Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԲ-Ի ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»

Փետրվար 19,2007 00:00

\"\"Ասում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

Այս տարվա բյուջեով դոլարի կուրսը հաշվարկել են 357 դրամով: Հաշվի առնելով, որ ամեն տարի իրական կուրսն ավելի ցածր է կազմում, քան բյուջեով են կանխատեսած լինում, չի բացառվում, որ այս տարի ամռանն արդեն կուրսն այնքան իջնի, որ հավասարվի 320-330 դրամի: Դոլարի կուրսի նվազումն ամենից առաջ ազդում է տեղական արտադրողների բիզնեսի վրա, եւ ներկայումս հայ գործարարներն անորոշությունից խուճապի մեջ են:

Այս առնչությամբ մենք զրուցեցինք Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ.

– Պարոն Ղազարյան, ներկայումս փոխանակման կետերում դոլարի կուրսն արդեն 360 դրամ է, որոշ տեղերում ավելի ցածր՝ 358 դրամ: Եթե այսպես շարունակվի, ի՞նչ է սպասում հայ գործարարների բիզնեսին:

– Սպասվում է այն, ինչ եղավ 2006-ին: Վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ այս տարի առաջին անգամ արդյունաբերության որոշ ճյուղերում համապատասխան աճ չարձանագրվեց: Արտադրողներն առանց այդ էլ շատ լուրջ վնասներ են ունեցել, տարեկան կնքված պայմանագրերի դեպքում հասույթը 20-30 տոկոս պակաս է ստացվել, նման դեպքում չեմ կարծում, որ հայկական որեւէ ձեռնարկություն կկարողանա 70-80 տոկոս ներդրում կատարելով՝ մասնակցել արտահանմանը: Չեմ ընդունում «սարգսյանական» (նկատի ունի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին,- Լ. Ա.) այն հիմնավորումը, թե տեղական արտադրողները խնդիրներ են ունենում, որովհետեւ նրանց արտադրանքն անմրցունակ է: Մեր ապրանքները կարողանում են հասնել ամերիկյան, եվրոպական, ռուսական շուկաներ եւ մրցել այնտեղ՝ նրանց կայացած գներով ապրանքների հետ, այդ ինչպե՞ս եղավ, որ անմրցունակ ու անորակ են:

– Դոլարի կուրսի ներկայիս արժեզրկումը բնականոն տնտեսական երեւո՞ւյթ եք համարում, թե՞ դուք էլ եք մտածում, որ ընտրությունների համար վերեւներին փող է պետք:

– Արդեն երեք տարի է, ինչ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հրապարակավ վիճում ենք՝ դոլարի կուրսի անկման ու ցնցումների մասին: Դոլարի արժեզրկման հետ կապված նրա բացատրությունները մինչեւ հիմա չեմ կարողանում ընդունել: Ամեն տարի, կարծեք, պլանավորված ձեւով դրամական փոխանցումների աճը բերում է նրան, որ դրամն արժեւորվում է, իսկ եվրոն, ռուբլին, դոլարը՝ արժեզրկվում: Եթե ընդունենք, որ դա այդպես է, ուրեմն այս դեպքում պետք է տնտեսության մեջ գոնե երկու խթան տեսնեինք՝ դրամի ռեալ գնողունակության բարձրացում. եթե իմ աշխատողը ստանում է 50 հազար դրամ, ապա նա այս տարի սպառողական զամբյուղից պետք է կարողանա գնել ավելի շատ ապրանք, քան անցյալ տարի, որը չկա, կամ գոնե պետք է իջեցվեն ապրանքատեսակների եւ ծառայությունների դիմաց դրամով սահմանված գները, ինչը նույնպես չի լինում: Փաստորեն, դրամի արժեւորումը մի խումբ մարդկանց գերշահույթ ստանալու հնարավորություն է տալիս, եւ դրամի ուժեղացման դրական կողմերը ազգաբնակչությունը ոչ մի կերպ չի զգում:

– Չե՞ք կարծում, որ մեր երկրում բիզնեսի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն դոլարի կուրսով, այլեւ «տանիքով»: Ով վերեւներում «դաբրո» տվող ունեցավ՝ նրա բիզնեսը հաջողվում է, հարկերից հեշտությամբ խուսափում է ու օր օրի նրա բիզնեսը բարգավաճում է:

– «Տանիքներ» եւ նրանց հովանու տակ աշխատողներ, իսկապես, մեր երկրում կան, դա հենց նույն կոռուպցիան է: Սակայն «տանիքի» տակ աշխատելը, կոռումպացվելը, չինովնիկի հետ սերտաճելը գալիս է մեզանից, որովհետեւ մեր մեջ այդ ռեժիմով արագ սերտաճելու եւ մյուսներին կուլ տալու հիմար դատողությունն է գործում: Բայց ես հույս ունեմ, որ արտոնյալ «տանիքը» վաղ թե ուշ կփլվի:

– Հարկայինի հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկը կարդացե՞լ եք, այնտեղ հանելուկներ չե՞ք տեսել, ձեզ համար չկա՞ն ծանոթ ընկերություններ, օլիգարխների պատկանող շատ հայտնի կազմակերպություններ, որոնց տված հարկերի չափը տեսնում ես՝ լացդ գալիս է:

– Այո, կարդացել եմ: Ընդհանուր առմամբ ցանկը հրապարակային դարձնելը բոլորի մոտ առողջ մրցակցություն է առաջացրել, բայց, իրոք, որոշ գործարարների կատարած հարկերը քիչ են երեւում, քանի որ ոչ բոլորն են ամբողջ ծավալով իրենց ընդհանուր շրջանառությունը ցույց տալիս, դրա համար կառավարման մարմինները պետք է լուրջ հետեւություներ անեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել