Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր թանկացումներ

Փետրվար 19,2007 00:00

\"\"Աղբի եւ վերելակի վարձը 50 տոկոսով բարձրացրել են

Այս տարվա հունվարի 1-ից Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներն աղբի վարձը ստիպված են վճարել 50 տոկոս թանկ. նախկինում 1 շնչի համար վարձը կազմում էր 100 դրամ, հիմա՝ 150:

Համայնքում աղբահանության հարցերով զբաղվում է «Կռունկ» ՓԲԸ-ն, որը գործում է թաղապետարանի ենթակայության ներքո: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց ընկերության տնօրեն Արթուր Գալստյանը, վարձավճարների թանկացումն իրենց ընկերության քմահաճույքը չէ, այդ մասին որոշում է կայացրել համայնքի ավագանին. «Բոլոր համայնքներում էլ վարձը թանկացրել են դեռ նոյեմբեր-դեկտեմբերին, մնացել էինք մենք ու Շենգավիթը: Թաղապետարանը տեսավ, որ, իսկապես, մենք վնասով ենք աշխատում, որովհետեւ բենզինն ու դիզվառելիքը թանկացել էին ու վարձի մեջ չէինք տեղավորվում»:

Պատահական զուգադիպությամբ այս համայնքում գրեթե 50 տոկոսով թանկացել է նաեւ վերելակի վարձը: Համայնքի վերելակների հարցերով զբաղվող «Վերելակ» ՓԲԸ-ն մինչեւ օրս 1 վերելակը սպասարկելու համար բնակիչներից ամսական գանձել է 5000 դրամ: Սակայն 2007-ին վերելակի սպասարկման համար պահանջում են արդեն 7000 դրամ: «Վերելակ» ընկերության տնօրեն Մանվել Մալխասյանը մեզ հետ զրույցում սպասարկման վարձավճարի ավելացումը պայմանավորեց հիմնականում պահեստամասերի թանկացմամբ. «Ներկայումս վերելակի պահեստամասերի դեֆիցիտ կա, չճարվող մասեր են, ամեն մի մասը մենք ձեռք ենք բերում թանկուկրակ, եւ շահույթը չնչին է կազմում: Առաջ 5000 դրամի մեջ չէինք տեղավորվում, մի կերպ ծայրը ծայրին էինք հասցնում, բայց հաշվարկեցինք՝ որոշեցինք 2000 դրամով սպասարկման վարձը բարձրացնել, որովհետեւ մեր մեխանիկների աշխատավարձն էլ է բարձրացել, վարձի 50.4 տոկոսը ծախսվում է միայն մեխանիկի աշխատավարձի համար, 20 տոկոսը՝ հարկայինին, մնացածն էլ՝ հոսանքի, պահեստամասերի վերանորոգման եւ նման խնդիրների համար»:

Ըստ Մ. Մալխասյանի, ընդհանրապես վերելակների վարձավճարների հավաքման մեխանիզմ գոյություն չունի, կառավարությունը հաստատագրված սակագին չի ֆիքսել, եւ ծառայության գինը որոշում է սպասարկող ընկերությունը՝ հաշվի առնելով կատարած ծախսերը եւ ողջամիտ շահույթը. «Օրինակ՝ աղբի վարձը մեկ շնչի համար ֆիքսված գումար է, եւ բնակիչները, անկախ նրանից՝ որքան ծավալով աղբ են թափում, պարտավոր են այդ վճարումները կատարել, բայց վերելակը պարտադիր նորմ չէ, կուզես՝ կօգտվես ու կվճարես, չէ՝ չես վճարի»:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները դժգոհում են, որ վերելակների վարձավճարների հավաքման մեխանիզմն անարդարացի է. «Ես մենակ եմ ապրում, ես էլ եմ ամսական 1000 դրամ վճարում ու օգտվում եմ օրական ընդամենը 1 անգամ (այս գումարի մեջ մտնում է նաեւ վերելակի սպառած էլեկտրաէներգիայի վարձը,- Ն. Բ.), կա 8 հոգանոց ընտանիք՝ նրանք էլ են նույնքան վճարում՝ օրվա մեջ անընդհատ իջնել-ելնելով»: Նկատենք, որ կան բազմաբնակարան շենքեր, որտեղ ներդրված է վերելակների սպասարկման, այսպես ասած՝ «ժետոնային» համակարգը: Սպասարկող ընկերությունը 5 դրամով ժետոն է վաճառում բնակիչներին, ու վերելակն աշխատում է միայն այդ ժետոններով. ով շատ է օգտվում՝ շատ է վճարում: Այս առնչությամբ, ըստ «Վերելակ» ՓԲԸ տնօրեն Մանվել Մալխասյանի, «ժետոնները սարքը փչացնում են, բացի այդ, բնակիչներն ինչ մախինացիա ասես, որ չեն անում՝ ժետոնը գցում են, վերելակից օգտվում ու թելով նույն ժետոնը հետ քաշում»:

Պարոն Մալխասյանի դիտարկմամբ՝ պետք է կառավարության մասշտաբով քննարկեն վերելակների հարցն ու դրա համար հաստատագրված վարձ սահմանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել