Սոցիալական վճարներից խուսափելը Հայաստանում արդեն արմատացած պրոբլեմ է
Մեր երկրում իրական գործազուրկների թիվն անհայտ է եւ այն չափելու համար ոչ միայն պետք է նոր հաշվարկման մեթոդիկա կիրառել, այլեւ անհրաժեշտ է փոխել հասարակության մտածելակերպը եւ աշխատանքի շուկայի կառուցվածքը՝ ընդհանրապես: Տնտեսագիտական հաշվարկներով՝ ներկայումս Հայաստանում 3000-ից ավելի մարդ փաստացի աշխատանք ունի, բայց համարվում է գործազուրկ, որովհետեւ աշխատավայրում նրան չեն գրանցում շատ պարզ պատճառով՝ պետբյուջե սոցիալական վճարումներ չկատարելու համար: Մարդկանց ավելի շատ մտահոգում է իրենց օրվա հացը, իսկ թե որքա՞ն կկազմի կենսաթոշակը տարիներ հետո, կամ կունենա՞ն նրանք ընդհանրապես թոշակ, թե՞ ոչ՝ այնքան էլ չի մտահոգում: Արդյունքում՝ տարվա վերջում Հարկային պետական ծառայությունը հրապարակում է 300 խոշոր ապահովադիրների մի այնպիսի ցանկ, որն ընթերցողի մոտ միայն ու միայն զավեշտ է առաջացնում:
Օրինակ, ըստ հունվարին հրապարակված 300 ապահովադիրների վերջին ցանկի, կարելի է ենթադրել՝ «Նաիրիտ» գործարանում աշխատելն ավելի ձեռնտու է աշխատավարձի առումով, քան «ԱրմենՏելում», «ՀայՌուսգազարդում», «Հայփոստում» կամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում». «Նաիրիտը» 1 մլրդ 204 մլն-ից ավելի սոցվճարումներ է կատարել եւ ցույց է տվել 2196 աշխատակից, իսկ վերը նշված ընկերությունները 4000-5000 աշխատող են ցույց տվել (կրկնակի շատ) բայց ավելի քիչ սոցվճար են կատարել, այսինքն՝ աշխատավարձի չափը երկու անգամ ավելի փոքր են ներկայացրել:
Ինչպես այս, այնպես էլ նախորդ 300 խոշոր ապահովադիրների ցանկում պարտաճանաչ սոցվճարումներ կատարել են միայն այն ընկերությունները, որոնք սնվում են պետբյուջեից եւ ըստ էության աշխատող կամ աշխատավարձ թաքցնելու խնդիր չունեն: Օրինակ՝ Հ1 հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն ապահովադիրների ցանկում բավական շատ աշխատողների թվաքանակ են ներկայացրել, իսկ մասնավոր շատ հեռուստաալիքների ու ռադիոկայանների կատարած սոցվճարումները չեն երեւում կամ էլ շատ չնչին են: Բնական է՝ Հ1-ին ձեռնտու է աշխատողների մեծ թվաքանակ ներկայացնել, իսկ մասնավոր հեռուստաընկերություններին՝ «ԱԼՄ»-ին կամ «Շանթին»՝ ոչ:
Միխայիլ Բաղդասարովը, լինելով ՌԴ քաղաքացի, օգտվում է շահութահարկի 50 տոկոս նվազեցման արտոնությունից: Ապահովադիրների ցանկից այնպիսի տպավորություն է, թե նրա համար 50 տոկոս զեղչ են կիրառել նաեւ սոցիալական վճարների համար: «Հակատուբերկուլյոզային» դիսպանսերը, առողջապահության նախարարության հոգեբուժական կենտրոնը, Հայհիդրոմետը, որտեղ աշխատավարձը բավականին ցածր է, ավելի շատ սոցվճարումներ են կատարել, քան Բաղդասարովի «Միկացեմենտն» ու «Արմավիան»: Իսկ նրա «Միկա Արմենիա թրեյդինգը» 300 ապահովադիրների շարք հազիվ է մտել (295-րդ տեղում է) ու վճարել է ընդամենը 24 մլն դրամ սոցվճար: Սա այն դեպքում, երբ նրանից առաջ են Խարբերդի մասնագիտացված մանկատունը (այստեղ հաշմանդամ ծնողազուրկ երեխաներ են), Սեւանի հոգեբուժարանը, Վարդենիսի նյարդահոգեբանական ինտերնատը կամ «Ընտանիքի պլանավորման սեռական առողջապահական կենտրոնը»: Մի դեպքում գործ ունենք մասնավոր ընկերության հետ, մյուս դեպքում՝ պետականների, որոնց ֆինանսական աղբյուրը նույն պետբյուջեն է:
Դա է պատճառը, որ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղը միայն սոցիալական ապահովագրության հիմնադրամի բյուջե է մուտքագրել մոտ 30 մլն դրամ, իսկ Հրանտ Վարդանյանի «Գրանդ կոմերցը» եւ Բարսեղ Բեգլարյանի հանրահայտ «Ֆլեշ» ընկերությունը՝ 27 մլն դրամ, իսկ Սուքիասյանների «Բջնի հանքային ջրերի գործարանը»՝ ավելի քիչ՝ 26 մլն դրամ: Կամ «Պիցցա դի Ռոման», «ՍՊՍ Սիգարոն», «Շանթ պլյուսը» եւ «Անի պլազա» հոթելը միասին ավելի քիչ աշխատող են ցույց տվել, քան միայն Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը: Ապահովադիրների ցանկից ստացվում է նաեւ, թե «Թամարա ֆրութը», «ԱԼՄ» հոլդինգը, «Ջերմուկի մայր գործարանը» կամ «Երեւան» հյուրանոցը ավելի քիչ աշխատող ունեն, քան, ասենք, «Դավիթ» երթուղային տաքսին: Եթե իսկապես այդպես լիներ՝ «ԱԼՄ»-ն պետք է աշխատած լիներ առանց օպերատորների ու հաղորդավարների, իսկ «Երեւան» հյուրանոցը, որի միայն ընդունարանում տասնյակից ավելի աշխատող է պտտվում, պետք է ընդհանրապես սպասավորներ, շվեյցարներ եւ խոհարարներ չունենար:
Մյուս հյուրանոցներն էլ սոցվճարումներ կատարելու առումով, ըստ էության, չեն փայլում: Օրինակ՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրը ցույց է տվել, թե ունի 303 աշխատող եւ այնքան փոքր աշխատավարձի չափ է ներկայացրել, որ ողջ 2006-ի ընթացքում վճարել է ընդամենը 63 մլն դրամ սոցվճար: Իսկ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը կամ Երեւանի բժշկական հենակետային քոլեջը, որոնք 100-ից էլ քիչ աշխատող են ցույց տվել, ավելի շատ սոցվճար են կատարել: «Արմենիա» հյուրանոցից եռակի շատ սոցիալական ապահովագրության վճար է կատարել նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիան:
Արմավիրի պոլիկլինիկան մի քանի միլիոնով ավելի շատ սոցվճար է կատարել, քան «Դարոյինք» հսկայական արտադրամասը, որը 27 մլն դրամ էլ սոցիալական ապահովագրության հիմնադրամին չի փոխանցել:
Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ», «Մուլտի Լեոն», «Մուլտի Գազ» ընկերություններն ընդհանրապես ապահովադիրների ցանկում չկան: Թեեւ միայն «Մուլտի գրուպի» կաթնամթերքի արտադրամասում մեծ թվով մարդիկ են աշխատում, սակայն սոցվճարներ ավելի շատ կատարել են Նոր Խարբերդ գյուղի «Դիատոմիտ» գիտաարտադրական հիմնարկը, «Հայջրնախագիծ» ինստիտուտը, «Շիրակջրմուղկոյուղին» կամ Երեւանի քաղաքապետարանի էլեկտրատրանսպորտը:
Ապահովադիրների ցանկում չկան նաեւ «Ռանօյլ», «Սոկոլօյլ» եւ «Արսօյլ» վառելիքի ներկրման խոշոր ընկերությունները, թեեւ մայրաքաղաքում ամեն քայլափոխի լիցքավորման կետ ունեն, ամեն մեկը՝ տասնյակից ավելի աշխատողներով: