պետի ասելով էլ՝ որքան էլ շուկայի փակվելը վնասի ընտանիքներին, եթե կա դատարանի վճիռ՝ ուրեմն բոլորը պարտավորված են այն կատարել:
10 օրից շուկայում նոր սկանդալ է սպասվում. դատական ակտերի հարկադիր կատարողները, ըստ պայմանավորվածության, նորից ժամանելու են՝ կիսատ թողած գործը ավարտելու՝ մնացած առեւտրականներին վտարելու: