«ԱրմենՏելից» նոր տուժածներ կան
«ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապի շուրջ 400 բաժանորդ կրկին ընկել է թակարդը. նրանց հաշվի վրա 1-2 միլիոն դրամի հասնող հաշիվ է եկել՝ Ավստրիա, Բուրկինաֆասո, Արեւելյան Թիմոր եւ նման երկրների իրենց ծանոթ-բարեկամների հետ շա՜տ երկար խոսելու համար: «ԱրմենՏելն» արդեն «շատախոս» բաժանորդների մի մասի հեռախոսներն անջատել է ու եթե պարտքը չմարեն՝ հեռախոսահամարն էլ կկորցնեն: Նման խնդիր առաջացել էր նաեւ նախորդ տարի, սակայն երբ գործը հասավ դատարան եւ օրումեջ արդեն բաժանորդներն «ԱրմենՏելի» դեմ դատարանում հայց էին ներկայացնում, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը սառեցրեց բոլորի պարտքերը: Այս անգամ արդեն, ինչպես ճշտեցինք «ԱրմենՏելից», ներկայիս տնօրեն Օլեգ Բլիզնյուկը չի պատրաստվում զրոյացնել Ավստրիա խոսացած բաժանորդների պարտքերը:
Ներկայումս էլ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը եւ Սպառողների ասոցիացիան տուժած բաժանորդներից նորանոր դիմում-բողոքներ են ստանում: Այդ բողոքներն ուսումնասիրելիս սպառողների պաշտպանները եկել են այսպիսի եզրակացության՝ բոլոր տուժած բաժանորդները խոսել են Ավստրիա, ընդ որում՝ գրեթե նույն համարով են զանգահարել՝ միայն 1 նիշի տարբերությամբ: Սա արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս, որ իրականում բաժանորդները զանգ չեն կատարել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը. «Մենք զանգահարել ենք Ավստրիայի համարներով ու պարզել, որ դա ինչ-որ անձ չէ, բարեկամ կամ ծանոթ չէ, որ մարդիկ զանգեին խոսեին՝ ինտերնետ պրովայդերի համարներ են, իսկ բնակիչը միջազգային պրովայդերին ինչո՞ւ պիտի զանգահարեր, դա անտրամաբանական է»:
Այդուհանդերձ, «ԱրմենՏելին» դա չի հետաքրքրում. ընկերությունն ասում է՝ զանգ է կատարվել եւ բաժանորդը պարտավոր է վճարել դրա համար: «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Չութիլյանն «Առավոտին» նաեւ պարզաբանեց, որ իրենք բազմիցս բոլոր բաժանորդներին զգուշացրել են՝ «կոդավորեք ձեր հեռախոսահամարները, իսկ եթե չեք կոդավորում՝ մենք ի՞նչ կարող ենք անել, մենք ամեն շաբաթ ԶԼՄ-ներում հրապարակում ենք կոդավորման ձեւը, «ԱրմենՏելն» այլ հնարավորություն չունի՝ կանխելու այդ զանգերը»: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանի տեղեկացմամբ՝ «ԱրմենՏելի» հրատարակած բուկլետներում կոդավորման թվերը սխալ են եղել, ուստի մարդիկ, եթե անգամ ուզենային էլ՝ չէին կարող կոդավորել իրենց հեռախոսահամարները:
Օլեգ Բլիզնյուկը խոստացել է հանդիպել սպառողների շահերի պաշտպանների հետ եւ հարցը մանրամասն քննարկել: Ա. Եղոյանի համոզմամբ՝ եթե իրենք ընկերությանը դատի տան՝ այն կշահեն, բայց իրենց ավելի ձեռնտու է գնալ կարճ ճանապարհով՝ համաձայնության գալ «ԱրմենՏելի» տնօրինության հետ, որպեսզի դատական գործընթացում զուր ժամանակ չվատնեն: