Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում (ԼԿԻ) ամփոփվեցին հեռարձակվող լրատվամիջոցների տասնօրյա մոնիթորինգի արդյունքները:
Այն վերաբերում էր հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվող լուրերին, քաղաքական, զվարճալի-ժամանցային ծրագրերում քաղաքական գործիչների մասնակցությանը եւ նրանց առնչվող իրադարձությունների լուսաբանմանը՝ նախընտրական շրջանում: Մոնիթորինգի են ենթարկվել չորս՝ «Հանրային», «Շանթ», «ԱԼՄ», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները եւ երկու ռադիոընկերություն՝ Հանրային ռադիոն եւ «Ազատություն» ռադիոկայանը: «Մենք հաշվել ենք այն ժամանակը, որ հատկացվել է այս կամ այն քաղաքական գործչին ու կուսակցությանը: Ուշադրություն ենք դարձրել նաեւ լուսաբանման բովանդակությանն ու տոնայնությանը»,- ասաց ԵԽ փորձագետ Դեյվիդ Վորդը:
Մոնիթորինգի ղեկավար, փորձագետ Նինա Իսկանդարյանն էլ փաստեց, որ լրատվամիջոցներից մի քանիսը ցուցաբերել են որոշակի միտումնավորություն եւ նախապատվությունն ակնհայտորեն տվել որոշ կուսակցությունների եւ քաղաքական գործիչների: Նորությունների լուսաբանման ժամանակ, ըստ Ն. Իսկանդարյանի, քաղաքական գործիչներին անդրադառնալը հավասարակշռված է եղել, բացառությամբ «Հայլուրի». «Հ1-ի նորությունների 75%-ը վերաբերում էր իշխող կոալիցիայի անդամ ուժերին, իսկ ընդամենը 25%-ը՝ ընդդիմությանը եւ մյուս ուժերին: Իսկ Հանրային ռադիոյի լուրերում կոալիցիայի մաս չկազմող կուսակցություններին հատկացվող ժամանակն ավելին էր, քան մաս կազմողներինը»: «Հայլուրը» մինչեւ քարոզարշավը կարող է ջանքեր գործադրել, որպեսզի լուրերի ընթացքում լուսաբանումը դառնա ավելի հավասարակշիռ»,- ասաց Ն. Իսկանդարյանը: Բանախոսը նշեց, որ «Երկիր մեդիան» եւ «Շանթը» հիմնականում հավասարակշռված տեղեկատվություն են տվել, իսկ «Ազատություն» ռադիոկայանը իշխող կոալիցիայի անդամ չհանդիսացող կուսակցությունների լուսաբանմանը ավելի շատ ժամանակ է տրամադրել (63%), քան մաս կազմողներինը (37%):
«ԱԼՄ»-ի պարագայում, ըստ Ն. Իսկանդարյանի, չնայած հիմնականում լուսաբանվել են կոալիցիայի անդամ չհանդիսացող կուսակցությունները եւ մեծ տեղ է հատկացվել Ժողովրդական կուսակցությանը՝ թե՛ լուրերում, թե՛ առանձին հաղորդումներում, ինչը պայմանավորված է հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի հաղորդավար լինելով: Ն. Իսկանդարյանի ներկայացմամբ՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից 2 շաբաթ առաջ եւ ողջ ընթացքում եւս լինելու են նմանատիպ հետազոտություններ: