Ներքինգետաշենցիներն իրենց գյուղապետի «տակը փորում են»
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները պատրաստվում են նախագահի նստավայրի մոտ նստացույց անել եւ հրապարակում բողոքի երթ կազմակերպել՝ իրենց գյուղապետի դեմ: Ըստ ներքինգետաշենցիների, գյուղապետ Կարո Գեւորգյանը գյուղի բյուջեի հաշվին մեծ չարաշահումներ է թույլ տալիս ու իր ամբողջ ազգին հողով, ունեցվածքով է ապահովում: Ցույցերի միջոցով գյուղացիները մտադիր են վերջերս՝ 2006-ի սեպտեմբերին վերընտրված իրենց գյուղապետին պաշտոնանկ անել:
Բնակիչները Կարո Գեւորգյանին մեղադրում են մի շարք ապօրինությունների մեջ: Ըստ նրանց, Կ. Գեւորգյանը Ներքին Գետաշենի խմելու ջրագծի կառուցման համար նախատեսված 43 մլն դրամը ծախսել է ոչ նպատակային ու շեղվելով հաստատված նախագծից՝ իր համար առանձին նախագիծ է մշակել՝ ջրատարի ուղղությունը փոխելով դեպի իր տան թաղամասը: Արդյունքում՝ 1800 մետր ջրագիծ կառուցելու փոխարեն կառուցվել է 6000 մետր երկարությամբ ջրատար, որի համար գյուղի բյուջեի հաշվին լրացուցիչ ծախսվել է 67 մլն դրամ: Բացի այդ, ըստ բնակիչների, ընդհանուր ջրատարի կառուցումը կատարվել է բազմաթիվ խախտումներով. ամեն ինչ արել են, որ ջրատարն իրենց վրա էժան նստի, իսկ մնացած գումարը գրպանեն. ջրագծի խողովակները նույնիսկ «իզալացված չեն»: «Եթե տեսնեք՝ ինչ որակի խողովակներ են այնտեղ տեղադրված՝ կհասկանաք, թե գյուղապետը մեզ ինչի տեղ է դրել. խմելու ջրի չափորոշիչներին չհամապատասխանող, հին խողովակներ են, մի մասն էլ նույնիսկ օգտագործված է եղել որպես կոյուղու խողովակ, մինչդեռ կառավարության հաշվետվություններում գյուղապետը դրանք ներկայացնում է որպես նոր խողովակ»,- պատմեցին «Առավոտի» խմբագրություն եկած բնակիչները:
Ներքինգետաշենցիների պատմելով՝ համայնքի բյուջեից գյուղապետը նաեւ փող է դուրս գրել՝ իբր բարեկարգելու է զոհվածների հուշարձանը, դրա համար 2005-2006-ի ընթացքում ծախսվել է 4.6 մլն դրամ, սակայն այդպես էլ հուշարձանը չի բարեկարգվել. «Այդ գումարը կբավականացներ նոր հուշարձան կառուցելու եւ դեռ մի բան էլ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու, մինչդեռ գյուղապետը, բացի բյուջեից փող հանելուց, ուրիշ ոչինչ չի արել»: Բացի այդ, գյուղապետը, բնակիչների ներկայացմամբ՝ միայն գյուղը գազիֆիկացնելու համար 2-3 աղբյուրից փող է ուզել. 2005-ին գյուղի թաղամասերից մեկը գազիֆիկացնելու համար բյուջեից ծախսել է 7.6 մլն դրամ, այն դեպքում, երբ դրա կարիքը չի եղել, քանի որ ողջ Ներքին Գետաշեն գյուղը գազիֆիկացնելու համար ՀՀ վարչապետի 19.04.2005թ. հանձնագրի համաձայն, արդեն իսկ փոխանցվել է 4.5 մլն դրամ՝ բնակիչներն էլ իրենց հերթին են փող հավաքել:
Կառավարության կողմից 2006-ի աշնանացանի համար հատկացվել է 10 տոննա ցորենի սերմացու, սակայն այն մինչ օրս գյուղ չի մտել: Բնակիչների բողոքի համաձայն, 2004-2006-ին գյուղ չեն մտել նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից Ներքին Գետաշենին հատկացված օգնությունները (ալյուր, ցորեն, գարի, բրինձ, ձեթ եւ այլն), իսկ 2005-ի նոյեմբերին էլ որպես օգնություն տրամադրած բենզինն ու դիզվառելիքը տրվել են գյուղապետարանի աշխատակազմին եւ իր հարազատներին:
Գյուղապետ Կարո Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում բնակիչների այս բոլոր մեղադրաքներին բոլորովին այլ մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ բողոքողներից յուրաքանչյուրն իր հետ կապված մի խնդիր ունի: Օրինակ՝ ցույցի պատրաստվող բողոքավորներից Գրիգորյան Գեորգին, Ներքին Գետաշենի նախկին գյուղապետի՝ Գագիկ Գրիգորյանի որդին է ու չի հաշտվել հոր՝ աթոռ չունենալու մտքի հետ: Մյուս բողոքավոր բնակչի՝ Ռաֆիկ Սերոբյանի տղային էլ գյուղապետարանի իր պաշտոնից Կարո Գեւորգյանը ազատել է, դրա համար էլ նա գյուղապետից վրեժ է լուծում: Ինչ վերաբերում է բուն մեղադրանքներին, գյուղապետը հավաստիացրեց, որ ջրագծի կառուցման համար ծախսել է այնքան, որքան նախատեսված է եղել եւ եթե նախագծից շեղվել է՝ նախօրոք ստացել է վարչապետի թույլտվությունը: Ըստ նրա, Հայաստանում այդ տրամաչափի նոր խողովակներ դժվար է գտնել, դրա համար էլ տեղադրվել են նաեւ հին, օգտագործված, բայց ոչ կոյուղու խողովակաշարեր: Գյուղապետը նաեւ ասաց, որ զոհվածների հուշարձանի բարեկարգման համար բյուջեից ոչ մի կոպեկ չի վերցրել եւ այն բարեկարգելու պլաններ էլ չկան: Գյուղի գազիֆիկացման համար, ըստ Կ. Գեւորգյանի, բյուջեից, ճիշտ է, գումար ծախսվել է, բայց այն չի բավականացրել, ուստի վարչապետն էլ է 4.5 մլն տրամադրել, որի արդյունքում ներկայումս գյուղի 99 տոկոսը գազիֆիկացված է: Իսկ գյուղին տրամադրված օգնությունները, գյուղապետի հավաստիացմամբ՝ իրենց հասցեատերերին հասել են. «Իմ պաշտոնավարման ժամանակ ոչ ոք օգնություն չի տվել, որ ես բաժանեի, միայն 2003-ին 10 տոննա ալյուր են տվել, որ 1 կգ-ն 100 դրամով բաժանեի, կեսը չուզեցին՝ բաժանեցի զոհվածների եւ հանգուցյալ ունեցող ընտանիքներին: Իսկ բենզինի կամ դիզվառելիքի տեսքով ընդհանրապես օգնություն չի եղել, առաջին անգամ եմ լսում: Այ, բան չունեմ ասելու, աշնանացանի ցորենը դեռ բնակիչներին չի հասել, որովհետեւ կառավարությունն այն տալիս էր սեպտեմբերին, երբ գյուղում ընտրություններ էին, ու քանի որ դա կարող էր ընտրակաշառք դիտվել՝ չտվեցին, մոտ օրերս այն նոր կբաժանեն մեր համագյուղացիներին»:
Նշենք, որ գյուղապետն անկուսակցական է եւ, իր խոսքերով՝ ոչ գյուղում, ոչ էլ այլ տեղ որեւէ օբյեկտ կամ մեծ կապիտալ չունի:
Հ. Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր տպագրության, նախկին գյուղապետի որդին՝ Գեորգի Գրիգորյանը հայտնեց, որ իր անունն ինչ-որ մարդիկ օգտագործել են, բողոքողը ինքը չի եղել. «Ես պատրաստ եմ անձնագրով ներկայանալ խմբագրություն, իմ անվան տակ ուրիշն է ներկայացել»: