Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ից հեռանում են կուսակցության փոխնախագահնե՞րը

Փետրվար 19,2007 00:00

Նրանք դժգոհ են «Օրինաց երկրի» համամասնական ցանկում իրենց հատկացված տեղերից

Պարբերաբար լուրեր են տարածվում, թե «Օրինաց երկիր» կուսակցությունից սպասվում է արտահոսքի երկրորդ փուլը: Որպես կանոն, տրվում են նույն անունները՝ ՕԵԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյան, պատգամավորներ Վռամ Գյուլզադյան եւ Գագիկ Ավետյան: Սակայն այս անգամ նրանց հեռանալը, ըստ հրապարակված լուրերի՝ պայմանավորված է կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ ծագած տարաձայնություններով: Եվ մասնավորապես, ՕԵԿ քաղաքական խորհրդի անդամ Գագիկ Ավետյանը, ըստ մամուլի մի հրապարակման՝ ընդհանրապես չկա ՕԵԿ-ի համամասնական ցուցակում, քանի որ նա Արթուր Բաղդասարյանի «աչքի գրողն» է: Գագիկ Ավետյանը մեր զրույցի ընթացքում հերքեց. «Այդ լուրերը բացարձակապե՛ս չեն համապատասխանում իրականությանը: Բազմիցս են եղել նման հրապարակումներ, բայց ես միշտ էլ ասել եմ, որ ես երբեւիցե նպատակ չեմ ունեցել լքել «Օրինաց երկրի» շարքերը»:

Սամվել Բալասանյանի հեռացումը, ըստ նույն լուրերի՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ Արթուր Բաղդասարյանը նրան ասել է, որ եթե մտադիր է առաջադրվել մեծամասնականով, ապա պետք է ապավինի բացառապես սեփական ուժերին: Իսկ Վռամ Գյուլզադյանին ՀՀԿ-ն խոստացել է նշանակել սոցապ հիմնադրամի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավար: Այս երկու պատգամավորների հետ չհաջողվեց զրուցել՝ ռադիոծածկույթից դուրս էին: Նրանց փոխարեն ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հերքեց. «Այս ամենն ակնհայտ ապատեղեկատվություն է: Ե՛վ պրն Բալասանյանը, ե՛ւ պրն Գյուլզադյանը մեր ակտիվ կուսակցականներն ու նվիրյալներն են եղել, ու վստահորեն փաստում եմ՝ այդպիսին էլ շարունակում են մնալ: Վստահաբար եմ հերքում, առանց վարանելու»: Հիշատակեց, որ վերջերս Գյումրիում հանդիպում են ունեցել, եւ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, թե պաշտպանելու են տարածաշրջանում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող իրենց թեկնածուներին:

Հովհաննես Մարգարյանը նաեւ նշեց. «Այս պահին ընդհանրապես ՕԵԿ վարչությունում եւ քաղխորհրդում չի քննարկվել ցուցակի հարցը: Այն քննարկելու ենք առաջիկա համագումարից առաջ: Համագումարը մոտ օրերս անպայման լինելու է. օրը կորոշենք պրն Բաղդասարյանի վերադարձից հետո»: Համագումարն ընտրական է լինելու եւ, բնականաբար, պիտի առաջադրվեն փոխնախագահների թեկնածություններ:

Արդյոք ՕԵԿ ներկայիս փոխնախագահներից երկուսը՝ Գագիկ Մխեյանը եւ Գագիկ Ասլանյանը մնալո՞ւ են իրենց պաշտոններում: Եվ ընդհանրապես՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, թե նրանք արդեն իսկ տեղյակ են, որ իրենց համար տեղ է նախասահմանված ՕԵԿ ցուցակի ոչ անցողիկ մասում: Ուստի եւ պատրաստվում են լքել «Օրինաց երկիրը»՝ Գագիկ Մխեյանն անհատապես, իսկ Գագիկ Ասլանյանը՝ այն թիմով, որ իր հետ բերել էր ԺԴԿ-ից, իսկ ավելի վաղ՝ ՀԺԿ-ից: Ահա այստեղ էլ մենք կարող ենք վստահորեն փաստել, որ «ծուխն առանց կրակի չէ»: Մի ապացույցը մեր փորձերն էին այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ Գագիկ Մխեյանից: Փետրվարի 13-ին նրան ուղղված՝ ՕԵԿ-ից դուրս գալու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ պրն Մխեյանը չհերքեց, սակայն ասաց, թե կպատասխանի հաջորդ օրը: Փետրվարի 14-ին ասաց, թե կպատասխանի 2 օրից: Իսկ երեկ արդեն Մխեյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Կարելի է եզրակացնել, որ կուսակցության փոխնախագահները ժամանակ են ձգում, մինչ Արթուր Բաղդասարյանը կվերադառնա արտասահմանից, վերջնականապես կհստակեցվի ցուցակը: Եվ այդ ժամանակ, ըստ ամենայնի՝ ականատես կդառնանք ՕԵԿ-ից մի նոր արտահոսքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել